Հայացք Եվրոպայից

Հայացք Եվրոպայից
Աշխարհը հակված է Հայաստանին եւ Ադրբեջանին տեսնել մի «ափսեի» մեջ՝ մեր հարցերը քննելու, լուծելու փորձերը գրեթե միշտ համատեղվում են: Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որին մեզանում Ստրասբուրգի դատարան են անվանում, եւ որի հետ մեր ժողովուրդը մեծ հույսեր է կապում, միանգամից երկու գործ է քննել. մեկն ադրբեջանցու, մյուսը՝ հայի: Մի քանի ժամվա ընդմիջումով: Թվում է՝ ոչ քաղաքական մի մարմին, որը զբաղված է արդարադատություն իրականացնելով եւ արդար դատաքննության իրավունքի իրացումն ապահովելով, որոշել է հայի ու ադրբեջանցու գանգատները քննել մի օրում՝ գրեթե համատեղ: Դա նշանակում է, որ լուծումն էլ է լինելու քաղաքական, եւ այդ քննությունն ըստ էության ուղղված է մեզ հենց այդ նրբությունը հասկացնելուն՝ գնացեք, ձեր հակասություններն ինքներդ լուծեք, մեր միջամտությունից մեծ բան մի սպասեք: Իսկ դիմումատուները հայ-ադրբեջանական կոնֆլիկտի զոհերն են, ադրբեջանցին՝ Լաչինից, հայը՝ Շահումյանի Գյուլիստան գյուղից: Եվրոպացիների աչքերով՝ իրար նման պատմություններ. իրենց հողից վտարված, ունեցվածք ու հայրենիք կորցրած մարդկանց մասին, որոնք 20 տարի շարունակ չեն կարողանում հաշտվել պատմական իրողությունների հետ եւ ուզում են վերադառնալ իրենց բնակավայրը: Իսկ գուցե արդեն հաշտվե՞լ են, սակայն ուզում են իրենց կրած զրկանքների դիմաց փոխհատուցում ստանալ: Թեեւ՝ մարդկային տառապանքն ինչ գումարով է հնարավոր փոխհատուցել, հայտնի չէ: Իսկ գուցե դիմումատուներն էլ են մեծ քաղաքականության մասնիկ, եւ այս դատավարությունները հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց օգտին լուծելու մի փորձ է: Ընդ որում, այդ անձանց պետական կառույցների կողմից հրահրված: Հեռավոր Եվրոպան թերեւս այսպես է տեսնում մեզ ու մեր «մանր» խնդիրները: