ԿԲ-ն ընդլայնեց ազդեցությունը

ԿԲ-ն ընդլայնեց ազդեցությունը
Այսօր պաշտոնապես իր գործունեությունն է սկսում "Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո" կոչվող նորաստեղծ միությունը, որի գործադիր տնօրեն է նշանակվել "Արդշինինվեստ" բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն Վահան Ավետիսյանը: Այս կառույցը համարվում է պարտադիր ապահովագրությունը կարգավորող մարմին՝ սահմանված ավտոմեքենաների ապահովագրության մասին նոր օրենքով: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2011 թվականի հունվարի մեկից: Հենց այդ օրվանից ճանապարհային ոստիկանները կանգնեցնելու են վարորդներին եւ "տեխօսմոտրից" եւ մյուս փաստաթղթերից բացի, նրանցից նաեւ ապահովագրական վկայագիր են պահանջելու, իսկ չունենալու դեպքում ոչ փոքր տուգանքներ են գանձելու:



Թե որքա՞ն՝ առայժ ոչ ոք չգիտի, թեեւ ընդամենը մի քանի ամիս է մնացել մինչեւ այդ օրը, եւ, ամենայն հավանականությամբ, հայաստանցիներին Ամանորին հերթական "սեւ" հումորը կմատուցվի: Եթե հաշվի առնենք, որ ավտոմեքենաների տերերի հետ պայմանագրերը կնքվելու են արդեն հոկտեմբերից, ապա ստացվում է, որ անգամ բնակչության շրջանում տեղեկատվություն տարածելու համար ժամանակ չի մնացել: Մինչդեռ վկայագրերի (պոլիսի) ձեւերը, ապահովագրման պայմանները դեռ մշակված չեն: "Այժմ բյուրոն դրանով է զբաղված: Ստույգ ժամկետ չենք կարող նշել, բայց ենթադրում ենք, որ հոկտեմբերից արդեն ավտոմեքենաների տերերի հետ կսկսենք կնքել պայմանագրեր",- ասաց Վահան Ավետիսյանը:



Բյուրոյի անդամությունը շնորհում է ՀՀ կենտրոնական բանկը: Այս պահին բյուրոն 8 անդամ ունի: Դրանց թվում են Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող "Նաիրի-Ինշուրանսը", Խաչատուր Սուքիասյանի "Սիլ-Ինշուրանսը", "Գարանտ Լիմենսը", որում, ըստ որոշ տեղեկությունների, անմասն չէ Արա Բաբլոյանը, "Կասկադ Ինշուրանսը", ինչպես նաեւ ռուսական "ծագում" ունեցող "Ռեսո", "Ինգո Արմենիա" եւ "Ռոսգոսստրախ-Արմենիա" ընկերությունները: Հենց այս ընկերություններն են ապահովագրելու Հայաստանի ավտոտրանսպորտը եւ հիմնական մրցակիցներն են լինելու  ապահովագրական նոր շուկայում:



Մյուսները դուրս են մնում գործընթացից կամ միանում են խոշորներին: Այսպիսով, ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության մասին նոր օրենքը հիմնովին վերաձեւեց դաշտը: 2010 թվականի հոկտեմբերից տարեկան մոտ 41 մլն. դոլար մտնելու է Հայաստանի ապահովագրական ընկերություններ, եթե նկատի ունենանք, որ հանրապետության ավտոպարկը կազմված է 410 հազար ավտոմեքենաներից, որոնց տերերը տարեկան միջինը 100 դոլարի ապահովագրական վճար են մուծելու: Այդ գումարները բաշխվելու են բյուրոյի անդամների միջեւ՝ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն 15 մլն. դրամի չափով սկզբնական անդամավճար է մուծելու ապահովագրության երաշխիքային ֆոնդին:



Բյուրոն է կառավարելու կուտակված միջոցները, իսկ բյուրոյի անդամությունը շնորհում է ԿԲ-ն: ԿԲ-ն էլ, համաձայն օրենքի, սահմանելու է իրավաբանական անձանց կողմից գանձվող անդամավճարները եւ դրանք չվճարելու դեպքում՝ տուգանքների չափերը: ԿԲ-ն է որոշելու, թե ինչ գնով պետք է ապահովագրվի "տեխօսմոտրի" կեղծ թղթով մաշված "գրուզավիկը", վերջին կլասի "մերսեդեսները", պետական "պադավատները"՝ հին եւ նոր: Այսպիսով, ոչ թե ապահովագրական ընկերություններն են որոշելու իրենց բիզնեսի ռիսկերը, եկամուտը, ծախսը եւ ըստ այդմ, վճարի չափեր են սահմանելու, այլ պետությունը՝ ԿԲ-ն, որի  ֆինանսական ազդեցությունը Հայաստանում օրեցօր ընդլայնվում է: