Լինդբլադի հակահայ գործունեությանը վերջ կտա՞ն

Լինդբլադի հակահայ գործունեությանը վերջ կտա՞ն
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մտադրություն ունեն անվստահության գործընթաց սկսել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով նոր համազեկուցող, ազգությամբ շվեդ Գորան Լինդբլադի դեմ: Ժորժ Կոլոմբիեին փոխարինած նոր համազեկուցողը հենց սկզբից բացասական ընդունելության արժանացավ հայկական պատվիրակության կողմից: Նրան  թուրքամետ ու հակահայ որակեցին: Իսկ համբերության բաժակը լցվեց ցեղասպանության ճանաչման հետ կապված Լինդբլադի վերջին հայտարարությունից հետո:



Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում աջերի հաղթանակն ապահովելու համար շվեդ Լինդբլադը հայտարարել է, թե շվեդական խորհրդարանի ձախ կուսակցությունները ցանկանում են Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը միջազգային կառույցներ մտցնել, եւ դրա դեմն առնելու համար  թուրք ընտրողներին հորդորել է քվեարկել աջերի օգտին: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որի իրենք Լինդբլադին անվստահություն հայտնելու մտադրություն ունեն: «Ես ի սկզբանե եմ ասել Մոնիտորինգի հանձնաժողովում, հենց իր նշանակման օրը, որ իր պրոթուրքական ու պրոադրբեջանական պահվածքը խանգարելու է նրան որպես օբյեկտիվ զեկուցող ընկալելու համար: Հիմա ինքը դրա հերթական օրինակն է ցույց տվել՝ սիրաշահելով թուրքական ընտրազանգվածին: Նրա պահվածքը չի օգնելու իրական մոնիտորինգ անցկացնելու, որովհետեւ, եթե անգամ ճիշտ բաներ էլ ասի ժողովրդավարության հետ կապված, միեւնույն է, արդեն իրեն այդ ակնոցներով են նայելու:  Դա է վատը»,-ասաց Արմեն Ռուստամյանը:



Սակայն համազեկուցողին անվստահություն հայտնելու հստակ գործողություններ դեռ մշակված չեն: Փաստն այն է, որ Գորան Լինդբլադն առաջիկա 5 տարիներին Հայաստանի հարցով համազեկուցող է, իսկ դա փոխել հնարավոր կլինի այն դեպքում, երբ նա, տեղի տալով քաղաքական ճնշումներին եւ իր դեմ ուղղված բողոքներին, հրաժարական տա: Նման իրավիճակ եղել է, օրինակ, Ադրբեջանի հարցով զեկուցող Կրոսսի հետ: Մի տարբերակ էլ կա՝ եթե Լինդբլադը որպես պատգամավոր շվեդական խորհրդարանում չընտրվի: Գորան Լինդբլադին անվստահություն հայտնելու գաղափարի վերաբերյալ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համակարգող Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ իսկապես տարակուսանք է հարուցում հանգամանքը, որ  Լինդբլադի ստորագրությունը կա բոլոր հակահայկական բանաձեւերի տակ, ինչը պետք է որպես ազդանշան ընդունվի այն իմաստով, որ հայկական պատվիրակությունը պետք է սկսի աշխատել համազեկուցողի հետ՝ փորձելով բեկում մտցնել նրա դիրքորոշման մեջ:



Եթե Լինդբլադի հակահայկական գործունեությունը շարունակվի, ինչին ՀԱԿ ներկայացուցիչը կասկածում է՝ ելնելով Լինդբլադի փորձառությունից եւ մանդատի նկատմամբ նրա հարգանքից, անվստահության հարց կարելի է դնել: Սակայն առավել քան տարօրինակ է պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հայտնածը, թե ինքը Լինդբլադի հետ որեւէ կոնտակտ չունի, փոխանակ նրա հետ աշխատելու: Կարապետյանի խոսքով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նման կեցվածքը բացատրվում է նրանով, որ պատվիրակության անդամները, բացառությամբ «Ժառանգության» ներկայացուցչի, բացառապես զբաղված են համազեկուցողներին մոլորեցնելու եւ Հայաստանում տիրող իրավիճակը՝ կապված քաղբանտարկյալների հետ, պետության համար ձեռնտու գույներով ներկայացնելու ջանքերով: