Անտեր կնիկ եմ, դրա համար էլ բանի տեղ չեն դնում

Անտեր կնիկ եմ, դրա համար էլ բանի տեղ չեն դնում

Նորապատի Սիլիկյան 9 շենքի հրդեհից տուժած 11 ընտանիքներից մեկն ազգությամբ եզդի է: Մյուսների պես կրակը նրանց ունեցվածքն էլ է մոխրացրել: Դրսում հայտնված ընտանիքը գովեստի խոսքեր չի խնայում հայ հասարակությանը՝ իրենց օգնության ձեռք մեկնելու համար: Իսկ ինչ վերաբերում է եզդիներին, Ղասոյանների ասելիքը լուտանքներով սկսվում՝ լուտանքներով էլ ավարտվում է:



«Բա դրանք ամոթ-աբուռ ունե՞ն, հեսա 10 օրը կլրանա, որ էս զուլումը թափվել ա գլխներիս, բայց ո՛չ գալիս են, ո՛չ հետաքրքրվում: Չեն ասում՝ եղած-չեղած՝ մի եզդի ընտանիք ա, գնանք իմանանք՝ ինչո՞վ կարանք օգնենք: Էս շոր ու կոշիկն էլ, որ հագնում ենք, հարեւան շենքավորն ա տվել»,- ասում է ընտանիքի մայրը՝ Գյուլիզար Ղասոյանը:
Ղասոյան ընտանիքում երեք հոգի են՝ տիկին Գյուլիզարը, արցախյան պատերազմի հաշմանդամ որդին՝ Խոդեդան, ու նրա 20-ամյա որդին: Վերջինս նաեւ էպիլեպսիայով է տառապում: «Շաբաթվա 5 օրը հիվանդ ա: Օրը մի քանի անգամ շտապօգնություն ենք կանչում»,- ասում է տիկին Գյուլիզարը՝ վիրավորված ազգակիցների անտարբերությունից:
«Անտեր կնիկ եմ, դրա համար էլ բանի տեղ չեն դնում: Թող հարուստ լինեի, գլխիս էլ տղամարդ ունենայի, վազելով կգային, ոտ ու ձեռս կպաչեին… Հայերի հողը դրանց անթասիբ գլխին»,- ասաց նա:



Տիկին Գյուլիզարը հարեւանների օգնությամբ դիմել է եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանին՝ խնդրելով, որ կոչով դիմի ազգակիցներին, որպեսզի օգնեն իրենց: Թամոյանն ասել է, թե վատառողջ է: «Երբ զանգում ենք, ասում է՝ հիվանդանոցում սիստեմաների տակ եմ»,- ասաց Գյուլիզարի հարեւանուհին՝ տիկին Գեղեցիկը:
Թամոյանից որեւէ ակնկալիք չունենալով՝ ընչազուրկ դարձած ընտանիքն ու նրա հարեւանները փորձում են լրատվամիջոցներով գրավել եզդիների ուշադրությունը: «Եթե թասիբ չունեն, գոնե խիղճ ունենան»,- ասացին:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ