Ծնողները պահանջում են հետ բերել թիվ 157 մանկապարտեզի ազատված տնօրենին (լուսանկարներ)

Ծնողները պահանջում են հետ բերել թիվ 157 մանկապարտեզի ազատված տնօրենին (լուսանկարներ)

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների թիվ 157 մանկապարտեզի 230 երեխաներն վաղվանից չեն հաճախի մանկապարտեզ։ Նրանց ծնողները կազմակերպում են ստորագրահավաք՝ համարելով, որ մանկապարտեզի տնօրեն Զարա Ադիյանին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապօրինի է ազատել աշխատանքից։ Ստորագրություններն ուղարկվելու են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ծնողներն իրենց փոքրիկներին, նրանց իրերն ու սայլակները գրկած, վրդովված հեռանում էին մանկապարտեզից՝ նշելով, որ իրենք հետեւողական պայքարելու են, որպեսզի տնօրենին վերականգնեն իր նախկին պաշտոնում։ Մանկապարտեզը համարվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ամենամեծ մանկապարտեզը, գործում է մի քանի խմբով։ 



Ծնողներից Անի Սիմոնյանը նշում է, որ իր երկու երեխաներն են հաճախել թիվ 157 մանկապարտեզը, իրենք հպարտացել են այդ մանկապարտեզով։ Եվ հանկարծ տեղեկանում են, որ 2001 թվականից այդ մանկապարտեզը ղեկավարող տնօրենին ազատել են աշխատանքից։ Պատճառն, ըստ նրանց, մի սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի առանց փաստաթղթերի մանկապարտեզ ընդունելն է եղել։
Մեկ այլ ծնող էլ պատմում էր, որ իր երեք երեխաներն են հաճախել այդ մանկապարտեզը։
«Տղաս դպրոց է հաճախել, եւ բոլոր տառերը, մաթեմատիկական գործողությունները գիտեր։ Եվ այդ ամենը մանկապարտեզի շնորհիվ է եղել»,- ասաց մեր զրուցակիցը։
«Մենք մեր երեխաների հետ չենք գալու այս մանկապարտեզը մինչեւ տիկին Զարան հետ չգա։ Նրան հիմնավոր պատճառով չեն ազատել աշխատանքից։ Նա երեխաներին գուրգուրում, սիրում է, սնունդն էլ է լավ, այստեղ մեր երեխաներին տարբեր ճաշատեսակներ են տալիս»,- ասացին մեր զրուցակից ծնողները։



Տնօրեն Զարա Ադիյանը հրաժարվեց լուսանկարվել։ Թե ինչով է պատճառաբանված նրան աշխատանքից ազատելը, մանկապարտեզի ազատված տնօրենը մեզ հետ զրույցում նշեց․ «Մենք կարգադրություն էինք ստացել սեպտեմբերի 1-ին, որ ընդունենք 2012-13թթ․ ծնված բոլոր երեխաներին, որոնք հերթում էին եւ մեր մատյաններում։ Հրավիրել ենք ծնողներին, խոսել նրանց հետ։ Այնուհետեւ ամսի 6-ին ստացել ենք կարգադրություն, եւ երկու կարգադրություններն էլ եղել են հեռախոսով, ոչ թե գրավոր։ Կարգադրությունն այնպիսին էր, որ եթե մանկապարտեզը գերբեռնված է, եւ երեխան շրջանի բնակիչ է, նա չի կարող ընդունվել մանկապարտեզ։ Տվյալ երեխային, որին ես չեմ կարողացել ընդունել օրինական ճանապարհով, նրա ծնողն ունեցել է շրջանի գրանցում, խոստացել է, որ պետք է ներկայանա հաշվառման տեղեկանքով, Երեւան քաղաքի փաստացի գրանցումով։ Նա անապահով է, միայնակ կին՝ երեխայի հետ, որը բնակվում էր վարձով։ Ես շատ փորձեցի նրան բացատրել, ասել, որ իմ իրավասություններից դուրս է, չեմ կարող, ինքն ասաց՝ ինչո՞ւ խոստացաք ընդունել, ես անկողին եմ պատրաստել, սպասք եմ պատրաստել, ծախսեր եմ արել, որ երեխան գա մանկապարտեզ։ Հաշվառման տեղեկանքը նա պետք է բերեր ոստիկանությունից, իսկ ոստիկանությունը հաշվառման տեղեկանքը տրամադրում է 3-10 աշխատանքային օրվա ընթացքում։ Այսինքն՝ ծնողն այդքան ժամանակ չուներ, որպեսզի այդ տեղեկանքը բերեր, խնդրեց, ասաց, որ երեխային պահող չունի, ինքն աշխատանքի է տեղավորվել։ Ես էլ մտա նրա վիճակի մեջ, քանի որ ես էի հրավիրել Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ։ Ասացի՝ թող երեխան հաճախի մանկապարտեզ, մինչեւ կարողանան փաստաթղթերի հարցը լուծել։ Սեպտեմբերի 23-ին Երեւանի քաղաքապետի որոշումով ինձ ազատել են աշխատանքից, որի հիմքում ընկած է այն փաստը, որ ես պետական բյուջեն չարաշահել եմ եւ վնաս պատճառել Երեւանի քաղաքապետարանին։ Ազատման երկրորդ հոդվածը վերաբերում է նրան, որ վերադասը կորցրել է վստահությունն իմ անձի նկատմամբ։ Կարծում եմ, որ չարաշահումն այն է, որ երեխան մանկապարտեզ է հաճախել անօրինական հիմքերով, մեկ ուրիշ երեխա, որ գրանցված է եղել, բացակայել է, բայց ներկա է ստացել, եւ այդ երեխայի գումարով սնվել է այդ չգրանցված երեխան»։



Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, արձագանքելով մեր հարցմանը, թե ինչու են Զարա Ադիյանին ազատել աշխատանքից, նշեց, որ որեւէ անհիմն բան տեղի չի ունեցել։



Ավելի ուշ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածեց հետեւյալ հայտարարությունը․ «Երևանի հ.157 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններն ու անհարկի շահարկումները բացառելու նպատակով տեղեկացնում ենք, որ սույն որոշման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված ահազանգն առ այն, որ վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը չհաշվառված, այսինքն սահմանված կարգով մանկապարտեզ չընդունված երեխայի է թույլատրել հաճախել մանկապարտեզ: Սույն ահազանգի հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքներով նաև պարզվել է, որ Զարա Ադիյանը «Մանկապարտեզ» էլեկտրոնային հաշվառման համակարգում թույլ է տվել այնպիսի ձևակերպումներ (միջամտություններ), որոնց իրավասությունը չի ունեցել:



Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ պաշտոնից ազատված տնօրենն իր բացատրագրում ընդունել է, որ կատարել է վերոնշյալ խախտումները: Սույնը հաշվի առնելով` հորդորում ենք զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»։
Իսկ թիվ 157 մանկապարտեզի երեխաների ծնողները մեզ հետ զրույցում շարունակում էին պնդել, որ իրենք պայքարելու են Զարա Ադիյանին տնօրենի պաշտոնում վերականգնելու համար։ Նրանք մեզ հետ զրույցում ասում էին, որ ունեն տեղեկություններ, թե բարձրաստիճան մի պաշտոնյայի տիկնոջ են ուզում նշանակել մանկապարտեզի տնօրեն։ Թե ում՝ նրանք դժվարացան ասել։



Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մանկապարտեզի տնօրենը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հովանավորյալն է, եւ ծնողների «ինքնաբուխ» ըմբոստությունն էլ իրականում ինքն է կազմակերպել: 



Թագուհի Հակոբյան