Սամվել Ֆարմանյանն ու քաղաքական նոր մշակույթը

Սամվել Ֆարմանյանն ու քաղաքական նոր մշակույթը

6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական՝ Թամրազյանի հետ» հաղորդման եթերում ցնցող հայտարարություն արեց: Ըստ Սամվել Ֆարմանյանի` 6-րդ գումարման ԱԺ-ն ինտելեկտի ավելի մեծ գործակից ունի, քան նախորդ` 5-րդ գումարման ԱԺ-ն: Անմիջապես հարց առաջացավ` ո՞վ որոշեց, ո՞վ անցկացրեց համապատասխան թեստը, որտեղի՞ց Սամվել Ֆարմանյանին այդպիսի «ճշգրիտ» ինֆորմացիա:



Ուզում ես րոպե առաջ իմանալ, թե այդ ինչ մտքի գիգանտներ են մտել խորհրդարան, որ Սամվել Ֆարմանյանն այսպիսի պատասխանատու հայտարարություն է անում: Բայց, առհասարակ, կոռե՞կտ է իր երեկվա եւ այսօրվա գործընկերների միջեւ նման համեմատություն անցկացնելը: Նույն հաջողությամբ, երեւի, Սամվել Ֆարմանյանը կարող էր համեմատել մեր երեք նախագահների IQ-ները, վարչապետների ու նրանց կառավարությունների ինտելեկտի մակարդակները:



Փոխվե՞լ է արդյոք 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Սամվել Ֆարմանյանի IQ-ն դեպի լավը այս նոր` 6-րդ գումարման ԱԺ-ում` դժվար է ասել: Հուսանք, որ նրա ինտելեկտի գործակիցն առնվազն չի փոքրացել, այսինքն` Ֆարմանյանն ինտելեկտուալության բնագավառում նահանջ չի արձանագրել: Հուսանք, որ նահանջ չկա նաեւ մյուս շատ թե քիչ IQ ունեցողների պարագայում: Սակայն, երբ հայացք ես գցում 6-րդ գումարման խորհրդարանին ու նկատում, օրինակ, Հրանտ Բագրատյանի, Վարդան Օսկանյանի, Ռուբեն Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Հովհաննես Սահակյանի, ուրիշների բացակայությունը, իսկույն անվստահություն է առաջանում Սամվել Ֆարմանյանի հայտարարության նկատմամբ:



Պարոն Ֆարմանյաննն իր վերոնշյալ հարցազրույցում բավականին ծանրացել է ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի ընտրության վրա, գովել է Բաբլոյանին, նշել, որ 2012 թվականից նա ՀՀԿ-ական է, իսկ 2007-ից խորհրդարանում է եւ լավ է պատկերացնում խորհրդարանական աշխատանքը: Եթե այս պարամետրերն ես ընդունում որպես չափանիշ, ապա պետք է ասես նաեւ, որ Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ական է անհիշելի ժամանակներից եւ ԱԺ աշխատանքների ավելի մեծ ստաժ ունի: Գումարած դրան` 1 տարով ջահել է Բաբլոյանից եւ շուլուխչի, ինչը շատ կարեւոր հատկանիշ է, եթե ուզում ես լինել ԱԺ բոլոր խմբակցությունների նախագահը: Այնպես որ, նույնիսկ ԱԺ նախագահի հարցում IQ-ի սրընթաց վերելք չկա, որ Ֆարմանյանին հիմք տար այդպես ասելու:



Հաստատ 6-րդ գումարման խորհրդարանի IQ-ի առավելության մասին չի խոսում նաեւ կարեւորագուն մշտական հանձնաժողովներից մեկի` տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում մի մարդու ընտրությունը, ով իր կյանքում որեւէ հաջողություն այդ բնագավառում չի արձանագրել, չնայած ժամանակին նույնիսկ վարչապետ է եղել: Ո՞վ ընտրեց նրան: Բնականաբար, խորհրդարանը` ՀՀԿ ցուցումով: Եվ, ուրեմն, ո՞ւր է այդ խորհրդարանի բարձր IQ-ն:



Ֆարմանյանը խոսել է նաեւ ՀՀԿ-ում տիրող այլակարծության մասին եւ այնպես է խոսել, որ մտածում ես` Սերժ Սարգսյանի հոգին դուրս է գալիս, մինչեւ մի որոշում է անցկացնում կուսակցությունում: Եթե սա ճիշտ է, ուրեմն ՀՀԿ-ում IQ-ի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել, եւ ամենալուրջ քննարկումների արդյունքում են նույն գեներալները, նույն օլիգարխները, նույն օդիոզ դեմքերը, նույն երգիչներն ու ձոներգակ լրագրողները հայտնվել խորհրդարանում: Շմայսի բացակայությունն էլ, հավանաբար, ներհհկական լուրջ քննարկումների հետեւանք է, թեեւ նույն ինքը` Շմայսը, ասել էր, որ մանդատն իրեն «էլ կայֆ չի տալըմ»: Էլ չեմ խոսում այն մասին, որ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, միակ ՀՀԿ-ականն է, որ կողմ է եղել կիսահհկականներ Արտաշես Գեղամյանի եւ Հայկ Բաբուխանյանի անունները ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկելուն: Այնպես որ, հարգելի պարոն Ֆարմանյան, այնպեսի բաներ մի ասեք, որ եփած հավը կչկչա, կամ սեփական IQ-ի հետ կապված խնդիրներ առաջանան:



Ես երբեք այսպիսի ցցուն համեմատություն չէի անցկացնի ՀՀ տարբեր գումարումների խորհրդարանների միջեւ: Խորհրդարանը տարբեր քաղաքական ուժերից ձեւավորվող մարմին է, որը, նայած ներքաղաքական ու արտաքին քաղաքական հանգամանքներին, ձեւավորվում է այդ հանգամանքներին համապատասխան եւ, կարելի է ասել, այդքանով էլ տարբերվում է իր նախորդներից եւ հաջորդից: Եվ, այնուամենայնիվ, մի բան արձանագրենք: Հինգերորդ գումարման խորհրդարանի IQ-ի պակաս չունեցող ընդդիմությունը` ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգություն», անցած 5 տարիներին խայտառակվեց բառիս բուն իմաստվ, եւ, որպես այդ ընդդիմության այլընտրանք, մարդիկ տեսան «Ելք»-ին ու հիմնականում «Ելք»-ով կասեցրին IQ-ի անխուսափելի գահավիժումը խորհրդարանում: Ափսոս միայն, որ նախորդ խորհրդարանի շատ արժանի գործիչներ, սեփական ամբիցիաների, թե ինչի պատճառով, չկարողացան ճիշտ գնահատել ներքաղաքական իրավիճակն ու դուրս մնացին օրենսդիր մարմնից:




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ