Հանգստանում են հայերը

Հանգստանում են հայերը

Այս օրերին առանձնապես բան չկա գրելու: Հիմնական թեման ամառային հանգիստն է, բայց այդ թեման էլ այնքան ստանդարտ է դարձել, որ անհնար է որեւէ նորություն ասելը:



Բոլորին է հայտնի, որ ՀՀ բնակչությունն ամառային հանգիստը կազմակերպելու առումով 4 պայմանական խմբի է բաժանվում` չհանգստացողներ, Վրաստան գնացողներ, Սեւանի ափին տանջվողներ եւ «հաբռգածներ»: Այս խմբերն իրենց առանձին ենթախմբերն ունեն, գործում են նաեւ միջխմբային կապեր: Օրինակ` պայմանականորեն «հաբռգած» կոչվող խմբից կարող են հանկարծ անցում կատարել «Վրաստան գնացողներ» խումբ, երբ գործերն այնքան էլ լավ չեն կամ վատ են, եւ կամ քեռուն ազատել են պաշտոնից: Կարծում եմ` հասկանալի է, թե խոսքն ինչի մասին է: Կարող է նաեւ հակառակը լինել` ավելի ցածր խմբից անցնեն բարձր խումբ, երբ մոտ ազգականին պաշտոն են տվել, կամ երջանիկ պատահականությամբ փողի ավելցուկ է առաջացել: Ինչեւէ:



Նորություն չունենք հայտնելու նաեւ մեր պաշտոնյաների ամառային հանգստի մասին: Երբ ձայնագրիչը դեմ ես տալիս, հայտարարում են, թե հանգիստն անցկացնելու են հայրենի գյուղում, հայրական տանը, այգի են մշակելու եւ այլն: Բայց մեկ էլ լուրը հասնում է, որ այսինչ պաշտոնյային շորտիկով տեսել են Իսպանիայում: Երեւի մարդու հայրենի գյուղն Իսպանիայում է, ի՞նչ կարող ես անել:



Մի թեթեւ նորություն կա վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կապված: Նա երեւի այս տարի կհամալրի չհանգստացողների խումբը, այսինքն՝ հանրապետությունում կմնա: Բայց Կարեն Կարապետյանը, օրինակ, Տիգրան Սարգսյանի հանգույն չի պահանջում, որ մյուս պաշտոնյաներն էլ մնան Հայաստանում, գնան Արցախ կամ տառապեն Սեւանի ափերին, Ամասիայի բլուրներին եւ Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում: Չգիտեմ, վարչապետը մի տեսակ, կարծես, անտարբեր է այս հարցերի հանդեպ: Մեռելոցների հարցում էլ նույն անտարբերությունն է դրսեւորում:



Այնպես է ստացվել, որ ապրում եմ Հրաչյա Աճառյան փողոցում: Առանց ինձ ողջունելու ոչ հանրապետության նախագահը, ոչ նրա ազիզ հյուրերը, ոչ էլ Սեւանը նախընտրող ՀՀ քաղաքացիները իմ տան մոտով չեն անցնում: Ամեն ինչ տեսնում եմ: Երեկոյան էլ ականատես եմ լինում Սեւանից վերադարձող հոսքին` հարբած, սիգնալ են տալիս, ահաբեկում շրջակա բնակչությանը: Գնում են, օրն անցկացնում Սեւանի ափին եւ օղու վերջանալու հետ ճանապարհվում հետ` Երեւան: Բայց սա հանգիստ չէ: Ինձ թվում է` այս մարդիկ ուղղակի տառապում են: Տառապանքից շատ չի տարբերվում հանգիստը Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում: Փող կլանելու դանայան տակառ են այս քաղաք-հանգստավայրերը: Նույնիսկ «հաբռգածներն» են մտածում` գնա՞լ Դիլիջան, թե՞ ոչ: Փող կա, իհարկե, բայց այդ փողի դիմաց Դիլիջանը ոչինչ չի տալիս. սա է հարցը: Եվ մեր «հաբռգածները» նախընտրում են Միջերկրականի էկզոտիկ ափերը, եվրոպական հանգստավայրերը, ընդհուպ` զանազան «Նանարյան» կղզիները: Ունենք «հաբռգածներ», որոնց ամառային հանգիստը չի դադարում զարմացնել աշխարհի շեյխերին: Դե արի ու այդ «հաբռգածներին» համոզիր, որ հանգստանան Ջերմուկում: Այս խմբում քիչ չեն նաեւ համեստ «հաբռգածները», որոնց ոչ այնքան շքեղություններն են հրապուրում, որքան օտար մշակույթների հետ շփումն ու տուրիզմը` բառիս բուն իմաստով: Դա էլ թանկ հաճույք է, ինչ խոսք, բայց գոնե օգտակար բան կա մեջը:



Է՞լ ինչ ասեմ արձակուրդից առաջ: Մենք` լրագրողներս էլ, երբ թերթ չի տպագրվում, մի քանի օր արձակուրդ ենք ունենում ու յուրաքանչյուրս յուրովի կազմակերպում այն: Մենք էլ մեր ժողովրդի նման 4 խմբի ենք բաժանվում, մեր մեջ էլ կան չհանգստացողներ, Վրաստան գնացողներ, Հայաստանում տառապողներ եւ «հաբռգածներ»: «Հաբռգած» լրագրողներին բոլորն են ճանաչում, անունները մեկառմեկ չտամ: Մեր էլիտան են համարվում, էն, որ շարվում են Սերժ Սարգսյանի առաջ ու գլխով անում կամ այսուայն օլիգարխի PR-ով զբաղվում: Մեծ թիվ չեն կազմում «հաբռգած» լրագրողները, բայց կարողանում են ապահովել հայկական լրատվամիջոցների (մանավանդ՝ ծելեների) հարկավոր ուղղվածությունը:



Մեր համքարության ամենամեծ խմբերը չհանգստացողներն ու Վրաստան գնացողներն են: Այս երկու խմբի լրագրողներին զուտ ֆինանսական առումով կարելի էր նույնիսկ միավորել, եթե Վրաստան գնացողները վերադառնալուց հետո չպատմեին, թե ինչքան լավ էր այնտեղ: Իսկ Վրաստանում իրոք լավ է եւ ավելի լավ կլինի, եթե «գործարար» հայերը, օրինակ, Քոբուլեթիի սրճարանները չվարձակալեն 3 ամսով եւ հոր գները չդնեն ճաշացանկի վրա, եթե «կլիենտ» բերելու համար փայ չմտնեն հյուրանոցների ու հյուրատների բիզնեսում, այլ խոսքով` եթե չմունդռեն Վրաստանը:
Թերեւս՝ այսքանը: Մինչ նոր հանդիպում:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ