20 տարի եւ ավելի քան 195 հազար հաճախորդ

20 տարի եւ ավելի քան 195 հազար հաճախորդ

20 տարի առաջ՝ 1997թ․, Երեւանում հիմնադրվեց «Էֆես» բաժնետիրական ընկերությունը, որը նույն տարվա սեպտեմբերին էլ ստացել է ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա։ 



Այսօր ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի 20 ամյակի առթիվ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել Ռուստամ Տուրան (ԻՆԳՈ-Ուզբեկստան ԱԲԸ գլխավոր տնօրեն), Ալեքսանդր Խումյակովը («Ինգոստրախ» ԱՓԲԸ, Բալառուս, գլխավոր տնօրեն), Տատյանա Կայգորոդովան (Ինգոստրախ, ԱԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ), Միխայիլ Վոլկովը («Ինգոստրախ» ԱԲԲԸ, գլխավոր տնօրեն), Դինարա Տեզեկբաեւան («Կիրգիզինստրախ» ԱՓԲԸ տնօրինության նախագահ) եւ Արեւշատ Մելիքսեթյանը («ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ գործադիր տնօրեն)։



Միխայիլ Վոլկովը նշեց, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն էական դեր է խաղում Ռուսաստանի ֆինանսական շուկայում եւ անցած քսան տարիների ընթացքում հասցրել է Հայաստանի ապահովագրական շուկայում զբաղեցնել առաջատար դիրք։



Տատյանա Կայգորոդովան էլ ասաց, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի լավագույն որակները ֆինանսական կայունությունն ու բիզնես նպատակներն են։ Ըստ նրա՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն կարող է օրինակ լինել փոքր, բայց արդյունավետ բիզնեսի համար, եւ նրա գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում բժշկական ապահովագրությունը։ Տատյանա Կայգորոդովան նշեց նաեւ, որ բժշկական ապահովագրությունը ռիսկային մոդել է։



Ինչպե՞ս ստեղծվեց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն



2003թ․ նոյեմբերին «Ինգոսստրախ» ապահովագրական ԲԲԸ (Ռուսաստան) ձեռք բերեց այդ ժամանակ արդեն Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար դարձած ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը։ 2004թ․ դեկտեմբերի 10-ին ընկերությունը վերանվանվեց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ, իսկ արդեն 2006թ․, ստորագրելով «ԻՆԳՈ» միջազգային ապահովագրական խմբին միանալու մասին համաձայնագիրը, դարձավ խմբի լիիրավ անդամ, Հայաստանի ապահովագրական շուկայի համար աննախադեպ եւ եզակի երեւույթ։



Աշխարհահռչակ ընկերություններ Zurich Re-ն (1998), Munich Re-ն (1998), SCOR-ը (1999), Chubb-ը, FM Global-ը, Polish Re-ն (1999), ինչպես նաեւ համաշխարհային ապահովագրական շուկայի այլ խոշոր խաղացողներ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործեցին հենց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի գործունեության շնորհիվ։
Մի փոքր վիճակագրություն․ 2017թ․ առաջին կիսամյակի արդյունքներով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի կողմից հավաքագրված ապահովագրավճարները կազմել են 4,361,605 հազար դրամ, ինչը 18 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։



Ընկերության դիվերսիֆիկացված պորտֆելի 55 տոկոսը կազմում են կամավոր ապահովագրության տեսակների գծով հավաքագրված ապահովագրավճարները, իսկ 45 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՊԱ-ին, ինչն ապահովում է ընկերության հավասարակշռված եւ կայուն աճը։ 2000 հիմնարկներ ու կազմակերպություններ դասվում են հաճախորդների շարքում, իսկ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի ծառայություններից օգտվում է ավելի քան 195,000 ֆիզիկական անձ։ Ապահովագրական հատուցումների մասին էլ է ընկերությունը թվեր ներկայացնում։ 2017թ․ կիսամյակի ավարտի դրությամբ ապահովագրական հատուցումները կազմել են 1,942,043 հազար դրամ, ինչը հայտարարված պահանջների հետ միասին կկազմի 2, 741, 295 հազար դրամ։ Վնասների հատուցման դիմումների 90 տոկոսը բավարարվում է ընկերության կողմից։



Մեր հարցին, թե որն է համարում ընկերության գլխավոր ձեռքբերումն անցած 20 տարիների ընթացքում, Արեւշատ Մելիքսեթյանը պատասխանեց․«Հաճախորդների վստահությունը, ինչի շնորհիվ ընկերությունը զարգանում է, այնտեղ աշխատում են տաղանդավոր մարդիկ»։



Բժշկական ապահովագրությանը վերաբերող մեր հարցին, ի պատասխան էլ Արեւշատ Մելիքսեթյանը նշեց, որ այդ ոլորտում ունեն 20 տարվա փորձ, ունեն 17 հազար ապահովագրված անձ, որոնք տարբեր կազմակերպություններից են։ Նրա կարծիքով՝ իրենք կարող են ավելի շատ անձանց սպասարկել եւ ավելի պատշաճ որակով։
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ տեսնում է իր ապագան բժշկական ապահովագրության ոլորտում»,- ասաց նա։