Վերջին 10 տարում մոմերը թանկացել են ավելի քան 10 անգամ

Վերջին 10 տարում մոմերը թանկացել են ավելի քան 10 անգամ

Մոմավաճառությունը Հայ առաքելական եկեղեցու եկամուտների աղբյուրներից մեկն է։ Մոմն արտադրում է Մայր Աթոռը Գայանե վանքի մոտ գտնվող ձուլարանում, ապա ցրում ողջ Հայաստանով մեկ: Հավատացյալները սրբորեն հավատում են, որ եկեղեցու արտադրած մոմն ավելի լավն է, քանի որ «աղոթած» է, այսինքն՝ օրհնված: Սա բիզնես-առավելություն է տալիս Սուրբ Էջմիածնին եկեղեցիների մոտ մոմ վաճառող մրցակիցների՝ պապիկ-տատիկների հանդեպ: Դժվար է հաշվել, թե որ եկեղեցում տարեկան քանի մոմ է վաճառվում։ Մայր Աթոռը ո՛չ հրապարակային հաշվետվություններ է ներկայացնում, ո՛չ էլ կտրոն է տալիս վաճառված մոմերի համար ու հարկ վճարում։ Սակայն մոմի շուկայի դինամիկան միանգամայն հաշվելի է։



Այսպես․ շատ տարիներ առաջ եկեղեցիներում կարելի էր 5 դրամով մոմ գնել։ Վերջին 10 տարում Հայաստանում մոմի գինը 5-10-ից աճել է մինչեւ 60 դրամ։ Այդքան արժեն ամենաէժանագին մոմերը: Ի՞նչն է թանկացել՝ պարաֆի՞նը, թե՞լը, թե՞ օրհնությունը: Ըստ 2017 թվականի վիճակագրական տվյալների, պարաֆինի համաշխարհային գները բարձրացել են 9 տոկոսով։ Հայաստանում պարաֆինի մեկ կգ-ն արժե միջինը մոտ 450 դրամ: Սակայն մոմի գնի աճն անհամեմատ բարձր է։ Տարին մի քանի անգամ 3-4 մեծ ֆուռ պարաֆին է գալիս Էջմիածին, եւ առաջին-երկրորդ կուրսի ուսանողներին ուղարկում են ֆուռերը բեռնաթափելու։ Եկեղեցապաշտ մեր ազգակիցները գումար չեն խնայում մոմ գնելու համար, թանկացումն ազդում է միայն անապահով հավատացյալների վրա։ Այնինչ մոմը չպետք է թանկ լինի, որպեսզի ցանկացած ոք կարողանա այն գնել ուրախությամբ, ընտանիքի անդամների թվով, ինչպես ընդունված է մեր ազգի մոտ՝ առանց անհարմարության զգացողություն ապրելու։ Աշխարհի շատ երկրներում ընդհանրապես մոմ չեն վաճառում՝ փոքրիկ մետաղական մոմերի սեղանիկի կողքին արկղ է դրված, որտեղ մարդն իր սրտի կամոք գումար է գցում, մոմ վերցնելուց հետո։
Տեղեկություններ ունենք Մայր Աթոռի սպասավորների շրջանից, որ Զատիկի եւ Սուրբ ծննդյան օրերին միայն Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Սարգիս եկեղեցիներում օրական 20 մլն․ մոմ է վաճառվում։ Մարդիկ կան, որոնք խրձերով են գնում այս «ապրանքը»՝ համոզված լինելով, որ որքան ավելի շատ փող ծախսեն մոմի վրա, այնքան ավելի Աստծո աչքը քաղցր կլինի իրենց վրա: Մենք փորձեցինք Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանից պարզաբանում ստանալ, թե ինչու են մոմերն այդքան թանկացել, ինչ գնով են հումքը բերում, տարեկան որքան մոմ է պատրաստվում Էջմիածնում, ինչ եկամուտ ունի եկեղեցին մոմի վաճառքից եւ այլն: Նա մեզ պատասխանեց, որ մեքենայի ղեկին է, հետո կզանգահարի, եւ խաբեց, ինչը Գարեգին Բ-ի խոսնակի դեպքում զարմանալի չէ: Մեզ «փրկեց» «Գուգլ» որոնողական համակարգը, որտեղ գտանք Էջմիածնի պաշտոնական դիրքորոշումը. «Մոմավառությունը բարեպաշտական սովորություն է: Այն յուրաքանչյուր հայորդու նվիրատվությունն է եկեղեցուն: Հարկ է նշել, որ մոմավառությունը, իր խորհրդաբանական կողմից բացի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի համար եկամտի աղբյուր է: Ուստիեւ մոմի գնի թանկացումը չի բխում միայն տնտեսագիտական հաշվարկներից: Մոմավառությունից գոյացած գումարով է, որ եկեղեցին հոգում է իր վարչական ծախսերը, իրականացնում տարբեր սոցիալական ծրագրեր, կազմակերպում եկեղեցիների պահպանությունը»: Բարոյախրատական մասը բաց ենք թողնում:



Ստացվում է, որ եկեղեցին ինչ գին ուզում՝ դնում է, ելնելով իր կարիքներից: Ի դեպ, մոմերի թանկացման հիմքում կարող է սպառման նվազումը լինել, ինչն իր հերթին արտագաղթի հետեւանք է: Եկեղեցին, չստանալով նախկին եկամուտը, ստիպված է թանկացնել իր արտադրանքը: Իսկ մոմի վաճառքի նվազումը փաստել են մեր սրբազանները: Անցյալ տարի աշխարհիկ իշխանության ներկայացուցչի՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է խոսել արտագաղթի եւ գյուղերում տիրող սոցիալական վիճակի մասին, իսկ թեմի հաշվապահն այդ հանդիպման ժամանակ խոսել է բնակիչների անվճարունակության, մոմի վաճառքի նվազման եւ արտերկրից եկող տրանսֆերտների պակասի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մասին, նշել, որ դա ազդել է թեմի բնականոն կենսագործունեության վրա: Սեպուհ սրբազանն անգամ աջակցություն է խնդրել համայնքապետարաններից. «Խիստ կարեւոր է, որ համայնքապետերը եւս իրենց նյութական ու բարոյական աջակցությունը ցուցաբերեն: Ներկայումս մեր պետությունը եւ եկեղեցին հայտնվել են դրամի կայսրության ճիրաններում, այսինքն` մամոնայի գերիշխանությունն է: Աղոթենք, որ այս փորձությունից եւս անվնաս, անկորուստ ազատագրվենք: Հորդորում եմ ձեզ` արթուն կացեք եւ աղոթեցեք»: Մոմի վաճառքի կրճատման եւ արտագաղթի միջեւ կապը փաստում է նաեւ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ «Ժողովրդի նվազումը չի՞ ազդում մոմի վաճառքի վրա: Բնականաբար, ազդում է: Միայն արտագաղթը չէ, նաեւ ժողովրդի աղքատացումն է մոմերի վաճառքի նվազման պատճառը»,- մեզ հետ զրույցում ասաց նա՝ խոստանալով այս թեմայի շուրջ խոսել ավելի ուշ՝ արձակուրդն ավարտելուց եւ Հայաստան վերադառնալուց հետո:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ