Գուցե պետք է «գողականո՞վ» սխալ հանել

Գուցե պետք է «գողականո՞վ» սխալ հանել

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների կործանարար հետեւանքներն իրենց ողջ հմայքով նոր-նոր են սկսել երեւալ: Մանդատների բաժանում, ԱԺ նախագահի ընտրություն, փոխնախագահների ընտրություն, հանձնաժողովների նախագահների եւ անդամների ընտրություն, նոր անուններ, աշխատասենյակների համար գզվռտոց եւ այլն, տրամաբանական որեւէ կապ չունեն այն ամենի հետ, ինչը կոչվում է հետընտրական քաղաքական պրոցես: Ավելին՝ այդ ամենը կապ չունի անցած խորհրդարանական ընտրությունների հետ, թեեւ տեղի ունեցավ իբրեւ այդ ընտրությունների արդյունք: Դրանք ընտրությունների կեղծ պտուղներն են, իսկ բուն «բերքը»` իր դառը համով, մնացել է դրսում, եւ այն պետք է ճաշակի հասարակությունը:



Իրավապահ մարմիններն օրական 5-7 քրեական գործ են հարուցում իբր արձանագրված ընտրախախտումների հիմքերով, առանձին մարդկանց բողոքներով, մամուլի հրապարակումներով, դիտորդական կազմակերպությունների կազմած արձանագրություններով եւ այլն: Ինչի՞ համար է դա: Մի՞թե միայն այն բանի համար, որ ցույց տան, թե դրանք դույզն-ինչ չէին կարող ազդել ընտրությունների ելքի վրա: Սա նույնպես իմիտացիա է` Հայաստանում իրավունքի առկայության իմիտացիա, թե՝ տեսեք-տեսեք, բռնում, դատում ենք ընտրական օրինազանցներին: Եվ այդ իմիտացիայի ձեւավորմանը հաճույքով են մասնակցում թե իրավապաշտպանները, թե դիտորդական առաքելությունները, թե լրատվամիջոցները, որոնք, ասես, գործում են ՔԿ-ի, ՀՔԾ-ի, դատախազության հետ թեւ թեւի տված` բավարարվելով միայն քրեական գործերի հարուցման մասին այդ գերատեսչությունների տարածած ռելիզներով: Մոլորություն է մտածելը, որ իշխանության վերարտադրությանը ծառայող այդ կառույցները, քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունեցել համակարգային փոփոխություններ, կծառայեն իշխանությանն ի նպաստ կատարվող ընտրակեղծիքների վերացմանը: Հետեւաբար, այո, սա էլ որեւէ կապ չունի ընտրությունների հետ, իսկ եթե ինչ-որ կերպ էլ աղերսվում է ընտրական գործընթացին, ապա միայն այնքանով, որ վարագույրի դեր է կատարում բուն ընտրությունը հետագա զիզի-բիզի բաներից տարանջատելու եւ խորհրդարան ընկածների «թույն» տրամադրությունը չփչացնելու համար:



ԱԺ բազմաթիվ, այսպես կոչված՝ ռեյտինգային պատգամավորներ մանդատ են ստացել պարզ սրիկայության ճանապարհով: Եվ պատկերացրեք, որ ընտրակաշառք բաժանելը դեռ ամենամեծ հանցանքը չէ, որ նրանք գործել են: Ընտրողին նվեր են տվել, խոստումներ, նրա համար հարց են լուծել… ընտրակաշառքը, ինչպես տեսնում ենք, բավականին լայն հասկացություն է, եւ ամենաանմեղ լավությունն այդ օրերին կարող է որպես ընտրակաշառք դիտվել: Բայց պարզվում է, որ վայ ռեյտինգայիններից շատերի շտաբները խաբեությամբ մարդկանց են ներգրավել իրենց աշխատանքներում, վայելել այդ մարդկանց աշխատանքի պտուղները եւ չարչի առեւտրականի հոգեբանությամբ «քցել»`չվճարելով նրանց խղճուկ աշխատավարձերը: Դատելով խաբված քաղաքացիների բողոքներից, համացանցում հայտված տեսանյութերից, որոնցում նրանք հստակ անուններ տալով պատմում են, թե ինչպես են իրենց հավաքագրել ու խաբել, կարելի է ասել, որ Հայաստանում մարդու շահագործումը մեկ-երկու հաշվի գործ է, մինչդեռ եվրոպաներում կարծում են, թե, ի դեմս Հայաստանի, արեւելյան գործընկեր ունեն: Նման բանի համար եվրոպաներում սրիկաներին բանտ են նստեցնում, իսկ Հայաստանում նրանց բազմեցնում են պատգամավորի աթոռին:



Հասարակ քաղաքացուն «քցելը» ոչ մի օրենքով, նույնիսկ «գողականով» չի քաջալերվում: Հետեւաբար, պետք է միառժամանակ կասեցնել ԱԺ աշխատանքը եւ այնտեղից մեկիկ-մեկիկ դուրս հրավիրել, այնուհետեւ դատի տալ այն «շուստրիներին», որոնք նախընտրական փուլում շահագործել են մարդկանց եւ չեն վճարել: Նման պատգամավորներ մեզ պետք չեն, նրանք անընդունակ են որեւէ օրենք գրել, որով կպաշտպանվի ՀՀ քաղաքացու իրավունքը, եւ կամ Հայաստանը դուրս կբերվի կոլխոզ-շուկայական այս վիճակից: Թքած, թե նրանք շատ փող չեն ծախսել պատգամավոր դառնալու համար: Նրանք տեղ չպետք է ունենան ԱԺ-ում, նրանք խաբել են սեփական ժողովրդին, վարկաբեկել են նաեւ այն կուսակցությունը, որի ցուցակով մասնակցել են ընտրություններին, նրանք խայտառակել են կուսակցության այն ղեկավարին, որի համաձայնությամբ եւ «դաբրոյով» ձեռնահասություն են ստացել երկրի քաղաքական գործերին:



Խաբեբաների օձիքները հավաքել եւ ստիպել, որ նրանք վճարեն հարյուրավոր մարդկանց (հիմնականում երիտասարդներ) աշխատավարձերը, դեռ հարցի լուծում չէ, թեեւ դա նույնպես պետք է անել: Բայց դա պետք է անել սրիկաներին ԱԺ-ից վռնդելուց հետո` առանց նայելու, թե որքան ձայն են բերել կուսակցությանը: Այդ ձայները նրանց ձայները չեն, այլ արյուն-քրտինքն այն մարդկանց, որոնց խաբել են եւ թողել ձեռնունայն:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ