«Գասպարյան Վովան ասեց՝ գնացեք պայթեցրեք, ես պատասխան կտամ» (տեսանյութ)

«Գասպարյան Վովան ասեց՝ գնացեք պայթեցրեք, ես պատասխան կտամ» (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Կոշ գյուղից վերև՝ լեռների ծերպերում է գտնվում Ավան համայնքը։ Գյուղ հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել լեռնային ոլորաններն ու վերելքները։ 220 տնտեսություն և 860 բնակիչ ունեցող Ավանը ծառաշատ, գեղատեսիլ բնությամբ ու մաքուր օդով գյուղ է, տեղացիներն էլ իրենց բնության պես պարզ ու ազնիվ ժողովուրդ են։ Ապրում են հիմնականում անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Բայց նրանց ապրուստի միջոցն ապահովելու համար մի շատ լուրջ խոչընդոտ կա՝ ջրի պակասությունը։ Երբեմնի ջրառատ գյուղն այսօր զրկված է ջրից։ Պատճառը Ամբերդում կառուցված երեք ՀԷԿ-երն են, որ քամում են գյուղ մտնող ոռոգման ու խմելու ջրի պաշարները։ ՀԷԿ-երի պատճառով գյուղում ոռոգում կատարվում է 80-90 օրը մեկ անգամ։ Գյուղի միջով անցնող գետը ցամաքել է, ավելի շուտ՝ գետն այլևս չկա, քար ու քուրջ է գետի փոխարեն։ Արդեն տասը տարի է՝ այս խնդիրը կա, և ոչ մի մարզպետ, ոչ մի պատկան իշխանություն այս խնդրին չի կարողանում լուծում տալ, քանի որ ինչ-որ մեկի նեղ անձնական, բիզնես շահը շատ ավելի վեր են դասում մի ամբողջ գյուղի ու այնտեղ ապրող բնակչության շահերից։



Տեղական և հանրապետական իշխանությունները ամենաբարձր մակարդակով թքած ունեն թե՛ այս, թե՛ շատ այլ գյուղացիների ու գյուղերի վրա, նրանց չի հետաքրքրում, որ մի ամբողջ գյուղ ջրի պակասից կարող է չորանալ։ Նրանք այս գյուղերի մասին հիշում են միայն ընտրությունից ընտրություն, այն էլ 10 հազար դրամանոց խոստումների տեսքով։ Ջրի մասով խոստումները տասը տարի է՝ ջուրը տանում է։ Ավանցիները չգիտեն՝ ՀԷԿ-երի հստակ տերերն ովքեր են, միայն գիտեն, որ «ինչ-որ պարսիկ է առել»։ Թե նրանց հետ իշխանություններից ով ինչ փայ ունի, տեղյակ չեն։



Վերջին երկու տարում Արագածոտնի մարզում արդեն որերորդ մարզպետն է փոխվում։ Նախ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն էր, հետո նշանակվեց ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը, մեկ տարի անց էլ նրան փոխարինեց մեկ այլ ՀՅԴ-ական՝ Աշոտ Սիմոնյանը։ Մինչ օրս այս մարզպետներից որևէ մեկը որևէ քայլ չի ձեռնարկել այս խնդրի լուծման ուղղությամբ։ Ավանցիներն անգամ ճանապարհ են փակել՝ պահանջելով կառավարությունից լուծում տալ խնդրին, բայց դա էլ չի օգնել։



Ավանի համայնքապետ Սաշա Թորոսյանը ՀՀԿ-ական է, նոր է ընտրվել գյուղապետ, մինչ այդ Ռուսաստանում էր։ Նրան էլ է մտահոգում գյուղի ջրի խնդիրը։ «Մտել եմ մարզպետի մոտ, ծրագիր եմ ներկայացրել Աշոտ Սիմոնյանին, որ ջրամբար սարքեն մի հինգ գյուղի համար։ Մոտ մի երկու միլիոն դոլար կպահանջվի։ Մարզպետն ասել է, որ շատ հնարավոր է՝ իրագործեն»։ Բայց դեռ որևէ տեղաշարժ չկա։



Բնակիչներից Լեռնիկ Պետրոսյանն էլ ասաց՝ ոչ մի մարզպետից որևէ օգուտ չեն տեսել, գոհ չեն ո՛չ Սահակյանից, ո՛չ Գյոզալյանից։ Ներկայի մասին էլ դեռ բան չեն կարող ասել, քանի որ նոր է նշանակվել։ Գյոզալյանի մասով անգամ ասաց․ «Չլիներ, ավելի լավ էր։ Մարզպետը, որ տարին մի անգամ իր գյուղ չգնա, էլ ի՞նչ մարզպետ։ Եթե իր գյուղում էդ մարզպետին 7 հատ դաշնակցական ձայն տա, դրան դու կգնահատես մարզպե՞տ։ Իսկ Սահակյանին իր գյուղի 90 տոկոսը գոնե ձայն էր տալիս»։ Բայց գյուղացի Լեռնիկի համար կարևորը մարզպետի աշխատանքն է, ոչ թե հավաքած ձայները։



Նրա խոսքով՝ վարչապետը հրահանգել էր մայիս ամսից դադարեցնել բոլոր ՀԷԿ-երի աշխատանքն ու ջուրը տալ ազգաբնակչությանը, բայց մինչ օրս իրենց գյուղի վերևում կառուցած երեք ՀԷԿ-երը դեռ գործում են։ Ստիպված ճանապարհ են փակել, դիմել են հին ու նոր մարզպետներին, բայց ոչինչ չեն արել, անգամ որոշել էին ճարահատյալ պայթեցնել ՀԵԿ-ը։



«Գասպարյան Վովան ասեց՝ գնացեք պայթեցրեք, ես պատասխան կտամ։ Ասինք՝ դե արի կանգնի մեր կողքը, որ պայթեցնենք։ Օղորմածիկ մի ՋՕՄ-ի պետ ունեինք, ասեց՝ արի մեր հետ, մենք կպայթեցնենք։ Նախագահի ճանապարհն էլ ենք փակել, վարչապետինն էլ, մարզպետինն էլ, երեք անգամ՝ անցյալ տարի, նախանցյալ տարի, բայց ոչ մի օգուտ»,-պատմեց գյուղացին։



Մանրամասները՝ տեսանյութում․



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ