Փող ունենալով չէ մրցույթի կազմակերպումը․ Կարեն Արիստակեսյան

Փող ունենալով չէ մրցույթի կազմակերպումը․ Կարեն Արիստակեսյան

Ես հինգ տարի մրցույթը չեմ անցկացրել ֆինասնական խնդիրների պատճառով,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը: Նա հայտարարեց, որ նոր մրցույթ կկազմակերպի․ «Մեր դռները բաց կլինեն բոլոր գեղեցկուհիների համար, ովքեր կցանկանան պատշաճ կերպով ներկայացնել մեր երկիրը։ Գեղեցկության մրցույթում իսկապես գեղեցիկը կգնահատվի։ Պետք չէ կարճ հիշողություն ունենալ և մեծ հավակնություն ունենալով ասել՝ մրցույթները վատ են կազմակերպվել։ Բնականորեն կարող են լինել որոշակի թերացումներ, մենք համբերատար, քանի որ սիրում ենք մեր պետությունը թողեցինք, որ մրցույթն ապօրինաբար կայանա»։



Չնայած, որ ասուլիսի սկզբում Արիստակեսյանը հայտարարեց, որ մեղադրելու ճանապարհով չի պատրաստվում գնալ և չի անդրադառնա արդեն անցկացված մրցույթին նա անուղղակի կերպով նշեց մրցույթի թերությունները։



Ներկայացնելով մրցույթի իրականացման կարգը՝ նա նշեց, որ գեղեցկության մրցույթներին, բացառությամբ «Միսս տիեզերքի», մասնակիցները չեն կարող պլաստիկ վիրահատությունների ենթարկված լինել, բացի դա անդրադառնալով հագուստին նա ասաց, որ բոլորի լողազգեստներն ու զգեստները պետք է միանման, միատոն լինեին։



Արիստակեսյանը նաև բարձրակրունկների մասին խոսեց․ «Մրցույթի մասնակիցների կոշիկներն առավելագույնը պետք 7սմ լինեն, քանի որ 7-ը կույս թիվ է։ Գեղեցկուհիների համար չպետք է բեմ բարձրանալն ու քայլելը խնդիր առաջացնի»։ 





Արիստակեսյանն, ակնարկելով Սփյուռքի և Մշակույթի նախարարություններին, ասաց, որ իրավասու մարմինները պետք է վերցնեն իրենց վրա պատասխանատվություն և հարց տան, թե նրանք ինչ են ուզում, իրենք ինչ են ուզում․ «Իրավասու մարմիններն ասում են, որ իրենք չեն միջամտել ու չեմ միջամտում, մեզ հորդորում են դատի տալ, հետո պարզվում է, որ իրենց ինչ-ինչ օրակարգերում այս մրցույթը ներառված է։ Մենք համաձայնություն էինք տվել, որպեսզի մեր լիցենզավորմամբ մրցույթը անցկացվի»։



Արիստակեսյանի այս դիտարկմանը հակադարձեցինք, նշելով, որ մարդիկ չեն ցանկացել լիցենզիայով հանդես գալ, այլ որպես անկախ կազմակերպություն գործել, որին նա պատասխանեց․ «Ամեն մեկը չի կարող մրցույթ կազմակերպել, ցանկություն ունենալը մի բան է, կարողանալը մի բան։ Փող ունենալով չէ մրցույթի կազմակերպումը, մրցույթն ունի կանոնակարգ, երբ ասում են, որ մրցույթին պետք է մասնակցեն միայն բարձր ինտելեկտով մարդիկ։ Իհարկե ցանկալի է, բայց պետք է հիշել, որ ոչ թե ինտելեկտուալ, այլ գեղեցկության մրցույթ է։



Անդրադառնալով «Միսս Հայաստան» ապրանքանշանի օգտագործման իրավական հետևանքներին, փաստաբան Հարություն Հարությունյանն ասաց, որ այս պահի դրությամբ 3 դատական գործ է հարուցված․ «Գոհար Հարությունյանին արգելվել էր  ցանկացած ձևով «Միսս Հայաստան» ապրանքանշանի կիրառումը և մրցույթի անցկացումը։ Սրանից հետո նրանք «Միսս Հայաստանը»  փոխակերպեցին «Միսս Արմենիայի», որի դեմ մենք ևս հայց ներկայացրինք։ Հիմնադրամին արգելվեց «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքանշանների կիրառումը, սակայն մրցույթը տեղի ունեցավ «Համահայկական գեղեցկության մրցույթ» անվամբ, սակայն մեր ապրանքանիշն այնուամենայնիվ կիրառվեց, ինչի արդյունքում մենք հաղորդում ներկայացրինք»։



Նշենք, որ ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով: Իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Ի դեպ, մեր տեղեկություններով, հայցվոր կողմը, «Սարդարապատ» թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի գլխավորությամբ, դիմել է նաեւ «Միսս աշխարհ» մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանում ընթացող դատական պրոցեսը։