Իշխանական պատգամավորի ընդդիմադիր հարցերը՝ ԱԻ նախարարին (տեսանյութ, ֆոտոշարք)

Իշխանական պատգամավորի ընդդիմադիր հարցերը՝ ԱԻ նախարարին (տեսանյութ, ֆոտոշարք)

Ազգային ժողովի Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի իրենց հատվածը։ Քննարկմանը ընդամենը վեց պատգամավոր է ներկա, որոնցից հինգը՝ իշխանական։ Միակ ընդդիմադիրը Էդմոն Մարուքյանն է, որը դեռևս լուռ նստած է, որևէ հարց չի տալիս։ «Ընդդիմությունից» հարց տվողները իշխանական պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Ալիկ Սարգսյանն են։ Հատկապես ուշագրավ էր նախկին ոստիկանապես Ալիկ Սարգսյանի հարցադրումը, որը ավելի քան ընդդիմադիր էր՝ հատկապես իշխանական դիրքերից։



Նա հարցի շրջանակներում բավականին ծավալուն ու քննադատական ելույթ ունեցավ՝ իր մտահոգությունն արտահայտելով ԱԻՆ-ին հատկացվող քիչ գումարների վերաբերյալ։
«Ինձ շատ մտահոգեց էն բոլոր թվերը, որ Դուք հնչեցրիք, բոլոր թվերի մեջ էս տարվա Արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական ներգարավվածությունը նվազել է բազմաթիվ միլիոններով։ Բացի բյուջեի սուղ լինելուց, ուրիշ ի՞նչ պատճառ կարող էր հանդիսանալ, որ էդ գերակա, ամենակարևոր ուրղղությունն էսօր կարծես թե անտեսվում է ու մնացել է ետին պլանում։ Դուք մտավախություն չունե՞ք, որ էս ֆինանսավորմամբ և էս տեմպերով նախարարությունը հետընթաց կապրի։ Ինչի՞ ենք սպասում, որ անպայման ֆորսմաժորային մի վիճակ ստեղծվի և պահուստային ֆոնդից, չգիտեմ, մինչժամկետային ծախսերից հատուկ գումարներ նախատեսվի, որպեսզի էդ վիճակը շտկե՞նք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։



Նրա կարծիքով՝ սա ամենակարևոր ոլորտն է, և այդ պակաս ֆինանսավորման համար ինքը շատ մտահոգված է։ Սարգսյանն անդրադարձավ նաև նախարարության պահպանման ծախսերին՝ նշելով․ «Ես հասկացա աշխատավարձերը, ես հասկացա մնացած ծախսերը, ամեն ինչ հասկացա։ Հիմնականը, հիմա կպատճառաբանեք բյուջեի սուղ լինելը։ Ես հասկանում եմ։ Իսկ պահպանման ծախսերն ո՞վ պիտի կատարի։ Դուք ամեն տարի ինչ-որ գույք եք ստանում, տեխնիկայով թարմացնում եք ձեր կառույցը և այլն, դրանք ո՞նց եք պահպանելու էդ գումարներով։ Եվ առանձնապես չլսեցի, արտակարգ իրավիճակների նախարարությունը բացի Ձեր նշած էդ գումարներից, ուրիշ մի տեղից գումարներ ունի՞, որ ինքը կարողանա եկամուտ ստեղծել, որպեսզի այս հարցերը կարողանա ժամանակի ընթացքում լուծել և բյուջեի վրա ավելորդ ծանրություն չբերել։ Առայժմ ես դա չտեսա։ Մենակ կրճատումներով չեմ կարծում, թե մենք էդ հարցը կլուծենք։ Այնուամենայնիվ, իմ մտահոգությունը հայտնում եմ այն մասով, որ նույնիսկ չնշվեց աշխատակիցների կոմունալ սոցիալական իրավիճակի բարելավման, աշխատավարձի բարձրացման մասին, ոչ մի բան նախատեսված չի ձեր նախագծով։ Էսպես ո՞նց ենք նախարարությունը պահելու և զարգացնելու։ Արդյոք ֆինանսավորումը կրճատելով մենք կարո՞ղ ենք վաղը մեր նպատակը իրականացնել»,- ասաց պատգամավորը։



Արձագանքելով Ալիկ Սարգսյանի մտահոգություններին ու բարձրացրած խնդիրներին՝ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ասաց․ «Իրականում կրճատումը, որը որ իրականացվել է, մեզ համար որոշակի խնդիրներ չի ստեղծելու, որովհետև ես, ինչպես նշեցի, փրկարար ծառայության պահպանման ծախսերը պահպանվել են։ Մենք օպտիմալացման միջոցով ՊՈԱԿ-ների թվաքականի, անձնակազմի նվազեցման առումով կպահպանենք խնդիրները։ Բացի այդ, բացի մեր տեխնիկական անվտանգության փորձաքննության կենտրոնից, նաև հիդրոմետ ծառայությունն ու սեյսմիկ ծառայությունը ևս իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն, որոշակի բարելավումներ կլինեն այդ ուղղությամբ։ Իրականում բավականին մեծ քանակությամբ տեխնիկական միջոցները, որոնք մենք ստանալու ենք միջազգային համագործակցության շրջանակներում, պահանջելու են փոփոխություն պահպանման ծախսերում, որը որ 2019 թվականին աշխատելու ենք ամեն ինչ անել, որ բյուջեում ներառված լինեն»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ