Գովազդային վահանակը էնքան ուժեղ լույս ա տալիս, ոնց որ հրավառություն լիներ․ բնակիչները դիմել են «ԵԼՔ»-ին

Գովազդային վահանակը էնքան ուժեղ լույս ա տալիս, ոնց որ հրավառություն լիներ․ բնակիչները դիմել են «ԵԼՔ»-ին

Մեզ հասած տեղեկություններով՝ Ամիրյան–Մաշտոց պողոտա խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչները բողոքով դիմել են Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը նույն խաչմերուկում գտնվող գովազդային վահանակներից գովազդը հանելու խնդրով։ Բանն այն է, որ վահանակների արձակած լույսը չափազանց պայծառ է ու խանգարում է ոչ միայն բնակիչներին, այլև երթևեկությանը։ Բնակիչներից մեկի խոսքով՝ լույսի պայծառության պատճառով գիշերը չեն կարողանում քնել։ «Էնքան ուժեղ լույս ա տալիս, որ ինձ թվաց, թե լույսն արդեն բացվելա կամ ոնց որ հրավառություն լիներ»,-մեզ հետ զրույցում ասաց տարածքում ապրող բնակիչներից մեկը։



Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ վահանակները պետք է անջատված լինեին, բայց մեր պնդմանն ի պատասխան, որ վահանակները աշխատում են, վերջինս ասաց, որ պետք է սարք տեղադրվեր, որը կնվազեցներ վահանակների լուսավորությունը։ «Մենք գովազդը հանելու հարց չենք բարձրացրել, քանի որ բոլոր փաստաթղթերը օրինական են։ Նախկինում այդտեղ նույնպես գովազդ է եղել, ճիշտ է՝ոչ էլեկտրոնային։Այսինքն՝ օրենսդրական առումով ամեն ինչ կարգին է, օրենքի խախտում չկա։ Կենտրոնի թաղապետարանը ընդառաջեց, դիմեցին ընկերությանը՝ խնդրելով անջատել այնքան ժամանակ, մինչև որ սարքը կտեղադրվի։ Ուրեմն՝ փաստորեն միացրել են։ Մենք հետևողական ենք լինելու խնդրի լուծմանը»։ Խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ փորձեցինք քաղաքապետարանից տեղեկանալ,սակայն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ պահանջելով գրավոր հարցում ուղարկել։ Քաղաքապետարանից պատասխան ստանալուն պես այն կհրապարակենք։



Կորյուն Սիմոնյան