Մարզպետների չարաճճիությունը՝ լիազորությունների կրճատումից առաջ

Մարզպետների չարաճճիությունը՝ լիազորությունների կրճատումից առաջ

Երեկ խորհրդարան ժամանած մարզպետների շրջանում խինդ եւ ուրախություն էր թեւածում, պատճառը, թերեւս, ընդդիմության բացակայությունն էր, որի արդյունքում մարզպետաց դասը թուլացել ու հաճույք էր ստանում։ Տարածքային կառավարման եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում
2018 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում նախատեսված էր մարզերին ու մարզպետարաններին վերաբերող հատվածի ֆինանսավորման հարցերի քննարկում։ Քննարկման ավարտին մարզպետների շարքում առանձնակի աշխուժություն բարձրացավ։ Երբ հերթը հասավ նրանց ղեկավարած համայնքներին հատկացվող բյուջեի ներկայացմանը, մարզպետները, օգտվելով ստեղծված իրավիճակից, բառացիորեն հաշված վայրկյաններ տեւող ելույթներ ունեցան՝ հնչեցնելով հաջորդ տարվա բյուջեով իրենց մարզին հատկացվող գումարի չափը, մի քանի ոլորտային հատկացումներ, եւ շտապ նստեցին իրենց տեղերը։



Նիստին ընդդիմությունից ներկա էր միայն «Ծառուկյան դաշինքը»։ Քննարկմանը ներկա հատուկենտ պատգամավորների անհաղորդ վիճակը, հարցերի բացակայությունը, ի վերջո, տաղտկալի դարձավ նույնիսկ մարզպետների համար։ Հաշվետվության կեսից նրանցից ոմանք սեփական նախաձեռնությամբ որոշեցին լցնել ընդդիմության դատարկ տեղը եւ տեղերից գործընկերների ելույթներից հետո ռեպլիկներ էին թողնում։ «Իսկ գո՞հ ես քո մարզին հատկացված գումարներից, թե՞ դժգոհություններ ունես»,- գործընկերոջը հարցնում էր մարզպետներից մեկը։ Մյուսներն էլ, դրանից ոգեւորված, ինչ-որ բաներ էին քրթմնջում քթի տակ, հետո անբռնազբոս հումորներ անում՝ ասես համադասարանցիների հավաքի էին մասնակցում։ Այդ ընթացքում միայն մտահոգ ու լուրջ էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, որը ելույթ ունեցավ ամենավերջում։ Իսկ մինչ այդ խորասուզվել էր իր առջեւ դրված «շպարգալկայի» մեջ ու կիսաձայն կրկնում էր այն տեքստը, որը պետք է քիչ անց բարձրաձայներ։ Գերազանցիկ մարզպետը, որի ելույթն ամենաերկարն էր, վերջում անգամ շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ Տավուշին հատկացրած բյուջեի համար։ Մարզպետների ուրախությունը, սակայն, մի բանի մասին է խոսում՝ նրանք թերեւս տեղյակ չեն, թե իրենց ինչ է սպասվում, քանզի չի բացառվում, որ խորհրդարան հաջորդ այցի ժամանակ նրանք չունենան այսօրվա լիազորություններն ու իրենց այդքան լավ չզգան, որքան հիմա։ Չնայած տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն ի պատասխան Միքայել Մելքումյանի հարցին, թե, ի վերջո, մարզերի խոշորացում եւ մարզպետների ինստիտուտի վերացում սպասվո՞ւմ է, հասցրել էր գուժել մարզպետների լիազորությունների սահմանափակման մասին։



«Մարզպետարաններ պետք է ունենանք։ Փաստ է, որ մենք տարածքային կառավարում պետք է ունենանք»,- մարզպետներին իր դեմ չտրամադրելու համար այսպես սկսեց իր ելույթը Լոքյանը, սակայն շարունակությունը մխիթարական չէր մարզպետների համար։ «Եթե խորանում ենք այսօրվա մեր մարզպետարանների իրավասությունների մեջ, տեսնում ենք, որ ՀՀ-ում ցանկացած խնդրի համար մարզպետին են հանձնարարություն տալիս ու իրենցից պահանջում, բայց իրենք շատ փոքր իրավասություններ ունեն: Բավական է հինգ խելացի համայնքապետ ունենանք, երկու խելացի նախարար ունենանք, մարզպետները շատ փոքր գործառույթներ կունենան իրենց տիրույթներում։ Աշխարհի փորձը մանրամասն ուսումնասիրել ենք, եւ կառավարություն է մտել հայեցակարգ, թե ինչպիսին պետք է լինի տարածքային կառավարումը մարզերում»,- մանրամասնեց Լոքյանը։



Նախարարն ասաց, որ հայեցակարգով նախատեսված է մարզպետարաններին տալ տնտեսական զարգացման լիազորություններն ամբողջությամբ, իրենք ունենալու են հիմնադրամ, որի մեջ լինելու են զարգացման վարչությունը, ՓՄՁ-ի մարզային ենթակառուցվածքներ, որոնք կենթարկվեն ուղղակի մարզպետներին:
Նախարարի խոսքով՝ մյուս լիազորությունները, որ մարզպետներն ունեն այսօր՝ կրթություն, սոցիալական ոլորտ, առողջապահություն, պահպանվելու են, բայց նպաստների խնդիրը, օրինակ, կտեղափոխեն խոշորացված համայնքներ. ներհամայնքային ճանապարհները, անասնաբուժությունը եւս կտրվեն խոշորացված համայնքներին։



«Կրթական համակարգում, օրինակ՝ շենքերի պահպանման հարցը կլինի համայնքի ղեկավարների լիազորությունը: Մարզպետին կից ստեղծվում է մարզի խորհուրդը, որի մեջ մտնում են խոշորացված համայնքների ղեկավարները, որոնք հիմնական հավասարակշռող ուժն են լինելու, որպեսզի հիմնադրամի միջոցները մարզպետը հավասարաչափ կամ մրցութային սկզբունքով բաշխի տնտեսական ծրագրերի համար»,- ասաց նա: Հայեցակարգը, հիշեցնենք, դեռ քննարկման փուլում է:



ՀԳ․ Դավիթ Լոքյանից հետո Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը մոտեցավ խոսափողին ու ներկայացրեց եկող տարվա բյուջեով նախատեսված ծրագրերը: Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն ավանդաբար մասնակցում էր տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստին, որպեսզի հարցներ` իսկ ինչո՞ւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի հարգում պատգամավորներին եւ չի ներկայանում բյուջետային քննարկումներին, ապա այս անգամ նույնիսկ այդ հարցը չհնչեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ «Ելքից» որեւէ այլ պատգամավոր նիստին ներկա չէին։



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ