Փչացած հեռախոսի պատմությո՞ւն

Փչացած հեռախոսի պատմությո՞ւն

Ամենասկզբում թերթերից մեկի Տավուշի թղթակիցը մի քանի տողանող ինֆորմացիա էր գրել, որ մարզի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կողմից լսելի են պայթյուններ, եւ տեղի բնակիչները կարծում են, թե այնտեղ ինչ-որ նոր զենք են փորձարկում: Հետո այդ լուրը տարբեր վարիացիաներով հայտնվեց այլ կայքերում: Եւ ինչքան տարածվեց, այնքան ահագնացավ: Հետո հայկական կողմի տագնապներին սկսեց անդրադառնալ ադրբեջանական մամուլը:



«Ադրբեջանական բանակը նոր հզոր զե՞նք է փորձարկում»՝ այս եւ նմանօրինակ խորագրերի տակ հակառակորդը երկրորդ օրն է՝ գեներացնում է այն միտքը, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում «մարդիկ սարսափահար են եղել, երբ ադրբեջանական կողմից որոտացել են հուժկու պայթյուններ»: Ահա այսպես՝ հայկական մամուլը փաստացի նյութ է մատակարարում, որպեսզի հակառակորդը հոգեբանական գրոհ ձեռնարկի: Ի՞նչ պայթյուններ են որոտացել Տավուշին սահմանամերձ ադրբեջանական կողմում: Մի՞թե այդ մասին «թեժ գծով» հաղորդող լրագրողը չէր կարող հարցում անել պատկան մարմիններին:



Նրանք, անշուշտ, կտային մասնագիտական բացատրություն, եւ թեման այդքան չէր ուռճացվի: Ինչպես ասում են՝ տեղում էլ հարցը կփակվեր: Բայց՝ ոչ, հանուն սենսացիայի կարելի է խաղալ մարդկանց նյարդերի վրա: Մի բան էլ ավելի՝ հակառակորդին մեր «վախը չափելու» առիթ եւ հնարավորություն տալ: Իսկը՝ փչացած հեռախոսի պատմություն: