Գյումրու «Բալատոն» ավագ դպրոցը լուծարվում է քաղաքակա՞ն պատճառով

Գյումրու «Բալատոն» ավագ դպրոցը լուծարվում է քաղաքակա՞ն պատճառով

Գյումրիում Բալատոն ավագ դպրոցը, որը նախկինում հայտնի վարժարան էր, կառավարության որոշմամբ լուծարվելու է եւ միավորվելու Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցին: Որոշումը բնականաբար միանշանակ չի ընդունվել դպրոցի անձնակազմի կողմից: Զրուցեցինք դպրոցի տնօրեն Արուսյակ Հովհաննիսյանի հետ: «Ես՝ որպես մասնագետ, կտրուկ դեմ եմ դպրոցների վերակազմավորմանը, այդ գեղեցիկ անունը, որ տվել են՝ վերակազմավորում, դա ուղղակի տերմին է: Վերակազմավորումն այդպես հարթ չի ընթանում, ինչպես ասում են: Դպրոցները փակվում են իրականում: Այսօր մենք ճիշտ է աշխատողների մեծ մասին տեղավորել ենք տարբեր դպրոցներում, բայց ստացվել է այնպես, որ շատ քչերն ունեն այն չափով աշխատանք, որքանով մեր դպրոցում էր: Հետո ապրում էին տարածքում, հիմա ամեն ուսուցիչ օտար տեղ պետք է վազի, որպեսզի ունենա այն, ինչ ուներ էստեղ: Տարածքում մեր դպրոցը միակ երրորդ աստիճանի կրթություն ապահովողն էր: Տարիներ շարունակ ընդգրկվել ենք Հանրապետության ավագ դպրոցների լավագույն տասնյակում: Ամեն ինչի վրայով անցան եւ որոշեցին դպրոցը փակել: Ես ֆինանսական պարտք չունեի, ունեի 70 երեխա, կարող էի հանգիստ նույնքան հավաքել եւ աշխատել»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Բալատոն»-ի տնօրենը: Նա նաև նշեց, որ դպրոցը փակելու խոսակցությունները կային դեռ մայիս ամսից, ինքն անգամ տեղյակ չի եղել այդ մասին, հետո ծանուցագիր են ուղարկել, ինչը նշանակում է, թե նոր ուսումնական տարում ընդունելությունը պետք է դադարեցներ: Հետաքրքրվեցինք, թե տաս տարի դպրոց ղեկավարելուց հետո ինչ է պատրաստվում անել նա: «Թիվ 2 ավագ դպրոցի տնօրենն իմ լավագույն բարեկամն է, որպեսզի ես էլ գործազուրկ չդառնամ, առաջարկել է իրենց մոտ մայրենի լեզու եւ գրականութուն դասավանդել, որն իմ մասնագիտությունն է»,-պատասխանեց Արուսյակ Հովհաննիսյանը: 



Զրուցեցին նաև թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Հովիկ Պետրոսյանի հետ: Վերջինս ասաց. «Կառավարության որոշումն արդեն եղել է օգոստոսի 24-ին, որ դպրոցները միավորվեն, բայց գործընթացը այդպիսին դեռ չի սկսվել, ժամկետ կա՝ երկու ամսում պետք է միավորվենք»,-ասաց 2-րդ դպրոցի տնօրենը՝ նշելով, որ բացի «Բալատոն»-ի տնօրենից, այնտեղից եւս 2-3 ուսուցիչ է հրավիրելու իրենց դպրոց աշխատելու:



Նշենք, որ դեռ ուսումնական տարվա սկզբին, ինչպես անդրադարձել էինք, 
Գյումրիում լուծարվեց թիվ 3 ավագ դպրոցը՝ միավորվելով Շիրակի պետական համալսարանին: Սակայն ի տարբերություն «Բալատոն»-ի, sut.am կայքի ձայնագրությունների հրապարակումից հայտնի թիվ 3 ավագ դպրոցի հանրապետական տնօրեն Կարեն Դարբինյանն իր աշխատանքը չկորցրեց: Նա, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը. «Հո չենք ասելու գնա ձեր տուն, իհարկե մնում է տնօրեն»: Հետաքրքիր է, ինչու ընդամենը 3 տարվա դպրոցի տնօրենը կարողացավ մնալ իր պաշտոնում, իսկ շուրջ 10 տարվա, իհարկե ոչ հանրապետական տնօրենին, հազիվ բաժին է հասնում ուսուցչի աշխատանքը:



Նկատենք, որ «Բալատոն»-ի տնօրեն Արուսյակ Հովհաննիսյանը նախկին Հանրապետական էր: Խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվեց պատգամավորի թեկնածու: Մեզ հասած տեղեկություններով՝ նրան ԲՀԿ-ում ընդգրկվելու առաջարկ է արել պատգամավոր Վարդան Ղուկասյանը, որի հետ բարեկամական կապեր կան: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ուսուցման որակով բավականին բարձր ավագ դպրոցը փակվում է ոչ այնքան աշակերտների քանակի պատճառով, որքան փորձում են այդպես պատժել ժամանակին Հանրապետականին լքած եւ հակառակորդի կողմն անցած տնօրենին:



Արևիկ Հակոբյան