Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ընդառաջ

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ընդառաջ

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկում է Համահայկական խորհուրդ ստեղծել, ուստի կրկին ակտուալ են դառնում համազգային-համահայկական օրակարգային հարցերն ու դրանցում ներհայաստանյան եւ տարածաշրջանային հարցերի ընդգրկումը: Արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մոտ1200 հոգի է մասնակցելու, որի ժամանակ էլ ձեւավորվելու է վերը նշված խորհուրդը: Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչ առաքելություն է ունենալու այդ խորհուրդը, որի մասին որեւէ հստակ ինֆորմացիա այս պահին չկա: Արդեն իսկ համաժողովին 1200 հոգու մասնակցությունը հուշում է մի բան՝ Սերժ Սարգսյանը լուրջ հույսեր է կապել այդ խորհրդի հետ եւ առավելագույնս ցանկանում է ներկայացուցչական դարձնել այն՝ դրանով իսկ լեգիտիմություն ապահովելով այդ մարմնի համար, հատկապես Սփյուռքի աչքում: 



Սա շատ բարդ գործ է: Եթե ինքդ ունես լեգիտիմության խնդիր, արդեն իսկ լուրջ խոչընդոտի առաջ ես կանգնելու քո ստեղծած կառույցի լեգիտիմությունն ապահովելու համար: Նման լեգիտիմություն ունենալու համար խորհուրդը պետք է վայելի համահայկական-համազգային նշանակության կառույցների վստահությունը: Իսկ որպես այդպիսին՝ 2 կառույց կա, որոնք այս պահին գտնվում են Սերժ Սարգսյանի լիարժեք ազդեցության ներքո: Խոսքը ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի եւ Հայ առաքելական եկեղեցու մասին է: Այս երկու կառույցներից առաջինը, որպես քաղաքական կառույց, ըստ ամենայնի, կլծվի Համահայկական խորհրդի գովազդին, իսկ Հայ առաքելական եկեղեցին էլ, որպես կրոնական կառույց, որը ներկայացված է բոլոր հայկական գաղթօջախներում, կմասնակցի դրան, եւ երկուսն էլ, երեւի, նման սեւ գործ կատարելու համար այս կամ այն կերպ իրենց վարձատրությունն ստանան: Այլ է հարցը, թե դեռեւս մեծ մասամբ անհասկանալի կառույցն ինչին է ծառայելու:



Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը կայանալու է սեպտեմբերին: Նույն սեպտեմբերին տեղի է ունենալու նաեւ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում։ Չի բացառվում, որ տեղի ունենա նաեւ Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Ինքնին հասկանալի է, որ երկու հանդիպումների օրակարգում էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն է, եւ հնարավոր է որոշակի տեղաշարժեր լինեն այդ հարցերում, որքան էլ որ կողմերի դիրքերն աներեր են: Եվ կասկածներ կան, որ Համահայկական խորհուրդը կարող է դառնալ Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցային գործընթացի քայլերը Սփյուռքի աչքում հիմնավորելու, սփյուռքահայության հետ խորհրդակցելու պատրանքն ապահովելու եւ լեգիտիմացնելու գործիք: Ի վերջո, անկախ հայրենասիրական պաթետիկ հայտարարություններից, պարզ է, որ, Մադրիդյան սկզբունքների համաձայն, Հայաստանը հանձնելու է որոշ տարածքներ: Եթե հիշենք, թե ինչպես ընդունեց Սփյուռքը Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը, մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե ինչպես կընդունի տարածքներ հանձնելու մասին լուրը: Ուստի պարզ է, որ նախապատրաստելու, հիմնավորելու, արձագանքների սրությունը հնարավորինս մեղմելու խնդիր կա, որին էլ կարող է ծառայել այդ խորհուրդը:



Սակայն եթե ելնենք ծրագրի վտանգավորությունից, ապա պետք է արձանագրենք նաեւ՝ քանի որ ՀՅԴ-ն եւ Հայ առաքելական եկեղեցին մոնոլիտ չեն, իրադարձությունների նման զարգացման դեպքում հնարավոր է, որ երկու կառույցներում էլ լուրջ ցնցումներ տեղի ունենան: Տուժի այս համահայկական կառույցների վարկանիշն ու վտանգվի ապագան։ Խորհրդի առաքելության մյուս բաղադրիչն արդեն ինքնին հասկանալի է՝ փող կորզել Սփյուռքից՝ երկրի տնտեսությունը փրկելու համար:




Տիգրան ՎԱՀԱՆԵ