Մարզպետն սկսել է դիմել ուժային մեթոդներին

Մարզպետն սկսել է դիմել ուժային մեթոդներին

Արմավիրի մարզպետարանում չեն հանգստանում։ Վերջին ճիգերն են գործադրում՝ ամեն գնով հասնելու նրան, որ սեպտեմբերի 4-ին կայանալիք մրցույթում սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի քույրը՝ Հասմիկ Սրապիոնյանը, չվերընտրվի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնում։ Հիշեցնենք, որ մարզպետարանի ջանքերով ամիսներ շարունակ դպրոցի տնօրենի մրցույթը չի կայանում։ Ի վերջո, մարզպետի անօրինական հրամանով փոխվել է դպրոցի կառավարման խորհրդի նախագահը, եւ ճնշումներ են գործադրվում խորհրդի անդամների վրա, որ իրենց ներկայացրած թեկնածուն անցնի։



Նրանք երեկ մեզ «պարզաբանում» էին ուղարկել մարզպետ Աշոտ Ղահրամանյանի թույլ տված ապօրինության վերաբերյալ։ «Պարզաբանումը», սակայն, ոչ թե այդ ապօրինությանն էր վերաբերում, որն ըստ էության իրենք չեն էլ հերքում, այլ Հասմիկ Սրապիոնյանի անձին, ում մեղադրում են ինչ-որ քրեական հանցանք կատարելու մեջ՝ նշելով, որ «հավաստի տեղեկություններ կան այդ մասին»։ Իսկ Սրապիոնյանի՝ որպես դպրոցի նախկին տնօրեն թույլ տված «կարգազանցությունն» այն է, որ, ինչպես նշված է պարզաբանման մեջ, դպրոցի օպերատոր Նշան Մանուկյանը 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսը բացակայել է երկրից, բայց նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ։ Գրությունն ուղարկելու հաջորդ օրն իսկ Նշան Հակոբյանին տարել են Մեծամորի ոստիկանություն՝ հետը «զրուցելու»։ Երբ հարցրել է, թե ինչու են իրեն առանց որեւէ ծանուցագրի ոստիկանություն կանչում, ոստիկանության աշխատակիցներն ասել են, թե ուղղակի քրեականի պետն ուզում է զրուցել իր հետ։ Ի վերջո, երիտասարդը գնացել է նրանց հետ։ Երեկ ողջ օրը նա ոստիկանությունում է եղել։ Սակայն այստեղ այլ ուշագրավ փաստ էլ կա․ Նշան Հակոբյանի մայրը՝ Մանուշակ Ավետիսյանը, դպրոցի կառավարման խորհրդի անդամ է։ Եվ հիմա, որդուն ոստիկանություն տանելով՝ չի բացառվում, որ նպատակ ունեն ճնշում գործադրել մոր վրա, որպեսզի նա ամսի 4-ին կայանալիք հերթական մրցույթի ժամանակ չքվեարկի Հասմիկ Սրապիոնյանի օգտին։
Ավելի ուշ տեղեկացանք, որ ոստիկանություն են հրավիրել նաեւ Հ․ Սրապիոնյանին փոխարինած դպրոցի տնօրենի երեք ժամանակավոր պաշտոնակատարներին, որոնք վերջին մեկ տարում հերթով փոխվել են։ Նրանք երեկ ժամը 7-ի դրությամբ դեռ ոստիկանությունում էին։ Ոստիկանություն «զրուցելու» հրավեր է ստացել նաեւ ինքը՝ Հասմիկ Սրապիոնյանը։ Սակայն չի ներկայացել՝ պահանջելով ինչպես կարգն է՝ ծանուցագիր ուղարկել։



Ոստիկանության նախկին աշխատակից Աշոտ Ղահրամանյանը, փաստորեն, արդեն դիմում է հարազատ ուժային մեթոդներին՝ ամեն գնով մրցույթում իր ուզած մարդուն անցկացնելու համար։ Իսկ ոստիկանությունն էլ իր նախկին կոլեգայի «խաթրից» դուրս չի գալիս՝ վախի մթնոլորտ է ստեղծում գյուղում եւ միջամտում է կրթական համակարգի ներքին գործերին։ Թերեւս արժե, որ կրթության եւ գիտության նախարարն անդրադառնա այս աննախադեպ իրավիճակին եւ իր հսկողության տակ վերցնի գյուղական դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ