«Պարզաբանում»՝ մարզպետի ապօրինությունների վերաբերյալ

«Պարզաբանում»՝ մարզպետի ապօրինությունների վերաբերյալ

Արմավիրի մարզպետի եւ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի քրոջ՝ Հասմիկ Սրապիոնյանի միջեւ հակամարտությունը գնալով նոր երանգներ է ստանում։ Մենք մեր հրապարակումներում նշել էինք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում Հասմիկ Սրապիոնյանի համար, որպեսզի նա չվերընտրվի մարզի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնում։ Երկու օր է՝ նրանք պարզաբանումներ են ուղարկում մեր հոդվածների վերաբերյալ, որոնցում փորձում են արդարացնել, սակայն իրականում մատնացույց են անում մարզպետի թույլ տված օրենքի խախտումները։



Նախօրեին մարզպետարանից մեզ պատասխանել էին, որ մարզպետի որոշմամբ փոփոխություն է կատարվել դպրոցի կառավարման խորհրդում, քանի որ խորհրդի անդամը, առողջական խնդիրներով պայմանավորված, տեւական ժամանակ բացակայել է եւ խնդրել իրեն փոխել։ Մենք զրուցել էինք ԿԳՆ հանրակրթության վարչության պետի հետ, ով պարզաբանել էր, որ մարզպետը նման իրավասություն չունի մրցույթի անցկացման ժամանակ։ Իսկ երեկ մարզպետարանից նոր պարզաբանում են ուղարկել, եթե, իհարկե, դա կարելի է պարզաբանում համարել։



Ահա այդ պարզաբանումը․ «Ի լրումն երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ տրված պարզաբանման (http://armavir.mtad.am/news/item/2017/08/29/29.08.2017/)` հայտնում ենք, որ նա իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք կարգազանց գործողություններ, որոնց պատճառով կորցրել է ե՛ւ աշխատակիցների, ե՛ւ վերադասի վստահությունն իր նկատմամբ:



Մասնավորապես, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ձեռք բերված հիմնավոր տվյալների համաձայն` Արտաշարի դպրոցի օպերատոր Նշան Հակոբի Մանուկյանը 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսը բացակայել է երկրից, եւ նշված ժամանակահատվածում նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, եւ կեղծիքի ճանապարհով կատարվել է պետական բյուջեի միջոցների հափշտակում` յուրացում: Այս մասին համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը` այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստելու եւ թույլ տրված արարքին քրեաիրավական գնահատական տալու համար»։



ՀԳ. Թե ինչպես պատահեց, որ վերջին մեկ օրվա ընթացքում «հայտնաբերվեցին» տնօրենի «կարգազանց գործողությունները», որոնց պատճառով նա «կորցրել է ե՛ւ աշխատակիցների, ե՛ւ վերադասի վստահությունը», թողնում ենք ընթերցողի ենթադրություններին։ Պարզապես հիշեցնենք, որ աշխատավարձի յուրացումը քրեական հանցանք է, եւ դրանում մարդու մեղքը կարող է հաստատված համարվել, եթե կա դատարանի դատավճիռ։ Այս պարագայում մարզպետարանը ստանձնել է իրավապահի ֆունկցիա՝ կրկին գերազանցելով իր իրավասությունները։ Ինչպես նաեւ խախտել է մարդու անմեղության կանխավարկածը։ Եթե անգամ մարզպետարանը «համապատասխան հաղորդում» է ներկայացրել ոստիկանություն, դա ընդամենը խոսում է տնօրենի նկատմամբ հետապնդումների շարունակման մասին, որն իրականացնում է կառավարման մարմինը՝ մարզպետի գլխավորությամբ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ