Մի ցանկապատ ու հինգ հովանավոր

Մի ցանկապատ ու հինգ հովանավոր
Երեկ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում մեծ իրադարձություն էր: Գյուղի աշակերտներն ու բնակիչները հավաքվել էին Նորատուսի միջնադարյան գերեզմանատան մոտ, որը հայտնի է հնագույն խաչքարերով: Մի քանի ավտոբուսներով Երեւանից հյուրեր էին ժամանել գյուղ: Նորատուսում էին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, Իտալիայի պատվո հյուպատոսը, "Վիվասելի" տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, "Հայկական հուշարձանների ճանաչման" ծրագրի ներկայացուցիչները: Նրանք բոլորը միահամուռ հովանավորել էին Նորատուսի գերեզմանատան ցանկապատումը եւ մի քանի լեզուներով ցուցանակների պատրաստումը: Նշանակալի իրադարձությունը նշելու եւ հովանավորներին շնորհակալություն հայտնելու համար բեմ էր կառուցվել մշակութային հուշարձան դարձած գերեզմանատան մոտ: Գյուղի մշակույթի տան երախտապարտ սաները երգ ու պար էին պատրաստել հովանավորների համար: Այնտեղ էր Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը՝ իր փոխմարզպետներով, նաեւ՝ Նորատուսի գյուղապետը:



Նորատուսի խաչքարերի ցանկապատման հիմնական հովանավորը ԱՄՆ դեսպանատունն էր, ուստի հիմնական շնորհակալություններն ուղղված էին ԱՄՆ դեսպան Մարի Յոնվանովիչին: Դրանք հետո վերածվեցին դիֆերամբների: Բեմից նորատուսցիների ու հյուրերի համար հովանավորներին ներկայացնողը նախ գովեց դեսպան Յովանովիչի "իմաստությունը, խոհեմությունը, անկեղծ հոգատարությունը, առաքինությունը" եւ մի շարք այլ հատկանիշներ, ապա ի վերջո եզրահանգեց, որ Մարի Յովանովիչը լավագույն դեսպանն է, որ ունեցել է Հայաստանը: Յովանովիչն ի պատասխան ժպտաց: "Որովհետեւ նա հոգ է տանում մեր երկրի համար",- ներկաներին ասաց խոսնակը: Դեսպանն իր հերթին նշեց, որ իրենց ջանքերը նորատուսցիների ու Հայաստանի համար են: "Ես ուզում եմ ասել, որ միջնադարյան այս գերեզմանատունը ձեզ համար է, սա ձեր գերեզմանատունն է";-նորատուսցիներին բացատրեց դեսպանը:



Մինչ գյուղացիներն ու գյուղի երեխաները ճռճռան արեւի տակ կանգնած դիֆերամբներ էին լսում հովանավորների մասին ու ժամանակ առ ժամանակ ծափ տալիս, գերեզմանատան ցանկապատման մյուս հովանավորը՝ "Վիվասելի" տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կարեւոր համարեց մեր անցյալը պահպանելն ու  անցյալից դասեր քաղելը: "Հարգենք մեր անցյալը, որ ապագան մեզ հարգի",- հայտարարեց Յիրիկյանը:



Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հովանավորներին շնորհակալություն հայտնելուց հետո երախտագիտություն հայտնեց նաեւ նորատուսցիներին՝ խաչքարերը "գիտակցաբար" ու "սրբորեն" պահպանելու ու "մեր օրերը հասցնելու համար", ապա խոստացավ, որ առաջիկայում կասֆալտապատվի դեպի Նորատուսի հուշարձան տանող գյուղի ճանապարհը: "Մենք սարքել էս բոլորը Ձեզ համար, Հայաստանի համար",- արդեն կոնյակի բաժակը ձեռքին՝ կոտրված հայերենով հայտարարեց "Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր" ՀԿ AMAP-ի ամերիկացի ղեկավարը, որը բեմից խմեց նաեւ բոլորի կենացը:



Նշենք, որ Նորատուսի գերեզմանատան հնագույն մասում կա ավելի քան 800 խաչքար՝ փորագրված 9-17-րդ դարերում: Այստեղ է գտնվում խաչքարերի ամենամեծ հավաքածուն: