Ինքնության ապարդյուն որոնումներ

Ինքնության ապարդյուն որոնումներ
"Ոսկե ծիրան" երեւանյան կինոփառատոնի շրջանակներում դիտեցի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի բավականին դիտարժան "Գլխով պատին" ֆիլմը։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը հաջողված է, Գերմանիայում ապրող թուրքի մասին է, ով, ի դեպ, թուրքերին չի սիրում, գոնե ֆիլմի մեծամաս ընթացքում։ Նա պանկերին բնորոշ հայացքներ ունի (մեր լեզվով ասած` բոմժական) եւ դրան համապատասխան կենցաղ է վարում` սեքս, թմրադեղեր, թափառականություն: Ճիշտ է` ռեժիսորն արդարացում է գտել իր հերոսի նման վարքի համար. նա ինչ"որ ժամանակներում կորցրել է սիրելի կնոջը։ Թերեւս ֆիլմի արդեն կեսերից կռահում ես գերխնդիրը, այն է` "Տուն արի, տղա՛", սրան էին հանգելու գործողությունները, որ անցնում էին սիրո, ատելության, թմրադեղերի, ոգելից խմիչքի, ծեծկռտուքների, ի վերջո սպանության բովով: Տունդարձի եւ սրանով մաքրվելու քարոզչությունն է տարվում ֆիլմում, որը գնալով ուժգնանում ու վերջապես հաստատվում է հերոսի հոգում. ֆինալային տեսարանում նա նստում է ծննդավայր տանող ավտոբուսը (կոնկրետ տեղանունը չեմ հիշում, Թուրքիայի խորքերում էր, կարծեմ Մալաթիա գավառում)։ Խնդիրը կարծես թե լուծված է, տուն դառնալու գաղափարն ապրվեց, հասունացվեց ու քարոզվեց, հայրենասիրություն սերմանելու եւ խթանելու խնդիրը ազդեցիկ ձեւով հասցված է հասցեատիրոջը` թուրք մարդուն։ Սակայն"



Սակայն նայեցի հերոսի աչքերին, մտովի փնտրեցի նաեւ երիտասարդ, տաղանդավոր ռեժիսորի աչքերը եւ տեսա նրանց հայացքի խորքում, շատ խորքում, գուցե այնքան խոր, որ միայն ենթագիտակցությունն է հուշում հոգեխախտության պես, այս խնդիրն այսպիսով լուծում չի գտնելու, տուն գալու, արմատը գտնելու, սեփական ինքնությունը պարզելու համար Թուրքիայում գտնվող ծննդավայրը վերադառնալը քիչ է։ Փաստորեն, ստացվում է, որ ռեժիսորն իր հերոսի հետ իր պապերին ուզում է գտնել իմ կամ մեկ ուրիշի պապերի տանը" Տարածքները յուրացվել են, դրանց վրա ապրող ազգերի մշակույթները յուրացվել են կարծես, դրան հակառակ համեմատական` ինքնությունը կորսվում է, նրա որոնումի խարխափն առավել է խորանում, տունն ավելի է հեռանում, գտնելու համար շատ ավելի երկար ճամփորդություն կպահանջվի, թերեւս մինչեւ Ալթայի երկրամաս, մոնղոլական տափաստաններ։ Ո՞վ ես, Ֆաթիհ Աքին, ո՞վ է հերոսդ" Շարունակում եմ նայել նրանց աչքերին եւ անկեղծորեն խղճահարվում եմ, մարդկայնորեն ցավում, պարզվում է` դժվար է յուրացնելը, գուցե` անհնարին, չի մարսվում, բարդույթավորում է"



Շնորհավորելով ռեժիսորին իսկապես լավ ֆիլմի համար, հուսանք, որ մեկ ուրիշ ֆիլմով նա կհամարձակվի իր հերոսին ուղարկել սեփական ինքնությունը պարզելու թեեւ հեռավոր ու դժվարին, սակայն միակ ճշմարիտ ճամփորդության։ Կամ էլ սա կանի արդեն մեկ ուրիշ ռեժիսոր։ Սպասենք"



Գուրգեն Խանջյան