Ո՞վ է լինելու Հանրային հեռուստատեսության տնօրենը

Ո՞վ է լինելու Հանրային հեռուստատեսության տնօրենը
Անցյալ շաբաթ օրը ավարտվեց Հանրային հեռուստատեսության տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը: Հայտ ներկայացրել են չորս անձինք` Վիտալի Ավանեսով, Լավրենտի Միրզոյան,  Ժասմենա Ղեւոնդյան, Գագիկ Բունիաթյան: Լայն հասարակությանը թվարկված անունները կարծես թե հայտնի չեն: Վիտալի Ավանեսովը երկար տարիներ աշխատել է ռադիոյում, զբաղեցրած վերջին պաշտոնը՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ռեֆերենտ:



Լավրենտի Միրզոյանի մասին ավելի դյուրին է հիշեցնել, առնվազն որովհետեւ նա ՀՀ ԳԽ պատգամավոր է եղել` 1990-95 թթ.: Նաեւ ինչ-որ ժամանակ Լեզվի պետական տեսչության պետ է եղել: Այժմ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտորն է:



Ժասմենա Ղեւոնդյանն աշխատել է հեռուստատեսությունում, կարծես թե հեղինակային ծրագրեր է վարել, ավելի ուշ ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվել, վերջին պաշտոնը` «Ներուժ» կրթամշակութային ՀԿ հիմնադիր նախագահ:



Գագիկ Բունիաթյանը պոլիտեխնիկականի շրջանավարտ է, այսպես ասած՝ ԿՎՆ-շիկ, ասում են նաեւ գովազդային գործակալության տնօրեն է: Գործակալությունը կոչվում է ՄԸՀԽ եւ ժամանակին «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմն է նկարահանել, նույնպիսի կենցաղային գռեհկաբանություն, ինչպես «Մեր բակը» շարքն էր: Շատերի հիշողության մեջ ֆիլմը մնացել է այն պատճառով, որ մեծանուն օպերային երգիչ Տիգրան Լեւոնյանն էր այդտեղ մի կարճ էպիզոդային դերում նկարահանվել, եւ դա տարակուսանքի մեծ ալիք էր բարձրացրել երկրում:



Պրն Բունիաթյանը նաեւ Հայաստանի դեցիմետրային ալիքների թվում «Հայ TV» կոչվող ալիքի հիմնադիրներից է եւ ներկա բաժնետերերից մեկը: Դա այն հեռուստաալիքն է, որ անձամբ իմ ուշադրությունը գրավել է բացահայտ եթերային պիրատության շնորհիվ: Տեւական մի ժամանակ լուրերի թողարկումներն սկսում էին BBC World Service-ի հանրահայտ երաժշտական track-ով:



Այժմ Գագիկ Բունիաթյանին բերել են Հանրային հեռուստատեսության գլխավոր պրոդյուսեր, եւ թերեւս այդ նշանակումից ելնելով էլ խոսակցություններ են շրջում, թե Գագիկ Բունիաթյանն է լինելու հայտարարված մրցույթի հաղթողը: Բավականին անհավանական տարբերակ է եւ տրամաբանությանը հակասող: Ճիշտ ինչպես մի քանի ամիս առաջ ընթացած խոսակցությունները Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի միավորման մասին: Այն ժամանակ էլ Հանրայինում կարծում էին, թե դա որոշված է, նույնիսկ Հեռուստառադիոխորհրդի նախագահը` Ալիկ Հարությունյանն էր այդ մասին խոսում, նախագահականից էին անուններ տրվում, թե ովքեր են պրոյեկտի ետեւում, բայց այդ անհեթեթությունը չիրականացավ:



Ի վերջո երեւի Բաղրամյան 26 հասցեում մեկը գիտակցեց, որ պետությունը կամ լրատվադաշտը մոզաիկայի խաղ չէ, որ ինչ դեկոր ինչպես մտքիդ գա՝ տեղաշարժես, ընդ որում՝ անիմաստ: Այժմ նույն կարգի անհեթեթություն կլինի, եթե մրցութային հանձնաժողովը Գագիկ Բունիաթյանին հաղթող հայտարարի: Այդ մարդը կարող էր լինել փայլուն թեկնածու շոու մենեջերի կամ կոնֆերանսիեի աշխատանքի համար: Մինչդեռ Հանրային հեռուստատեսության տնօրենը պետք է որ առնվազն պետության կամ լրատվության հետ առնչություն, հասարակական-քաղաքական կյանքի հասկացողություն եւ դիրքորոշում ունենա:



Հետեւաբար առավել տրամաբանական կլինի, եթե այս մրցույթով ուղղակի ոչ մեկը չընտրվի՝ արժանավոր թեկնածուի բացակայության պատճառով: Սակայն շատ տխուր լինի, եթե նոր մրցույթում էլ դարձյալ ոչ մի արժանավոր մարդ, թեկուզ նախկին տասնամյակների հեռուստատեսության աշխատողներից, մասնակցության համար չդիմի: Դա արդեն Հանրայինի հեղինակազրկության ցուցանիշ կլինի: Ամեն դեպքում, սեպտեմբերի 25-ին կամփոփվեն ներկա մրցույթի արդյունքները: