Կփակեն «Հրապարակը»՝ կգա մյուս լրատվամիջոցների փակվելու հերթը

Կփակեն «Հրապարակը»՝ կգա մյուս լրատվամիջոցների փակվելու հերթը

Մեղադրանքներ, մեղադրանքներ, մեղադրանքներ… Մամուլն ա՛յս չի արել, ա՛յն չի արել։ Ինչ որ արել է՝ վատ է արել, սխալ է արել, թերի է արել։ Փոքրիկ վրիպում նյութի մեջ՝ համաշխարհային աղմուկ․ այս ի՞նչ արեցիք, ինչպե՞ս համարձակվեցիք, բա դուք լրագրո՞ղ եք… Սրանք ամենամեղմ որակումներն են, մնացածը «ցենզուրայից» դուրս է, չեմ համարձակվի մեջբերել՝ անչափահասներին չենք կարող արգելել թերթ կարդալը։ Անգամ ամենաոչէական վրիպումը, ասենք՝ տվյալ պաշտոնյայի տարիքը մի տարով սխալ է գրվել, անպայման հայտնվում է մեկը, որն աղաղակում է՝ «այս ապատեղեկատվությունը խարխլում է երկրի հիմքերը», «դուք դեղին մամուլ եք», «օրենքը պետք է խստացնեն՝ ձեր նմաններին դատեն, բռնեն, կախեն», «էս երկրի չարիքը լրագրողներն են՝ սրանք չլինեն, ամեն ինչ տեղը կընկնի» եւ այլն։ Սոցցանցերը ողողած, մամուլը «քլնգող» գրառումների հեղինակների կազմն ուսումնասիրելիս, իհարկե, կարող է պարզվել, որ մեծ մասն այն չինովնիկներն են, որոնց մամուլը խանգարում է հանգիստ թալանել ու կործանել մեր երկիրը, նաեւ նրանց ազգականներն ու ենթակաները, նրանց կերակրամանից սնվողները (ամենից ակտիվը, իհարկե, խոսնակների ինստիտուտն է): Բայց սա մե՜նք գիտենք՝ լրատվական դաշտում հազար շապիկ մաշած լրագրողներս, որ շատ բան ենք տեսել եւ հասկանում ենք, թե որ «ստատուսի» տակ ում ականջներն են թաքնված, որ «ընդվզումը» որտեղից է հրահրված։ Շարքային ընթերցողը, որն այնքան էլ խորամուխ չէ հայաստանյան պետական կառավարման համակարգի եւ քարոզչության ընդգրկուն դաշտի մութ ելեւէջների մեջ, ինչպե՞ս գլուխ հանի եւ ի՞նչ եզրակացնի այս ամենից։ Մենք հաճախ անուշադրության ենք մատնում ուղղորդված ու կողմնակալ, սուբյեկտիվ ու ոչ ադեկվատ մեղադրանքները, բայց դրանք երբեմն ապակողմնորոշում են նաեւ ազնիվ, անշահախնդիր, ներքաղաքական ինտրիգներից անտեղյակ ընթերցողին։ Ուստի, հավանաբար, ճիշտը երբեմն դրանց անդրադառնալն է՝ ընթերցողին մեր դիրքորոշումը բացատրելը։ Անուններ չեմ նշելու։ Ինչո՞ւ՝ նաեւ այն պատճառով, որ «խալխի վրա շուն է հաչում, մեր վրա՝ երբեմն կատուներ», որոնց անունն արժանի չէ մեր թերթի էջերում հայտնվելուն։ Կխոսենք երեւույթների մասին, որոնք տագնապեցնող են եւ երբեմն խանգարում են մամուլի բնականոն աշխատանքին։ Ընդ որում՝ հնչեցնելու եմ հարցեր, որոնք հռետորական չեն, եւ ակնկալում եմ ընթերցողի արձագանքը։



Իրավիճակ թիվ 1



Մենք, որպես կանոն, ձեռնպահ ենք մնում մասնավոր, միջանձնային վեճերին անդրադառնալուց։ Եթե անդրադառնում ենք, ապա անպայման ներկայացնում ենք երկու կողմի տեսակետը։ Երբեմն տարիներով ձգված որեւէ դատական վեճից անգամ հազարավոր փաստաթղթեր ու ապացույցներ ուսումնասիրած դատարանը գլուխ չի հանում, ուր մնաց՝ մի քանի օրում լրագրողին հաջողվի։ Սակայն այս վեճերի մասնակիցները սովորաբար թշվառ, անտեր, անօգնական մարդիկ են, որոնք չգիտեն ում դիմել, որոնց գործերը մտել են փակուղի, եւ մամուլին դիմելը մի տեսակ սրտահովանքի նման բան է։ Այս մարդիկ նամակներ, դիմումներ են բերում խմբագրություն եւ աղերսում դրանք տպագրել։ Մերժելը շատ բարդ է։ Ահա նման մի գործով մեզ դիմողը խաբված սեփականատեր է, սփյուռքահայ, որի հետ վեճի մյուս կողմում «հայտնի» անձ է՝ բազում նման պատմությունների մեջ հայտնված, ով մամուլում հանդես գալու հարցում սահմանափակումներ չի ունեցել, եւ իր մասնակցությամբ վեճերն էլ լայնորեն լուսաբանվել են։ Իրավապահներին դիմած կնոջ հետ արված զուսպ, առանց ավելորդ որակումների հարցազրույցը, որտեղ մեր լրագրողն ընդամենը հարց տվողի դերում է հանդես եկել, այնքան է վրդովվեցրել մեղադրյալի աթոռին հայտնված անձին, որ համաշխարհային աղմուկ է բարձրացրել՝ է՛լ ստատուսներ, է՛լ լրագրողական ինչ-որ կազմակերպության դիմել, է՛լ մեղադրանքներ, թե իրեն անտեսել ենք։ Ընդ որում՝ մեզ ուղղված տեքստ չենք ստացել, հերքում, պարզաբանում տպագրելու պահանջ՝ գրավոր, չի եղել։ Մինչդեռ նրա հետ զրույցում պարզ ասվել է, որ սա թեեւ հարցազրույց էր, բայց կարող եք պատասխան գրել՝ կտպագրենք։ «Հրապարակին» հրապարակավ մեղադրելը, վարկաբեկելը, տգեղ որակումներ օգտագործելը, պարզվում է, շատ ավելի «հաճելի», գուցե «խրախուսվող» գործընթաց է։ Ի՞նչ անել՝ մտնե՞լ այս նեղ, ճղճիմ խոսակցության մեջ, ցույց տալ աղմուկ բարձրացնողի իրական դեմքը, թե՞ անտեսել։



Իրավիճակ թիվ 2



Իրեն քաղաքական գործիչ համարողներից մեկը մեր լրագրողի հարցերից կատաղել է եւ հենց ԱԺ միջանցքում կանչել է մի կողմ ու իրենից մի քանի անգամ նվազ երիտասարդին, իր իսկ խոստովանությամբ, ապտակել։ Լրագրողական համայնքը, բարեբախտաբար, համարժեք արձագանքեց կատարվածին։ Ի՞նչ պետք է աներ՝ պոստֆակտում, այս տեղեկությունն ստացած խմբագիրը՝ քաշվեր մի կո՞ղմ, մենա՞կ թողներ լրագրողին անհավասար վեճի մեջ, թե՞ պաշտպաներ, գնահատականներ տար, դատապարտեր կատարվածը։ Ես ընտրել եմ վերջին ճանապարհը, որը, պարզվում է՝ «բռնարարի» սրտով չէ։ Նա ամիսներ շարունակ գրում է, խոսում է այն մասին, որ խմբագրի հրահանգով է գործել լրագրողը («Հրապարակի» պատմության մեջ չի եղել դեպք, որ ես թերթի լրագրողներին ուղղորդեմ՝ որեւէ մեկին սեւացնել կամ հատուկ քննադատել), որ ես խնդիր եմ դրել թերթով իրեն վնասել, վարկաբեկել, տարբեր տխմար պատմություններ է հիշել «Հրապարակի» մասին, բարոյախրատական դասեր հնչեցրել, մեր թերթը «թշնամի ու վնասակար» հռչակել։ Ոչինչ, որ մարդն անգամ դադարել է տղամարդ լինելուց եւ կնոջ հասցեին վիրավորանքներ է հնչեցրել, ես սեռերի հավասարության կողմնակից եմ, բայց ինչո՞ւ այսքան նսեմ ու անմակարդակ։ Հիմա հարց ընթերցողին՝ ի՞նչ անել, ինչպե՞ս արձագանքել այս ողորմելիին՝ իրերն իրենց անուններո՞վ «կոչել», թե՞ թողնել, որ վերջին վեց ամսում միայն «Հրապարակի» անունը բարձրաձայնելով ինքնահաստատվող նախկին գործիչն «իր մահով մահանա»։



Իրավիճակ 3-րդ



Մամուլի հետ աշխատող անձանց մասին․ ոչ նրանց, որոնք բովանդակություն են ստեղծում, ասուլիսներ լուսաբանում, ողջ օրը վազվզում, չարչարվում հետաքրքիր, կարեւոր, հրատապ հոդվածներ գրելու համար եւ ընթացքում երբեմն էլ կարող են սխալվել ու վրիպել, այլ նրանց մասին, ովքեր, կաբինետներում նստած, ուսումնասիրում են մեր գրածներն ու դատավորի կեցվածքով դատապարտում մեզ, դասեր տալիս, թերություններ գտնում։ Սրանք առանց մամուլի չկան՝ նրանց գոյությունն ինքնին կախված է մամուլից․ ոչ մի գերատեսչություն՝ մամուլի ծառայություն, ոչ մի անձ խոսնակ չէր ունենա, եթե մամուլը, լրատվամիջոցները չլինեին, բայց այս տարրական ճշմարտությունը նրանք չեն գիտակցում եւ մամուլն ու լրագրողներին ատում են մինչեւ իրենց վերջին բջիջը եւ առավոտից իրիկուն աշխատում են մեր դեմ, փնովում մեզ։ Առավոտ շուտ նրանք աշխատանքի են գնում եւ սկսում ուսումնասիրել ԶԼՄ-ների գրածն ու հաղորդածը, ապա թերթերի տրցակը կամ մամուլի ծաղկաքաղը ձեռքներին (գուցե համակարգչով)՝ ներկայանում շեֆին, ու սկսվում է «թունավորելու» կարեւոր գործը։ Ընդ որում՝ այս սկզբունքն է աշխատում վերից վար։ Մեկը նախագահականում է Սերժ Սարգսյանին թունավորում «Հրապարակի» դեմ, մյուսները՝ նախարարություններում, երրորդները՝ պետական ու մասնավոր հիմնարկներում։ Օրվա մի հատվածն էլ սրանք անցկացնում են «Հրապարակին» (եւ իրենց դեմ երբեւէ որեւէ տող գրած մյուս լրատվամիջոցներին) ոչնչացնելու, պատասխանելու, կերցնելու, կզզցնելու ծրագրեր մշակելով։ Այդ ծրագրերն են, որ միս ու արյուն են դառնում մեր դեմ ստատուսներ, կառավարելի լրատվամիջոցներում մեր դեմ հոդվածներ գրելու, մեր գովազդատուներին խլելու, մեր լրագրողներին փախցնելու, տարբեր միջավայրերում մեզնից բամբասելու, սեւ ցուցակներ կազմելու, մեր հարցումներին չպատասխանելու, պաշտոնական միջոցառումներին մեզ չհրավիրելու, դրամաշնորհային ծրագրերից մեզ մեկուսացնելու եւ այլ եղանակներով։ Այսպիսի դիմադրության պայմաններում աշխատելու համար, ինչպես տատս էր ասում, շատ «առսըզ» պիտի լինես ու ամուր նյարդեր ունենաս։ Փառք Աստծո՝ բնությունը չի զրկել։ Հարց ընթերցողին՝ ինչպե՞ս պայքարել «մամուլի թշնամիների» այս բանակի դեմ, պայքարե՞լ, թե՞ արհամարհել։



Իրավիճակ 4-րդ



Ժամանակի ընթացքում, երբ լրատվամիջոցը փորձում է անկախ ու անաչառ լինել եւ բոլորի նկատմամբ հնարավորինս հավասար վերաբերմունք դրսեւորել՝ անդրադառնալով բոլոր ոլորտներին ու հարցերին, գալիս է մի պահ, որ քո կողմից քննադատվածների, այսինքն՝ «թշնամիներիդ» բանակը ստվարանում է, իսկ բարեկամներդ շարքային ընթերցողներն են, որոնք քեզ ի վիճակի չեն պաշտպանել (նրանք իրե՜նք մեր պաշտպանության կարիքն ունեն): Իսկ քննադատված, մեզնից տուժած չինովնիկը բնության մեջ ամենավրիժառու, ամենահիշաչար անձն է։ Նա չի կարող ըմբռնել, որ իշխանության մեջ գտնվելը ենթադրում է երբեմն-երբեմն մամուլի հրապարակումների սուբյեկտ լինել, քննադատություն, տհաճ խոսքեր լսել, անգամ եթե դրանք քեզ անարդար են թվում։ Նա չարանում է առհասարակ լրագրողների ու մամուլի նկատմամբ, առիթներ է փնտրում վրեժ լուծելու, պատժելու։ Բողոքում է ցանկացած, անգամ ամենաանմեղ հրապարակումից, փորձում ինչ-որ կերպ «ցավեցնել», փնտրում է համախոհներ լրատվամիջոցի դեմ պայքարի «ազնիվ» գործում, դժգոհների կոալիցիաներ է ձեւավորում եւ այլն։ Ասենք՝ տարեկան 2 միլիոն դրամանոց աշխատավարձով զավակի համար 500 հազար դոլարանոց հարսանիք կազմակերպող չինովնիկը վրդովվում է, թե՝ փոխանակ շնորհավորեք զավակներիս երջանկությունը, լուր եք տպագրում հարսանիքի մասին՝ «մտնում եք իմ անձնական կյանք», եւ չինովնիկների հսկայական բազմությունը երկրորդում է՝ մի մտեք անձնական կյանք, թողեք հանգիստ վայելենք մեր «աշխատած» փողերը։ Թերուս մեկին, որ բարձրագույն կրթություն չի ունեցել, ոչ պետական բուհերից մեկը կասկածելի ու արագընթաց կարգով բուհի դիպլոմ է տրամադրել, որի հիման վրա էլ սա գիտությունների թեկնածուի կոչում է ստացել։ Գրում ենք այս մասին, բուհից գրություն են ուղարկում, թե՝ հերքեք ձեր «վերաբերմունքը», դուք իրավունք չունեք մեր դիպլոմը կասկածի տակ առնելու։ Ի՞նչ անել՝ դադարեցնե՞լ հարսանիքների մասին լուրեր հրապարակելը՝ համարելով, որ դա նեղ անձնական ոլորտ է, թե՞, այնուամենայնիվ, չինովնիկի կյանքում նման շքեղ միջոցառումը կարող է դառնալ լուսաբանման առարկա։ Կամ՝ կարելի՞ է արդյոք կասկած հայտնել որեւէ մեկի դիպլոմի հետ կապված, թե՞ ոչ պետական բուհի 2 տարում տված դիպլոմն անձեռնմխելի իրողություն է։



ՀԳ․ Իսկ ամենից տխուրը լրագրողական համայնքի վերաբերմունքն է, որի տարբեր անդամներ սիրով ու ոգեւորությամբ միանում են մեր դեմ պայքարող չինովնիկներին եւ տարբեր մութ ուժերին։ Հասկանալի է, որ ցանկացած ոլորտում, այդ թվում՝ լրատվական, մեծ մրցակցություն կա, եւ մրցակիցներին ոչ ոք չի սիրում, բայց լրագրողներն ու խմբագիրները պետք է հասկանան, որ մենք նույն նավակի մեջ ենք․ խփում են մեկիս՝ տուժում ենք բոլորս։ Վարկաբեկում են մամուլը՝ վարկաբեկվում է ազատ խոսքը։ Հայհոյում են ամենահամարձակին՝ գալիս է մի քիչ պակաս համարձակի հերթը։ Փակվում է մի լրատվամիջոց՝ գալիս է մյուսների փակվելու ժամանակը։



Արմինե ՕՀԱՆՅԱՆ