Կիսագրագետ երդում 43 հազար երդվյալով

Կիսագրագետ երդում 43 հազար երդվյալով
Կրթության եւ գիտության նախարարությունում թխված եւ նախարարի հրամանով դպրոցներին հրամցված ուսուցչի կիսագրագետ երդումը հայ ուսուցչական հանրությունն այնուամենայնիվ "կերավ": Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, հայ ուսուցիչները հանդիսավոր երդվեցին՝ "ամեն ինչ անել, որպեսզի...", ու քանի որ խիստ էին փութեռանդ, մեկ անգամ էլ կրկնեցին՝ "ամեն ինչ անել, որպեսզի...": Որքան էլ հորդորեցինք (տես մեր հոդվածը "Հրապարակի" օգոստոսի 20-ի համարում), որ նշված լեզվական կառույցները ռուսական "լեզվաբազաներ" են՝ անդրդվելիորեն հաստատված մեր լեզվի ոչ միայն խոսակցական, փաստորեն նաեւ պաշտոնական-գրական մակարդակում, եւ հենց միայն կրկնվող այս ռուսաբանություններից ազատվելու համար պետք է երդման տեքստը խմբագրել ու վերաշարադրել, լսող չեղավ:



Կիսագրագիտության այս արշավը խափանելու համար փորձեցինք նաեւ հեղինակավոր մարդկանց աջակցությունն ստանալ: Էլեկտրոնային նամակով այլոց թվում դիմեցինք "Մեր լեզուն, մեր խոսքը" հաղորդաշարի հեղինակ Արտեմ Սարգսյանին: Ակնկալում էինք, որ նա ավելի շուտ կարձագանքի, քան կերդվեն ուսուցիչները, եւ ի զորու կլինի կասեցնել երդման կիսագրագետ տեքստի պաշտոնական տարածումը: Ցավոք, պարոն Սարգսյանը չարձագանքեց (գուցե տեղյակ չէ՞ր նամակից): Իսկ ԿԳՆ մի պաշտոնյա մեզ հանդիմանեց. "Ինչ հարկ կար այս լավ նախաձեռնությունը վատաբանելու: Տեքստում եթե խմբագրելու տեղեր էլ կան, դա կանեն երդման օրը դպրոցներում":



Ահա այսպես կիսագրագիտությունը տոնեց իր հաղթանակը: "Երդումն այն մարդկանց համար է, որոնք իրենց խոսքի արժեքը գիտեն",- հիմնավորելով ուսուցչի երդման անհրաժեշտությունը՝ ասաց ԿԳ նախարարը լրագրողների հետ օգոստոսի 30-ի հանդիպման ժամանակ: Իհարկե, համամիտ ենք պարոն նախարարի հետ, բայց բնավ չենք կարծում, թե "խոսքի արժեք" ասածի մեջ գրագիտությունը չի մտնում: Զարմանալի է, բայց նախարարն է հենց այդպես կարծում, քանի որ, ըստ նրա, երդման տեքստի հետ կապված թեեւ "կարող են լինել խմբագրական միջամտություններ ու փոփոխություններ", "բայց դա երկրորդական է": Հա՞ որ: Երդման տասը տողանոց տեքստը հո հարյուր էջանոց օրենսգիրք չէ՞, որ հետո հարկ լինի խմբագրել կամ փոփոխել:



Իսկ ի՞նչ մի դժվար բան էր երդումը հրամանով հաստատելը հետաձգել մի քանի օրով՝ տեքստը գրագիտական պատշաճ մակարդակի հասցնելու համար: Դրա համար մի քանի օր չէ՝ ժամն էլ բավական էր: Երդման տեքստի կիսագրագիտությունն այնքան ակներեւ էր, որ նախորդ հոդվածում հարկ էինք համարել անդրադառնալ ընդամենը մի քանի օրինակի՝ հուսալով, թե այդքանն էլ բավական է տեքստի անհապաղ խմբագրման անհրաժեշտությունը փաստարկելու համար: Սակայն ԿԳ նախարարությունում կամ ականջալուր չեղան քննադատությանը, կամ դրան անսալու անհրաժեշտությունը չտեսան: Ուստի փորձենք երդման տեքստի կիսագրագիտությունը ցույց տալ` եւս երկու-երեք օրինակ համառոտ քննելով:



Արդեն գրել ենք տեքստի հեղինակի՝ բառի արժեքն ու գործածության տեղը չիմանալու ապաշնորհության մասին: Ահա եւս մեկը "Երդման" առաջին պարբերությունից. "...երդվում եմ պատվով կրել Ուսուցչի բարձր եւ վեհ կոչումը": Տեքստը սիրուն բառերով զարդարելու հակումն այնքան անզուսպ է եղել, որ հեղինակը չի դիմացել երկու հոմանիշ բառ իրար կողքի դնելու գայթակղությանը՝ "բարձր" եւ "վեհ": Ինչո՞ւ, միթե բավական չէր "վեհը", որ նշանակում է նաեւ "բարձր" (տես "Նոր բառգիրք հայկազեան լեզուի", Ա. Սուքիասյանի "Հոմանիշների բառարան"):



"Երդվում եմ լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված եւ այդպիսին էլ դաստիարակել իմ աշակերտներին",- ասված է երդման երրորդ՝ ոգեւորությունից թեժացած պարբերության մեջ: Եվ գուցե հենց այդ թեժությունն է պատճառը, որ տեքստի հեղինակը որոշել է "այդպիսին", այն է՝ "իմ գործին նվիրված" դաստիարակել... իր աշակերտներին: Բա չզարմանա՞ս:



Չզարմանա՞ս, երբ մի այլ պարբերության մեջ ուսուցչին ստիպում են "...ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակի բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ": Ուսուցիչն այս անգրագետ նախադասությամբ երդվում, բայց մտքում հաստատ տարակուսում է, թե բարեկրթությունը երբվանի՞ց է դադարել համամարդկային արժեք լինելուց, որ հարկ է եղել հատուկ ընդգծելու՝ "մեր երկրի համար": Իսկապես, զարմանալի չէ՞, որ գլոբալիզացիայի, օտարալեզու դպրոցի եւ ընդհանրապես միջազգային ինտեգրման ջատագով կրթական մեր պաշտոնյաները փորձել են "տեղայնացնել" բարեկրթությունը:



Ի դեպ, գրագիտությամբ չի փայլում երդման տեքստը հաստատող նախարարական հրամանը, որի 2-րդ կետով ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչությանը հանձնարարվում է երդման հրամանի  մասին "տեղեկացնել ՀՀ մարզերի եւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին": Հնարավոր համարենք, որ կարելի է "տեղեկացնել ստորաբաժանումներին", բայց թե ինչ է նշանակում "մարզի ստորաբաժանում", հուսանք դեռ կիմանանք ԿԳ նախարարության լեզվի մասնագետների օգնությամբ: Նույն մասնագետների օգնությամբ կհասկանանք նաեւ, թե ինչ է նշանակում ""Հայ ուսուցչի երդման" կազմակերպման ընթացակարգ"-ի (հեղինակ՝ ԿԳՆ հանրակրթության վարչություն) հետեւյալ նախադասությունը. "Երդման տեքստի ընթերցմանը պետք է մասնակցեն թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները եւ թե՛ ծնողները": Այսպիսով պարզվում է՝ հայաստանյան 43 հազար  ուսուցիչների հետ կիսագրագետ երդումը տվել են նաեւ աշակերտներն ու նրանց ծնողները՝ զավեշտանման մի բան, ինչն ուղղակի հուշում են մեջբերման "թե"-երն ու "մասնակցեն"-ը:



ՀԳ - Կրթության եւ գիտության նախարարությունում կա առանձնացված մի ստորաբաժանում՝ Լեզվի պետական տեսչություն, որը, ինչպես հավաստում են այդ կառույցի աշխատակիցները, ակնդետ հետեւում է մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը եւ պարբերաբար հորդորակներ ուղարկում զանազան պետական կառույցներ՝ իրենց կողմից արձանագրված սխալներն ու թերությունները վերացնելու հորդորով: Դժվար է ասել՝ տեսչությունը հորդորակ ուղարկե՞լ է իր ղեկավարությանը՝ կասեցնելու կիսագրագետ այս տեքստի տարածումը, թե՞ համարել է, որ "Հայ ուսուցչի երդումը" միանգամայն գրագետ տեքստ է: Ինձ չափազանց հետաքրքրում է նշված կառույցի կարծիքը, ուստի այս (ինչպես նաեւ "Հրապարակ" թերթում տպագրված նախորդ) նյութը հրապարակում ենք իբրեւ բաց նամակ՝ ուղղված Լեզվի պետական տեսչությանը:



Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ