Ճարտարապետը փորձում է կանխել «Հրազդան» մարզադաշտի նկատմամբ հերթական ոտնձգությունը

Ճարտարապետը փորձում է կանխել «Հրազդան» մարզադաշտի նկատմամբ հերթական ոտնձգությունը

Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը տարիներ շարունակ զբաղվում է «Հրազդան» մարզադաշտով, մեզ հետ զրույցում նա հանում եւ ցույց է տալիս տարիների վաղեմության փաստաթղթեր եւ նկարներ, մանրամասն ներկայացնում դրանց պատմությունը։



«90-ականներից մարզադաշտը վերածվեց տոնավաճառի։ Եվ կարելի էր համբերել այնքան ժամանակ, մինչեւ որ առեւտուրը զարգանա, առեւտրային օբյեկտներ կառուցեն։ Փառք Աստծո, այսօր այնքան շատ են առեւտրի կենտրոնները, որ նորերն են կառուցում։ Թող կառուցեն, սակայն մարզադաշտը հանրային տարածք է, որը ենթակա չէ փոփոխության։ Եթե մենք փոփոխում ենք, ապա փոփոխում ենք ամեն ինչ, մենք մեկուսացնում ենք Երեւանն այն համաշխարհային միջոցառումներից, որոնք պահանջում են որոշակի չափանիշներ՝ մրցումներ անցկացնելու համար։ Եթե մենք չունենանք օպերային թատրոն, ապա չեն լինի ներկայացումներ, եթե չունենանք մարզահամերգային դահլիճներ, ապա այնտեղ չեն լինի սպորտային մրցումներ»,- հիշեցնում է Գուրգեն Մուշեղյանը։



Հետահայաց անդրադառնալով խորհրդային անցյալին՝ Գուրգեն Մուշեղյանը հիշում է, որ 60-ականներին «Արարատ» ֆուտբոլային թիմը սկսեց շատ լավ խաղալ,եւ «Հանրապետական» մարզադաշտի տարածքը չէր բավարարում հանդիսատեսներին։ Կառավարությունն, ըստ մեր զրուցակցի, որոշել էր կառուցել մարզահամերգային համալիր, բայց քանի որ չհասցրեցին կառուցել այդ համալիրը, որոշեցին կառուցել «Հրազդան» մարզադաշտը, որը տարիների ընթացքում վերելք ապրեց։



«Ես ժամանակին ասել եմ՝ եթե չլիներ «Արարատը», ապա չէր լինի «Հրազդան» մարզադաշտը, եթե չլիներ «Հրազդան» մարզադաշտը, ապա չէր լինի «Արարատ-73»-ը»,- ասաց Գուրգեն Մուշեղյանը։ Երբ մեր կյանք ներխուժեցին շուկայական հարաբերությունները, պարզվեց, որ «Հրազդան» մարզադաշտում ուզում են կառուցել տոնավաճառ, ինչն էլ մեծ աղմուկ բարձրացրեց։



Հիշեցնենք, որ 2003թ․ ՀՀ կառավարության որոշմամբ մարզադաշտն ուղղակի վաճառքի ձեւով վաճառվել է ««Հրազդան» մարզաթատերական համալիր» վարձակալական ձեռնարկությանը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին։ Իսկ 2015թ․ հունիսին մարզադաշտը Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ։
Դեռեւս տարիներ առաջ, 2011, 2012թթ․ Արտակարգ իրավիճակների նախարարությունից ի պատասխան Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հարցումների, արձագանքել են․ «Մարզադաշտին կից տարածքի գործառնական նշանակությունը փոխելու, այդ տարածքներում արդեն իսկ կառուցված ոչ կապիտալ շինությունների եւ նոր առեւտրի կենտրոնի կառուցմամբ անտեսվում են անվտանգության ապահովման նպատակով առաջադրվող պահանջները, ինչը կխաթարի մարզադաշտի լիարժեք շահագործումը, կխոչընդոտի մարզադաշտից մարդկանց անարգել եւ անվտանգ տարահանմանը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման, իրականացման եւ հետեւանքների վերացման գործընթացներին։ Ելնելով վերոգրյալից՝ անթույլատրելի ենք համարում «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում նոր առեւտրի կենտրոնի կառուցումը» ։ ԱԻՆ-ից հիշեցրել են նաեւ, որ «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքը ծառայում է արտակարգ իրավիճակների կանխարգելման, տարհանման միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, փրկարարական եւ առաջնահերթ վթարափրկարարական աշխատանքներ կատարելու նպատակներին։



Գուրգեն Մուշեղյանը նկատում է, որ քաղաքացիներն իրավունք ունեն բողոքել ոչ թե սեփականատիրոջ դեմ, այլ սեփականությունը ոչ նպատակային օգտագործելու դեմ։
«Յուրաքանչյուր սեփականություն հանրային սեփականություն է, եւ հանրությունն իրավասու է պահանջելու, որ այն շահագործվի՝ ըստ իր ֆունկցիոնալ նշանակության»,- ասաց ճարտարապետը։



Երկու տարի առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը Աբովյանին մերձակա տարածքում ստեղծեց «Առինջ-մոլ» տոնավաճառը, Աշոտ Աղաբաբյանը որոշում է այդ տարածքում այլ տիպի տոնավաճառ բացել։ Եթե Գագիկ Ծառուկյանի տոնավաճառը կառուցված է ճիշտ վայրում եւ խնդիրներ չի ստեղծում, ապա Աշոտ Աղաբաբյանը վերջերս ներկայացրել է առաջարկություն, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ հիմնի գյուղատնտեսական ապրանքերի առեւտրի մանրամեծածախ տոնավաճառ, որտեղ մուտք կգործեն մեծ բեռնատարները եւ առեւտուր կանեն։



Գուրգեն Մուշեղյանը նշում է, որ այդ տարածքներում նախատեսված է կառուցել տաղավարներ, որոնք էլ անհրաժեշտության դեպքում կխոչընդոտեն մարդկանց տարհանմանը։ Մեր զրուցակիցը նկատում է, որ «Հրազդան» մարզադաշտը հանրային կառույց է, եւ նրա տերն իրավունք չունի վարվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Նա մտավախություն ունի, որ Աշոտ Աղաբաբյանը կարող է այս անգամ հիմնել գյուղատնտեսական ապրանքների առեւտրի մանրամեծածախ տոնավաճառ։



Թագուհի Հակոբյան