«Փաստ». Հրդեհից տուժած քաղաքացիների համար վարձով բնակարան են փնտրում

«Փաստ». Հրդեհից տուժած քաղաքացիների համար վարձով բնակարան են փնտրում

«Փաստ» օրաթերթը գրում է.



Հոկտեմբերի 23–ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի եռահարկ բնակելի շենքերից մեկն ամբողջությամբ այրվել էր: Շենքում 10 բնակարանի քաղաքացիներն ամբողջությամբ նաեւ գույքից էին զրկվել:



Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմից «Փաստ»–ին տեղեկացրեցին, որ հրդեհի հաջորդ օրն արտահերթ նիստ է հրավիրվել:



«Նիստի արդյունքում որոշվեց յուրաքանչյուր շնչին քաղաքապետարանի բյուջեից 60 հազար դրամ տրամադրել: Բացի այդ, բոլորին կեցավայրեր են առաջարկվել, որոնցից բնակիչների մի մասը հրաժարվել է: Նրանք իրենց հարազատների մոտ են բնակվում: Այժմ անշարժ գույքի մի քանի գործակալությունների հետ ենք համագործակցում: Նրանք վարձով բնակարաններ են գտնում, որի գումարը համապատասխան չափով վճարելու է կառավարությունը»,–հայտնեցին քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են:



Քաղաքապետարանից հայտնեցին, որ բացի գումարից, բնակիչներին նաեւ տաք հագուստ է տրամադրվել. «Որոշ կազմակերպություններ եւս աջակցում են: «Կարմիր խաչ»–ում ամեն օր սնունդ է տրամադրվում: Կազմակերպությունը նաեւ տաք հագուստ է տրամադրել: Այնպես որ՝ ոչ ոք դրսում չի մնում: Ովքեր ի վիճակի են, հաշվեհամար կա, որի միջոցով կարող են գումարներ փոխանցել: Աջակցությունը շարունակական է լինելու: Հարցերն ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Սպասենք, տեսնենք, թե կառավարությունն ինչ է որոշում»:



Հարցին, թե շենքը վերանորոգելու առումով որեւէ որոշում կա՞, քաղաքապետարանի աշխատակազմից տեղեկացրեցին, որ այն համայնքի սեփականությունը չէ. «Մենք իրավունք չունենք ո՛չ վերանորոգել, ո՛չ էլ կառուցել այն, քանի որ այն մասնավոր անձի է պատկանում: Դա իր գործն է: Նախկինում այն գործարանի շենք է եղել: Մեր խնդիրը բնակչությանը կենսական պայմաններով ապահովելն է»:



Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում