«Թուֆենկյանի» մոտ վիրավորված Վահագն Աբգարյանի վիճակը ծանր է․ գլխավոր բժիշկ

«Թուֆենկյանի» մոտ վիրավորված Վահագն Աբգարյանի վիճակը ծանր է․ գլխավոր բժիշկ

Այսօր կեսօրին, Երեւանի կենտրոնում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների հետեւանքով վիրավոր Վահագն Աբգարյանի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու ակնկալիքով այցելեցինք «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Կենտրոնի աշխատակիցները ստույգ պատասխան չտվեցին, թե ինչպիսին է Վահագն Աբգարյանի առողջական վիճակը, ովքեր են նրան այցելել, ասացին, որ նրան հետազոտելուց հետո տարել են վիրահատության, իսկ նրա մասին տեղեկություններ կարող է տրամադրել միայն գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։ Ռոբերտ Կուրղինյանն էլ կարողացավ մեր եւ Factor.am-ի հարցերին պատասխանել տեւական ժամանակ անց, երբ ավարտվել էր վիրահատությունը։



«Ժամը 13․55 մեզ մոտ են բերել տուժածին՝ Աբգարյան Վահագնին, ծնված 1978թ․, որի մարմնի վրա, կրծքավանդակի աջ հատվածում, վեցերորդ կողի մակարդակով նկարագրվում է երկու վերք։ Մենք ստուգել ենք, այն չի թափանցում խորը, գնում է կողի վրայով։ Հիմնական ավերվածություն եւ վիրավորում մենք հայտնաբերել ենք արմունկային հոդի շրջանում, որտեղ կան բավականին վնասվածքներ։ Բոլոր հետազոտությունները, ռենտգեն հետազոտությունները ցույց տվեցին նաեւ, որ առկա է նաեւ ոսկրերի ամբողջականության խախտում, ինչից հետո էլ հիվանդին անմիջապես տարել ենք վիրահատարան։ Այն երկու վերքը, որ կա կրծքավանդակի վրա, չի թափանցում կրծքավանդակ, գնում է կողի վրայով, այն մշակվել եւ դրենավորվել է։ Իսկ արմնկային հոդի շրջանի վերքի վրա աշխատել են մեր միկրոխիրուրգները եւ տրավմատալոգները։ Իսկ այդտեղ առկա է բազուկ-ոսկրի վերհոդային եւ վերկոճային կոտրվածք՝ բեկորով, այդ բեկորը ֆիքսվել է մետաղական շյուղի օգնությամբ։ Առկա է առանց տեղաշարժի ճաճանչի կոտրվածք, որը նույնպես ֆիքսվել է, առկա է ծղիկային ներվի ամբողջականության ընդհատում, որը մեր միկրովիրաբույժները վերականգնել են, առկա է նաեւ մակերեսային ներվերի անոթների եւ մկանների ամբողջականության խախտում»,- ասաց գլխավոր բժիշկը։ Նա տեղեկացրեց, որ այդ պահին հիվանդը գտնվում է նարկոզի տակ եւ նրան արթնացնում են։ Իսկ դրանից հետո էլ, ըստ գլխավոր բժշկի, համապատասխան մասնագետները որոշում կկայացնեն՝ տեղափոխե՞ն նրան վերակենդանացման բաժանմունք, թե՞ ոչ։



Հարցին, թե Վահագն Աբգարյանի կյանքին սպառնո՞ւմ է վտանգ, գլխավոր բժիշկն ասաց․ «Ցանկացած վիրավորում կյանքի համար համարվում է վտանգավոր։ Պարզապես կան սպառնալիքներ, որոնք անմիջական են, ասենք՝ կապված սրտի, լյարդի, փայծաղի վիրավորման հետ, որոնց արյունահոսությունը կամ աբողջականության խախտումը կարող են րոպեների ընթացքում սպառնալիք առաջացնել կյանքի համար։ Նման երեւույթ չկա այստեղ, բոլոր դեպքերում հիվանդի վիճակը գնահատում ենք ծանր, կայուն, բայց ելնելով նրա տարիքից, առողջ օրգանիզմից, վիրահատությունից, հույս ունենք, որ հետվիրահատական շրջանը կընթանա հարթ։ Մենք ունենք լուրջ վտանգներ հետվիրահատական շրջանում, որը կապված է անոթակյաց վարակի հետ եւ կլինեն հակագանգրենոզ շիճուկային ներարկումներ։ Այդ ամենը մենք աշխատում ենք կանխել»։ Թե ինչպիսի արձագանք կտա օրգանիզմը՝ գլխավոր բժիշկն ասաց, որ դա կերեւա 2-3 օրվա ընթացքում։



Թագուհի Հակոբյան