Սեյրան Օհանյանը գուցե ակտիվանա

Սեյրան Օհանյանը գուցե ակտիվանա

Սեյրան Օհանյանի տիկնոջ ֆեյսբուքյան ակտիվության հետեւում ոմանք ամուսնու «ականջները» տեսան, կանխատեսումներ հնչեցին պաշտպանության նախկին նախարարի հնարավոր ակտիվացման մասին։ «Սեյրան Օհանյանի՝ քաղաքականության մեջ լինելու կամ չլինելու, իր պայքարի հետագա ձեւի մասին կբարձրաձայնի ինքն անձամբ: Իսկ հեղափոխությունները կլինեն գարնանը թե աշնանը... եւ ընդհանրապես՝ կլինեն կամ չեն լինի, ես չեմ կարող կանխատեսել»,- իր էջում գրել էր Ռուզաննա Խաչատրյանը։ Մեզ տեղեկություններ են հասել, որ ազատամարտիկների մի խումբ շարունակում է քննարկել նոր միավորում ստեղծելու եւ Օհանյանին հետընտրական սթրեսից հանելու հարցը, սակայն պաշտպանության նախկին փոխնախարար, ՕՐՕ դաշինքի համակիր Գագիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցով քննարկում չեն ունեցել․ «Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ենք հինգ ամիս առաջ ու էլ չենք հանդիպել»։



- Իսկ առաջիկայում հնարավո՞ր է նորից ակտիվանաք։



- Չեմ կարծում, մինչեւ քաղաքական դաշտը չպարզվի, դժվար ինչ-որ բան լինի։ Քաղաքական դաշտ չկա, ձեւավորված չէ, կա մենակ իշխանություն ու վերջ։



- Կա նաեւ խորհրդարանական ընդդիմություն, փոխարենը արտախորհրդարանական ուժերն են ընդհատակ անցել։



- Մինչեւ ժողովուրդը ոտքի չկանգնի, փողոց դուրս չգա, ոչ մի բան էլ չի լինելու, ինչո՞ւ հելնեն արտախորհրդարանական ուժերը։



- Պիտի նաեւ ժողովրդին առաջնորդողներ լինեն։ Չէ՞ որ ժողովուրդը նախընտրական հանդիպումների ժամանակ կանգնում էր ձեր կողքին։



- Կանգնում էին, այո, բայց արդեն էլ չեն կանգնում։ Ժողովուրդը չի հավատում ոչ ոքի, ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը։ Ինքը համոզված է, որ ընդդիմությունը չի կարող մինչեւ վերջ գնալ, իշխանությունն էլ մնում է իշխանություն։



- Իսկ հինգ ամիս առաջ հանդիպման ժամանակ ի՞նչ էիք քննարկում։



- Դե, պարզ էր ամեն ինչ, գիտեինք՝ ինչ որ կատարվեց, կատարվեց, ժողովուրդը գնաց փողի հետեւից, եւ վերջ։



- Այսինքն՝ պարտության պատճառներն էիք քննարկում։



- Այո, եւ ամեն ինչ պարզ էր։



- Այդ ժամանակ Սեյրան Օհանյանն ասա՞ց, որ էլ քաղաքական հավակնություններ չունի, կամ քննարկե՞ց հետագա անելիքները։



- Չգիտեմ, դա պետք է Սեյրան Օհանյանից հարցնեք։



- Դուք իր թիմի՞ց չեք։



- Թիմ հասկացողություն ի սկզբանե չի եղել, մենք եղել ենք մեր թիմում, ուղղակի աջակցել ենք ՕՐՕ-ին, հիմի ամեն մեկն իր ճանապարհով է գնում, մենք էլ՝ մեր ճանապարհով։ «Ազատամարտիկների դաշինքը» հիմա զբաղված է զոհված ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներով։



- Ի՞նչ եք անում։



- Ամեն ինչ։



- Որոշել եք այլեւս չխառնվե՞լ քաղաքականությանը։



- Ապագան ցույց կտա։



- Ի՞նչ պետք է լինի, որ ազատամարտիկները նորից ակտիվանան, երկրում սոցիալական վիճակը չի փոխվել, ամեն ինչ նույնն է, դրան գումարած՝ քաղաքական գործընթացներն էլ սահուն չեն, 2018-ին վարչապետի հարց կա եւ այլն։



- Երկիրը հիմի էլ Սերժ Սարգսյանն է ղեկավարում, եկող տարի էլ ՀՀԿ-ն է շարունակելու ղեկավարել, ավելի լավ չէ՞, որ 2018-ից հետո էլ Սերժ Սարգսյանն իր վրա վերցնի պատասխանատվությունը, վարչապետ դառնա։



- Ի՞նչ պետք է լինի, որ ազատամարտիկները ոտքի կանգնեն, ընդվզեն։



- Ոչ մի բան, մենակ պատերազմի դեպքում։



- Սերժ Սարգսյանն օրերս հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի լուծումը ցավոտ է լինելու, փոխզիջումային տարբերակով։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հայտարարությունը։



- Կգա ժամանակ, եւ ցավոտ-անցավոտ՝ կերեւա։ Իհարկե, փոխզիջումներ պետք է լինեն, բայց ո՛չ պարտվողի դիրքերից, պետք է մի բան տալուց համարժեք բան ստանաս, պետք է Արցախի կարգավիճակի հարցը լուծվի, անվտանգությունը եւ այլն։



- Սեյրան Օհանյանի կինը վերջին օրերին ֆեյսբուքյան գրոհ է սկսել դասալիք պաշտոնյաների դեմ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ գրառումներին, ո՞վ է, Ձեր կարծիքով, նրա «հերոսը»։



- Ես տեղյակ չեմ այդ մասին բացարձակապես։



- Նա խոսում է բանակից խուսափած ներկայիս պաշտոնյաների մասին, ոմանք այդ գրառումների հետեւում Սեյրան Օհանյանին են տեսնում, կանխատեսում նրա ակտիվանալու հեռանկարը։



- Գուցե ակտիվանա, բայց ես չգիտեմ այդ մասին։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ