Երբ Ղարաբաղն ազատվի անհավատ խուժանից

Երբ Ղարաբաղն ազատվի անհավատ խուժանից

Գանձասարի եկեղեցում, բարերար Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստյան կարգի ավարտին, ուր մի քանի ազնիվ շինականից բացի եղել է եւս մեկ մարմնավոր պաշտոնյա, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանն ասել է․ «Մահվանից առաջ կապվեցի նրա հետ, շատ դժվարությամբ էր խոսում։ Ասաց, որ շատ է ուզում ազատություն ստանալ, ապրել Արցախում եւ կատարել այն երազանքները, որ չի հասցրել»։ 



Միամի՞տ եմ գուցե, բայց հոգեհանգստի այս հեռակա, խեղճուկրակ կարգը ոչ այնքան Բարերարի հոգու համար էր, որքան իրենց՝ ապրողների։ Եղել է ամոթահար զղջումի պարզ խոստովանություն, որն ի զորու չէր լցնելու Ուրացողության ու Մեղքի անպարագիծ ծավալները։ Արցախի հոգեւոր հովիվն ինքն էլ գիտեր Բարերարի կյանքը խլած ծուռբերան ալբանացու տեղը եւ այն, որ մի հայրական ապտակ հասցնելը վեր է եղել իր ուժերից։ Ու այդ մեղքի ծանր քարաղը նրան բերել է եկեղեցի։ Լույս իջնի շիրիմիդ, Լեւոն Հայրապետյան։ Սակայն Մեծ Բարերարի դեպքը միակը չէ Ղարաբաղի պատմության ամոթահար էջերի մեջ։ Անցյալին դիմելու կարիք էլ չկա։ Ամեն բան մեր խենեշական, անկուշտ աչքի առաջ է կատարվել։



Ղարաբաղում, Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ իշխանության օրոք, Շարժումն իրենց ուսերին տարած մարզի բոլոր լիդերները շատ արագ մեկուսացվեցին ու դուրս մղվեցին քաղաքական կյանքից։ ԼՂ մարզի նախկին առաջնորդ Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԽՍՀՄ փլուզումից հետո պարապուրդի էր մատնված ու հիմնականում ապրում էր Մոսկվայում։ Ոմն Ամուլիկ Ստեփանակերտում բռնագրավել էր, տան իրերը դուրս նետել, ապա, երկյուղելով քրոջ թաղման կապակցությամբ Ղարաբաղ վերադարձած Հենրիկ Պողոսյանից, իսկույն վերադարձրել էր ԽՍՀՄ պետությունից ստացած նրա բռաչափ բնակարանը։ Պատերազմի թալանված միջոցներով կառուցված գեներալ կոմանդույուշչիների ու մարզի նոր տերերի շքեղ առանձնատների կողքին Հենրիկ Պողոսյանի մի թիզ բնակարանն աչքներին շատ էր թվացել։ Ու խլել էին։ Աթոռանիստ Խաչենի հզոր տիրակալների՝ Հասան Ջալալյան տոհմի վերջին շառավիղ Հենրիկ Պողոսյանն իր մահկանացուն կնքեց օտարության մեջ՝ 2000թ․, Մոսկվայում, սրտի կաթվածից, 70 տարեկան հասակում ու թաղվեց օտար հողի մեջ։ Երբ Հենրիկ Պողոսյանի քրոջը՝ Էլմիրային հարցրի, թե ինչու հանգուցյալին չբերեցիք Հայրենիք, պատասխանեց․ «Ո՞վ ուներ, որ բերեր, աղջիկը մահացել էր, ոչ ոք իր վրա չվերցրեց նրան տեղափոխելու, թաղումը կազմակերպելու հարցերը»։ Հայաստանի քոչարյանական մամուլը ոչ մեկ խոսքով չարձանագրեց այդ մեծ կորուստը։ Քոչարյանն ուղղակի չէր մարսել 1989թ․ ԽՍՀՄ ԳԽ ընտրություններում Հենրիկ Պողոսյանից կրած խայտառակ պարտության ամոթը, երբ Ստեփանակերտի 726 ընտրատարածքում Հենրիկ Պողոսյանի ստացած մի քանի հազար քվեների դիմաց ստացել էր ընդամենը… երեք քվե ու տարիներ անց իր նախագահական աթոռի բարձունքից էլ մեռած մարդու հետ չէր հաշտվել։ Լույս իջնի շիրիմիդ, Գենրիխ Անդրեյիչ։



Մարտակերտի առաջնորդ Վահան ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ պատերազմի սկզբում հեռացվեց իշխանությունից։ Նրան փոխարինեց շրջանի վերուդիրից անտեղյակ մի ոմն դաշնակ։ Լեյտենանտ Շմիդտի որդիներն արդեն իրար մեջ էին բաժանել մարզը՝ իրական տերերին անտեսելով։ «Վահանը շատ ծանր էր տանում անգործությունը, քանի որ 1988-ից այդ շրջանի քարտուղարն էր ու շարժման առաջնորդը։ Նրան հեռացնելուց մի քանի ամիս անց Մարտակերտն ընկավ։ Մեզ երեք ժամ տվեցին՝ հեռանալու քաղաքից։ Լիքը տնից մի ասեղ էլ չվերցրինք։ Տունը հետո թալանեցին։ Չգիտեմ՝ հայե՞րը, թե՞ ադրբեջանցիները։ Հասանք Ստեփանակերտ։ Հրապարակը լիքն էր բաց երկնքի տակ մնացած, սոված ու անտիրական փախստականներով։ Իսկույն շրջապատեցին Վահանին։ «Փրկիր մեզ,- ասացին,- քո ժամանակ ո՛չ սով տեսանք, ո՛չ թշնամի»։ Վահանը որբ էր մեծացել, հասկանում էր տունուտեղից զրկված մարդկանց։ Ոչ մի խոսք չասաց։ Չասաց, թե հոգու խորքում որքան է խոցված բոլորից։ Երեք օր երեսնիվայր պառկեց՝ ո՛չ հաց, ո՛չ ջուր։ Չորրորդ օրը գնացինք Երեւան, այնտեղից՝ Ռիգա, աղջկաս մոտ։ Ինչ-որ ֆիրմայում աշխատանք գտավ, բայց չէր հարմարվում, օրերով մի խոսք չէր ասում։ Մի օր էլ դուրս եկավ տնից, ու նրան ետ բերին մահացած։ Սիրտը չէր դիմացել (կնոջ՝ Օֆելյայի պատմածից)»։ Հաշված ամիսներ ապրեց Վահան Գաբրիելյանը՝ հայրենի քաղաքի անկումից հետո։ Վախճանվեց 1993թ․ նոյեմբերին, օտարության մեջ՝ Ռիգայում, սրտի կաթվածից, 57 տարեկան հասակում ու թաղվեց օտար հողի մեջ։ Ղարաբաղի մամուլում ոչ մի տող չհիշատակվեց այդ մեծ կորստի մասին։ Կարծես այդ մարդը չէր էլ եղել։ Մինչդեռ աչքովս եմ տեսել նրա չարքաշ տառապանքը՝ Մարտակերտի ծանր պաշարման ժամանակ։ Նա էր Շահումյանի թեւութիկունքը։ Կտրեցին թիկունքը՝ կանգ առավ Շահումյանի սիրտը։ Լույս իջնի շիրիմիդ, Վահան Միխայլիչ։



Գուցե մեծ քաղաքագետ չէր Արկադի ՄԱՆՈՒՉԱՐՈՎԸ, բայց շարժման առաջնորդներից էր, «Կռունկ» կոմիտեի հիմնադիր ղեկավարը։ Նրան էլ Ղարաբաղի ազատ ու անկախ իշխանությունները հեռացրին մեծ քաղաքականությունից։ Ապրել էր ապահով, փարթամ կյանքով եւ ունեցվածքը դրել Ղարաբաղի ազատությանն ի նպաստ։ Սակայն յուրայինների մատնության ու սադրանքի արդյունքում շարժման տարիների մեծ մասն անցկացրեց ադրբեջանական ու ռուսական բանտերում՝ ենթարկվելով խոշտանգումների ու ստորացման։ Ռոբերտ Քոչարյանի հետ ի՞նչ խնդիրներ ուներ, որ կյանքը Ղարաբաղի ազատությանը նվիրած այդ մարդը բանտից դուրս գալուց հետո հնար չունեցավ ապրել իր հայրենի տանը՝ ազատագրված Արցախում, չեմ կարող ասել, չգիտեմ։ Արկադի Մանուչարովը վախճանվեց 2007թ․, Մոսկվայում, զուրկ, կարիքավոր, հայրենիքից ու հարազատներից հեռու ու թաղվեց օտար հողի մեջ։ Լույս իջնի շիրիմիդ, Արկադի Մանուչարով։



Ահավասիկ՝ ում անձամբ եմ ճանաչել։ Ում աչքերում տեսել եմ երկիրը սիրելու անհուն տառապանքը եւ երկրից հեռու ապրելու անտանելի ցավը։ Այսօր արդեն վտարանդի դարձած շիրիմներ, որոնք երբեք էլ չեն հեռանա իրենց հացի ու խոսքի վաստակով ապրող Հայրենիքից։ Քանի դեռ հիշում ենք։ Գերեզմանի լռության անդենական խորքերից մեզ հասնող կենաց պատգամի մեր համբուրելի խոսքն են ու խոնարհ ջահը, որ առկայծում է մեր հոգնած խղճի դառը մրուրում։ Առ այն, որ թանկ նվիրյալի շիրիմն է ապրեցնում հողը, արոտավայրը դարձնում Հայրենիք։ Այս ճշմարտությունը մի օր գուցե կհասկանան Արցախի անհռչակ տերերը։ Ու երեւի գերեզմանադարձ կլինի։ Ու հողը կհարստանա ազատության անհանգիստ ճամփաներին իրենց սիրտն այրած սեփական զավակների նվիրական աճյուններով։



Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ Պրահա