Տոնն ավարտվեց, առջեւում «համարժեք» քայլերը մնացին

Տոնն ավարտվեց, առջեւում «համարժեք» քայլերը մնացին
Ստեփանակերտում ավարտվեցին Արցախի անկախության 19-ամյակին նվիրված բոլոր միջոցառումներն ու հանդիսավոր արարողությունները։ Սեպտեմբերի 2-ի երեկոյան վերջին ճոխ միջոցառումը նախատեսված էր քաղաքի կենտրոնական մարզադաշտում, որն այլեւս չի ծառայում իր նպատակին (վարպետ թիմերն այնտեղ վերջին անգամ ֆուտբոլ են խաղացել երկու տասնամյակ առաջ)։ Վերջին անգամ այստեղ բազմահազար հանդիսատես էր հավաքվել երեք տարի առաջ՝ Արցախյան "մեծ հարսանիքի" ժամանակ։ Կրկին լեփ-լեցուն էր մարզադաշտը։



Արցախցիներին այս անգամ այստեղ էր բերել տոնական համերգը, որին մասնակցում էր Արա Գեւորգյանը՝ իր "Սիրեցեք միմյանց" նախագծով։ Նրա երաժշտական խմբի կազմում Արցախ էին ժամանել այլազգի երգիչներ ու երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Հնդկաստանից եւ այլն։ Արցախցիների համար ելույթ ունեցավ նաեւ ռուսական էստրադայի երես առած աստղերից մեկի՝ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ երգիչ Բեդրոս Կիրկորովը։ Բավականին հուզված էր արդեն տարիքն առած մաեստրոն։ Իր խոսքում նա հայտնեց, որ իր վաղեմի երազանքն էր ղարաբաղյան հողում լինելը։ Այստեղ նա կրկին հիշեց իր հայ լինելը եւ երեք երգերից երկուսը կատարեց հայերեն ու ծնկաչոք։



Մոտ 15 հազարանոց մարզադաշտի տրիբունաներում ազատ տեղ չգտնելով, հարյուրավոր ստեփանակերտցիներ ելույթները դիտում էին մարզադաշտի հանդիպակաց բարձունքից։ Նախատոնական օրերից սկսած՝ հատկապես բավականին լարված գրաֆիկով էր աշխատում Արցախի ղեկավարը։ Վերջինս ելույթներ է ունեցել, տոնական ուղերձներ հղել ժողովրդին, մասնակցել մի շարք հանդիսավոր արարողությունների։ Դեռ ավելին՝ այս անգամ ԼՂՀ անկախության տոնը գրեթե համընկել է Արցախի առաջնորդի ծննդյան 50-ամյակին։ Ճիշտ է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 28-ին Ստեփանակերտ էր ժամանել իր վաղեմի թիթեղագործ ընկերոջ որդու հարսանիքին հատուկ մասնակցելու համար, եւ օգոստոսի 30-ին՝ Բ. Սահակյանի ծննդյան օրը, ճանապարհվել էր Երեւան, վերջինիս հեռագրով շնորհավորելու պատիվը հանձնարարելով միայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը գուցե թե որոշակի ազդել էր Արցախի ղեկավարի նախագահական ինքնասիրության վրա։



Բայց նա մինչեւ վերջ մնաց իր բարձրության վրա՝ հանրությանը կրկին հավաստելով, որ "ԼՂՀ իշխանությունների համար ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը գերագույն նպատակ է, որին ուղղվելու են բոլոր ջանքերը": Միայն այս խոսքերի համար երախտապարտ պիտի լինենք, որ անկախություն հռչակելուց 2 տասնամյակ հետո Արցախի իշխանությունները նոր-նոր իրենց "բոլոր ջանքերն ուղղելու են գերագույն նպատակին՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը", թեկուզ, մեր մեջ ասած, բոլորս գիտենք, որ նրանք մատը մատին չեն խփելու դրա համար։ Այս անգամ եւս Արցախի ղեկավարը կրկնել է, որ բանակցային գործընթացի "հիմնական դժվարությունները Ադրբեջանի կեցվածքի եւ նրա ծայրահեղ քաղաքականության հետ են կապված", որովհետեւ Ադրբեջանը չի ցանկանում "կառուցողական մոտեցում ցուցաբերել"։



Հետո մատ ճոճելու պես հայտնել է, որ հակառակ դեպքում Հայաստանն ու Արցախը ստիպված են լինելու "համարժեք քայլեր ձեռնարկել" (՞)։ Մինչ հանրությունը գլուխ էր ջարդում, թե այդ ինչ համարժեք քայլեր են, Արցախի առաջնորդը մի նոր միտք էլ է հայտնել առ այն, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունից միջազգային կազմակերպությունները եւս "ստիպված են լինում քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի նման պահվածքն ու գործողությունները" (՞):



Եվ վերջապես, ԼՂՀ ղեկավարը հայտնել է իր ամենահանրահայտ ֆրազը. "Մեր բոլոր հաղթանակների եւ ձեռքբերումների հիմքում ընկած է առաջին հերթին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունը", որով նա կրկին միավորել է աշխարհասփյուռ հայությանը։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ