Շամիրամում զոհվածների թվում եզդի հեղինակություններ կային

Շամիրամում զոհվածների թվում եզդի հեղինակություններ կային

Օգոստոսի 1-ի առավոտյան Շամիրամ գյուղի սգո սրահում կրակ բացած, 4 անձանց սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը դեռ հետախուզման մեջ է։ Նրա լուսանկարը տարածվել է, նրան փնտրում են ոչ միայն ոստիկանները, այլեւ արագ հարստացման սիրահարները։ Նրա մասին տեղեկություն տվողին ոստիկանությունը խոշոր դրամական պարգեւ է խոստացել։ Տարբեր չափեր են նշվում մամուլում՝ 1-10 մլն․ դրամ։ Մեր ոստիկանության համար սա անսովոր պրակտիկա է, որը կիրառվում է ծայրահեղ դեպքերում, առանձնապես «կարեւոր» հանցագործներին բացահայտելու համար։ Ծայրահեղ կարեւորների թվում է հայտնվել նաեւ Թելման Քալաշյանը։ Նրան հայտնաբերելու համար շահագրգռված է ողջ եզդի համայնքը։ Քալաշյանը հանդգնել է հարամել եզդիների ազգային ավանդույթը։ Դրա համաձայն, յուրաքանչյուր տոհմ տարվա մեջ մի սուրբ օր ունի, երբ հոգեհանգստի հաց է տալիս իր հանգուցյալների հիշատակին։ Ողբերգության օրը՝ օգոստոսի 1-ը, ըստ Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանի, Ռամոշիների ցեղի օրն էր, որն այսուհետ մեծ վշտի օր է լինելու ամբողջ գյուղի համար։ «Այդ օրերին մեր ամբողջ համայնքը մասնակցում էր, հոկտեմբերի 1-ին էլ մյուս ցեղի օրն է, էլի բոլորը գալու են՝ հավաքվեն»,- ասում է նա։ Մրազ Բրոյանը հայտնեց, որ հետախուզվող Թելման Քալաշյանը Ռամոշիների ցեղից է, նրանց հեռավոր ազգականը։ Ինչպես հաղորդվել է, նա Մյասնիկյան գյուղի բնակիչ է եւ սգո սրահ էր եկել իր պարտքը՝ 100 հազար դոլարն ստանալու։ Բացի եզդիների սուրբ օրը պղծելուց, Թելման Քալաշյանն այլ աններելի արարք է կատարել։ Բանն այն է, որ սպանվածների թվում եղել է համայնքի հեղինակություն, «բարձր տղա» Զորոն, որը 100 հազար դոլար է պարտք եղել Քալաշյանին։ Նա ընդամենը 33 տարեկան էր։ Բացի Զորո Օզմանյանից, այդ օրը զոհվել են նաեւ Աղասի Ահմադի Քալոյանը, որը նույնպես հեղինակավոր եւ հարգված անձնավորություն էր։ Նրա եղբայրը մեծահարուստ է, բնակվում է ՌԴ-ում։ Քալաշյանին զոհ են գնացել նաեւ Ամո Հասանի Խուդոյանը՝ 1961 թ․ ծնված, եւ զառամյալ մի ծերունի՝ Ամրո Օզմանյանը, որը 82 տարեկանում մահացավ բռնի մահով։ Ըստ Քննչական կոմիտեի տվյալների, Քալաշյանն օգտագործել է «Սայգա» տեսակի, իր անվամբ գրանցված որսորդական հրացան, իսկ հանցանքը կատարելուց հետո «Շամիրամ գյուղի սկզբնամասից դիմել է փախուստի հորեղբոր` 1950 թ. ծնված Քյարամ Քալաշյանի օգնությամբ՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով»: Հետագայում Քյարամ Քալաշյանն ինքնակամ ներկայացել է եւ խոստովանել, որ օգնել է իր զամիկին փախչել։ Մեր աղբյուրները վկայում են, որ Թելման Քալաշյանը մի քանի անգամ գնացել է պարտքի հետեւից, նրան ամեն անգամ պատասխանել են, որ փող չեն տալու։ Վերջին անգամ խոստացել է, որ կգա ու «կվերցնի»։ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրված սպանության եւ ապօրինի զենք-զինամթերք կրել-օգտագործելու հոդվածներով, իսկ նրա 67-ամյա հորեղբորը՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ