Թոշակառուն պնդում է, որ իր հոսանքը գողանում են

Թոշակառուն պնդում է, որ իր հոսանքը գողանում են
Երեկ "Հրապարակ" էր զանգահարել Վրացական 15/8 հասցեում (Կոմիտաս) բնակվող թոշակառու, երկրորդ կարգի հաշմանդամ Թամարա Պետրոսյանը եւ բողոքում էր, որ իր հոսանքը գողանում են. "Ես մենակ կին եմ, ոչ մի բան չեմ անում, ոչ մի սարք չեմ միացնում: Մի հատ հեռուստացույց ունեի, էն էլ վառվեց: Բայց ամսական ես ծախսում եմ 110 կիլովատ հոսանք: Դա ո՞նց կլինի: Տանը ոչ մի բան միացրած չի լինում, բայց հաշվիչը պտտվում է: Նախկինում ես ընդամենը 30-40 կիլովատ էի ծախսում: Արեւոտ, տաք տուն է, ընդամենը մի հատ լամպ եմ վառում, օրվա մեծ մասն էլ տանը չեմ լինում: Իմ լույսը գողանում են:



Խնդրում եմ մի բան արեք, օգնեք: Ես մենակ կին եմ, օգնող չունեմ, հաց չեմ առնում, որ կարողանամ էդ փողը վճարեմ, որ լույսը  չանջատեն": Տիկին Թամարան համոզված է, որ իր հոսանքը արդեն 6 տարի շարունակ գողանում են, բայց ով՝ չգիտի. "Կամ բնակիչներն են գողանում, կամ էլ հենց էլեկտրիկները՝ ես չգիտեմ": Տիկին Թամարան բազմիցս դիմել է տարբեր պատկան մարմինների, սակայն ոչ մի արձագանք: "Դիմել եմ Ազգային ժողով, դրանք գրել են էլեկտրացանցերի վրա: Էլեկտրացանցից էլ եկան ու ասեցին, որ իրենք հաշվիչի համար պատասխանատու չեն, իրենք միայն թվերն են գրում ու վերջ: Ես չգիտեմ ուր գնամ, ինչ անեմ: Ուր էլ դիմում եմ, տեսնում են տարիքով եմ, սկի վրաս էլ չեն նայում",- լացակումած բողոքում էր տիկինը: