Դա իմ թույլ կողմն ա, որ ծառերը պետք ա լավ աճեն

Դա իմ թույլ կողմն ա, որ ծառերը պետք ա լավ աճեն

Ապրիլի կեսերին հայտնի դարձավ, որ Դավթաշեն վարչական շրջանում 23 բարդի հատելու համար ձերբակալվել է Ալեքսան Սամսոնյանը, նրան նախ ազատ են արձակել, հետո՝ քննիչի միջնորդությամբ կալանավորել։ Սամսոնյանը եւ փաստաբանը մշտապես պնդում էին, որ ծառերը վերականգնվելու են, որովհետեւ տեղի է ունեցել ոչ թե ծառերի հատում, այլ խորը էտ։



Հարցն այնքան քննարկվեց, որ դրան անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դատապարտելով տեղի ունեցածը եւ նշելով, որ կատարողը պետք է օրենքի ուժով պատասխանատվություն կրի։ Ծառերի էտողին կամ հատողին չմոռացավ դատապարտել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ այն որակելով «վանդալիզմություն»։



Ի՞նչ եղավ հետո



Եղավ այն, ինչ սպասում էին Ալեքսան Սամսոնյանը եւ նրա փաստաբան՝ Արմեն Մելքոնյանը․ ծառերը սկսեցին ճյուղավորվել, ծիլեր տալ։ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ այդ ամենը արձանագրել էր եւ խնդրել, որպեսզի կալանավորվածին ազատ արձակել։ Նրան միացել էին բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ։



Ազատ արձակվեց



Մոտ 20 օր անց Ալեքսան Սամսոնյանն ազատ արձակվեց, սակայն նրա նկատմամբ հարուցված քրեական գործը չկարճվեց։ Փաստաբանը նշել էր, որ Գլխավոր դատախազությանը բողոք են ներկայացրել խափանման միջոցը փոխելու մասին, որը և բավարարվել է։



Շարունակելու է խնամել ծառերը



«Հրապարակ»-ի հետ զրույցում Ալեքսան Սամսոնյանն ասաց, որ ծառերը ծիլեր են տվել. «1995-97 թ ես եմ տնկել, ես տիրություն եմ արել, հիմա էլ եմ նայում, աչքի լուսի պես պահում եմ՝ ինչ տարբերություն։ Դա իմ թուjլ կողմն ա, որ ծառերը պետք ա լավ աճեն»։



-Մշտապես դո՞ւք եք էտել ծառերը։



Դե մենք էլ ենք արել, իրենք էլ են արել։ Այս անգամ մի քիչ խորը ստացվեց, որովհետեւ բարդին հատկություն ունի, որ վերեւից ա փտում, որովհետեւ տակից ինքը սնուցվում ա վերեւին չի հասցնում։ Ես էլ ուզում էի փրկեի, Փառք Աստծո, տակից ճյուղերը տվել են, փարթամ աճում ա։



-Այսինքն՝ դուք վստահ էիք, որ ճյուղեր է տալու ծառերը։



Իհարկե։



-Զարմանալի չէ՞ր, որ նախագահը արձագանքեց։



Անկեղծ ասած՝ չէի սպասում, որովհետեւ ես մտածում էի, որ լավ գործ եմ անում, բարի գործ եմ անում։ Ես մտածելով լավ բան անեմ՝ հակառակ էֆֆեկտը տվեց, ոչ վառելափայտ ա, ոչ շինափայտ ա։ Ես տուաի տակը թփեր եմ տնկել, կարճացրել եմ, որ տուաներին փրկեմ։ Ես նենց եմ արել, որ երկուսն էլ փրկեմ։



-Շարունակելո՞ւ եք խնամել ծառերը։



Իհարկե, հիմա էլ եմ ես խնամում։ 



Ալեքսան Սամսոնյանը նաեւ նշեց, որ քրեական գործի քննությունը շարունակվում է, թեեւ դեռ ոչ մի քննչական գործողություններ չեն կատարվել։