Նաիրի Հունանյանի բնակարանը լքված է, ապակիները՝ կոտրված (ֆոտո)

Նաիրի Հունանյանի բնակարանը լքված է, ապակիները՝ կոտրված (ֆոտո)

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 18-րդ տարելիցը։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղամասերից մեկում տարիներ շարունակ իր ընտանիքի հետ ապրել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանը եւ նրա ընտանիքը։ Այժմ բնակարանում ոչ ոք չի ապրում, այն լքված է, պատուհաններ չկան, ապակիների փոխարեն լաթեր են փակցված։



Նաիրի Հունանյանի հարեւանները խուսափում են խոսել նրա մասին, թեեւ բակում լավ են ճանաչում նրան։ Հարեւաններից մեկը պատմեց, որ Նաիրի Հունանյանի մոր՝ Նաթելլա Գալստյանի մահվանից հետո տանը ոչ ոք չի ապրել։ «Էստեղ մոր մահից հետո ոչ մեկ չի եղել։ Տունը չի վաճառվել, չնայած ով կուզեր տունը առներ։ Չգիտենք, երեւի էս տունը սենց էլ մնա։ Էդ պատուհանները չեմ տեսել ոնց ա էդպես եղել, առանց ապակի մնացել։ Երեւի մոր ապրելու տարիներին էլ ա տենց եղել»։



Նաիրի Հունանյանի մայրը 2012 թ նոյեմբերի 23–ին Եվպատորիայի ծովում խեղդվել է։ Կնոջ մարմինը երրորդ որդին՝ Արմեն Հունանյանը, գտել է ծովում, ափից ոչ հեռու, ընդ որում՝ նրա կոշիկները եղել են ափին:



Ըստ տեղեկությունների՝ մահվանից առաջ նա երազում լսել է որդիների ձայները: Մահվան վերջին գիշերը տիկին Նաթելլան իր հարեւաններից մեկի մոտ փնտրել է Նաիրի եւ Կարեն Հունանյանիներին: «Այդ գիշեր Նաթելլան եկավ ինձ մոտ եւ հարցրեց՝ որդիներս ձեզ մոտ չե՞ն»,-պատմել է Նաթելլայի հարեւան Վլադիմիրը եւ հավելել. «Նա ասաց, որ իբր լսում է, թե ինչպես են իրեն կանչում Նաիրին ու Կարենը եւ որ նրանց ձայները գալիս են ծովից: Իմ մոտից գնալուց հետո եկավ Արմենը, ով փնտրում էր մորը»։



Հիշեցնենք, որ 18 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 5 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված ինքնաձիգներով, մտել է խորհրդարանի նիստերի դահլիճ եւ գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, եւս 6 բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների:



Պատգամավորները մեկ օր շարունակ պատանդ էին մնացել խորհրդարանի դահլիճում, որից հետո ահաբեկիչները հանձնվել են իրավապահ մարմիններին: Մինչ այդ Նաիրի Հունանյանն առանձնազրույց է ունեցել այդ ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Դատավարությունը տեւել է երեք տարի, որի արդյունքում 5 ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Ահաբեկչության կազմակերպիչները այդպես էլ չեն հայտնաբերվել:



Աննա Պապիկյան