50 հազար դոլար ներդրողը ՀՀ քաղաքացի է դառնալու

50 հազար դոլար ներդրողը ՀՀ քաղաքացի է դառնալու

Կառավարության հնգամյա ծրագրի «Ներդրումներ» բաժնում նախատեսվում է օտարերկրյա ներդրողների խրախուսման մեզանում արտասովոր ձեւ։ Քաղաքացիություն է շնորհվելու 50 հազար դոլարից բարձր ներդրումներ կատարած օտարերկրացիներին։ Առայժմ սա հայեցակարգ է, որը վերջնական տեսք չի ստացել։ Օտարերկրյա ներդրումների խրախուսման այս տարբերակն աշխարհում լայն տարածում ունի։ «Շատ երկրներ՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Լատվիան, Բուլղարիան, ունեն այսպիսի ծրագրեր,- պարզաբանում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման վարչության պետ Վահագն Լալայանը։ Երկու տեսակի են լինում խրախուսման մեխանիզմները՝ կամ ռեզիդենտություն է շնորհվում, այսինքն՝ կացության իրավունք, կամ միանգամից քաղաքացիություն»։ Միջազգային փորձագիտական ընկերությունների գնահատականներով, շուրջ 20 հազար մարդ ներդրումների խրախուսման ծրագրերով ստանում է որեւէ երկրի քաղաքացիություն։ Վահագն Լալայանին մի քանի հարց ուղղեցինք։ 



- Ինչո՞ւ եք կարծում, որ օտարերկրյա ներդրողներին պետք է մեր քաղաքացիությունը։ Ինչո՞վ է այն հեշտացնելու ներդրողի կյանքը։



- Ամբողջ իմաստը հայկական անձնագրի ստացումն է, որը թույլ կտա տեղաշարժվել առանց վիզայի։ Որքան ավելի շատ երկրներ կարող ես գնալ քո անձնագրով, այնքան պահանջը մեծ կլինի։ Այսօր 61 երկիր մենք կարող ենք առանց վիզայի գնալ։ Կարելի է ասել, որ հայկական անձնագիրն ամենաթույլերի մեջ չէ։ Ըստ միջազգային գնահատումների, առաջիկա 5 տարում մոտ 2 հազար դիմորդ ենք ակնկալում։ Միջինը 50-400 հազարի ներդրումներ կարող են լինել՝ թե բիզնես բացելու, թե արժեթղթեր գնելու, թե պարտատոմսերում, անշարժ գույքում, բիզնեսում։ Ինչ-որ օպտիմալ մոդել կգտնենք, բնականաբար՝ քննարկումներ կլինեն։



- Այսինքն՝ միայն անձնագրի ուժն է գայթակղիչ պահը, որը հնարավորություն կտա տեղաշարժվելու։ Այլ շահագրգռությո՞ւն։



- Կան երկրներ, որոնք ունեն սահմանափակումներ՝ տեղացիներին եւ օտարազգիներին տարբերակող։ Բայց մեզանում նման սահմանափակումներ չկան։ Քանի որ մենք Հայաստանի անկախացումից ի վեր բաց դռների քաղաքականություն ենք վարում, մեզ մոտ օտարերկրյա ներդրողները տեղացիների հետ ունեն հավասար իրավունքներ։ Այս իմաստով նոր բան չենք տալիս։



- Հետին ուժ տալո՞ւ եք իրավական ակտերին։ Շատ մարդիկ կան, որոնք նախկինում այստեղ ինչ-որ գույք են գնել։ Նրանք է՞լ են քաղաքացի դառնալու։



- Դեռ վերջնական տեսքի կբերենք հայեցակարգը, բայց, իմ կարծիքով, հետին ուժ չենք տա։ Նման իրավական ակտերին հետին ուժ տալու պրակտիկա էլ չկա։



- Ռիսկեր տեսնո՞ւմ եք։



- Մենք քննարկել ենք այդ հարցը։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ չարամիտ խախտողներ կամ քրեական անցյալ ունեցող մարդիկ կգան, կամ կասկածելի գումարներ կբերվեն, բայց ամբողջ աշխարհում էլ նման ծրագրեր իրականացնելիս որոշակի չափանիշներով են առաջնորդվում։ Մարդը, որ գալիս է քաղաքացիություն ստանալու, բոլոր փաստաթղթերը բերում է իր հետ։ Կան կազմակերպություններ, համապատասխան պետական մարմիններ, որոնք այդ մարդկանց փաստաթղթերն ստուգում են, եկամուտների աղբյուրները եւ այլն։ Դա, իհարկե, կարվի նաեւ մեզանում եւ մեր պետական մարմինների կողմից, նաեւ մենք հնարավորություն կունենանք այլ կազմակերպությունների դիմել։ Իմիջիայլոց, սա լինում է դիմողի հաշվին։ Նաեւ մենք տարբեր կոնվենցիաների ենք միացել՝ եւ փողերի լվացման, եւ ահաբեկչության դեմ պայքարի մասով, եւ այս իմաստով համարյա զրոյական է ռիսկը։



- Օտարերկրյա ներդրողին քաղաքացիություն շնորհելիս պահանջելու ենք, որ նա հրաժարվի՞ իր երկրի քաղաքացիությունից, թե՞ կարող է նաեւ երկքաղաքացի դառնալ։



- Չեմ կարող ասել։ Կապված կլինի նաեւ տվյալ երկրի հետ մեր երկկողմ հարաբերությունների մասին պայմանագրի կետերից։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ