Ինչո՞ւ են Սահակ Մինասյանի դեմ դուրս եկել ընտրություններին նրա համար աշխատած ուսանողներն ու դասախոսները

Ինչո՞ւ են Սահակ Մինասյանի դեմ դուրս եկել ընտրություններին նրա համար աշխատած ուսանողներն ու դասախոսները

Շիրակի պետական համալսարանում անժամկետ դասադուլ է: Համալսարանի մի քանի ֆակուլտետի ուսանողներ հայտարարում են, որ շարունակելու են դասադուլն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջներին լուծում չտրվի: Իսկ այդ պահանջները կարծես բարձրացրին միանգամից, երբ բուհի 2 դասախոսներ ընդվզեցին ու բաց նամակ հղեցին երկրի նախագահին եւ վարչապետին՝ ներկայացնելով, թե ինչ անարխիա է տիրում համալսարանում՝ հանձին ռեկտորի: Ինչևէ, ուսանողները պահանջոււմ են վերանայել ուսումնական պլանը, առաջադեմ ուսանողների համար զեղչել վարձավճարները եւ աշխատանքի վերականգնել փիլիսոփայության ամբիոնի վարիչին, ով նամակի համահեղինակներից է եւ պատժվեց դրա համար: «Հետաքրքիրն այն է, որ հիմա Գյումրու ՇՊՀ ռեկտորի դեմ դուրս եկած դասախոսներն ու դասադուլ հայտարարած ուսանողները, իհարկե բացառությամբ ոմանց, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց Սահակ Մինասյանի ու վերջինիս սատարած թեկնածու Արման Սահակյանի համար էին աշխատում» ,-նկատում է «Ժառանգություն» կուսակցության անդամ, խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրված Եղիշե Շարյանը: Հարց է առաջանում՝ փոշմանե՞լ են, ի՞նչ է… : Եղիշե Շարյանը նշում է նաև, որ շատերն այդ ժամանակ պատճառաբանել են, որ եթե չաշխատեն, աշխատանքը կկորցնեն: Ի դեպ, ընտրություններին Սահակ Մինասյանը պատգամավոր Արման Սահակյանի շտաբի ղեկավարն էր: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ռեկտորի թիկունքին հիմա էլ կանգնած է պատգամավորը:



Այսօր դասադուլ հայտարարած ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Ընտրություններին ուսխորհուրդն ամեն ինչ արել է, որպեսզի օգնի ռեկտորին: Ես շատ մանրամասներից տեղյակ չեմ, բայց որ համալսարանի ռեսուրսն օգտագործվել է, միանշանակ»: Ուսանողուհին ցավով նշեց, որ այլևս հաշվի չի առնվում ոչ առաջադիմությունը, ոչ ընտանիքից երկու եւ ավելի ուսանող լինելու հանգամանքը, վարձավճարները ոչ միայն չեն զեղչվում, այլև մեկ օր ուշացնելու դեպքում սև ցուցակում են հայտնվում: Իսկ ահա այս ամբողջ պատմության «մեղավորները»՝ նամակի համահեղինակներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, վստահեցնում են, որ ընտրություններին որևէ մեկի օգտին չեն աշխատել: Նրանց ուզածը, սակայն, անհասկանալի է ոմանց համար: Մեր զրուցակիցը, ով խնդրեց անունը չհրապարակել, ասաց. «Նրանք հին դասախոսներ են, մոռացել են, թե ինչ էր կատարվում բուհում տարիներ առաջ: Մոռացել են, որ ինչպես այս, այնպես էլ նախորդ ռեկտորն իր մարդկանց է տեղ տալիս: Նախկինն էլ դեկան էր նշանակել իր քույրիկին, քենու բարեկամին, թե այն ժամանակ վայելում էին նրա հովանավորությունը, հիմա որոշ արտոնություններից զրկվել են»:



Ուշագրավ է, որ համալսարանի ներկայիս ռեկտոր Սահակ Մինասյանն ստեղծված իրավիճակի հետ կապված առայժմ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Նա միայն հերյուրանք է համարում բաց նամակում շարադրվածը: Հավելենք, որ լուրերի համաձայն՝ այսօր Գյումրի պետք է այցելեր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, որին դասախոսներն ու ուսանողները անհամբեր սպասում էին: Համալսարանի մեր աղբյուրի փոխանցմամբ Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույց է ունեցել Սահակ Մինասյանի հետ՝ հետաձգելով այցը: Իսկ թե ինչ է ասել նախարարը ռեկտորին, առայժմ գաղտնի է, բայց նշենք, որ ռեկտորի ներկայացուցիչը հայտնել է ուսանողներին, թե ամբիոնի վարիչը աշխատանքից դեռ չի ազատվել, ռեկտորը նրա դիմումը չի մակագրել:



Արևիկ Հակոբյան