Գագիկ Հայկազուն. Անկախությունը էն չի, որ մեկն ինչ ուզենա անի, իսկ մյուսը՝ ոչ

Գագիկ Հայկազուն. Անկախությունը էն չի, որ մեկն ինչ ուզենա անի, իսկ մյուսը՝ ոչ
«Այո, իրենց (նկատի ունի ազատամարտիկներին - Հ.) շնորհիվ շատերը շատ բաների են հասել: Ձեր ասած վիճակում են իմ շատ ու շատ ընկերներ ու մտերիմներ, որը շատ ողբալի է եւ որը չպիտի լինի: Այո, երկու խնդիրներն էլ կան: Եթե կան ազատամարտիկներ, ովքեր այսօր կարողանում են ընտանիք պահել, բարոյականի կարիք ունեն, բայց ավելի վատ է, երբ եւ բարոյականի կարիք ունի, եւ ֆինանսականի: Առաջին հերթին նրանց պետք է տեր կանգնել:



Պաշտպանության նախարարությունը բավականին ծախսեր է անում, օգնում, բայց դա քիչ է: Սա շատ նման է երկրաշարժի հետեւանքների վերացմանը, 20 տարի է անցել, այսքան ծախս են անում, կառուցում են, բայց դեռ տնակներում ապրող մարդիկ կան: Այսինքն, փաստը այն է, որ շատերն այսօր օգնության կարիք ունեն: Գիտե՞ք թե ինչ վատ է, երբ զոհվածի երեխան պետությունից չի ստանում բարոյականը, ֆինանսականը մի կողմ թողնենք: Երբ ասում է՝ հայրս մահացավ, բայց մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում: Դա շատ վատ բան է: Եթե այսօր մեղադրելու բան ունենք վերեւում, ղեկավարներին, մեծահարուստներին, առաջինը այդ է: Այդ վիճակը չպետք է լինի: Այսօր մարդիկ կան, մի քանի տասնյակ մեքենաներ ունեն: Դրանցից մեկի գումարը բավական էր, որ այս տղաներն իրենց լավ զգան:



Այսօր մեղադրում ենք, բայց ովքե՞ր են նրանք: Մեր կողքի հարեւանը, բարեկամը...Պետք է պետականության հասկացողությունը մտնի նրանց մեջ՝ սկսած ամենացածրում կանգնածից, մինչեւ իշխանության ամենաբարձր օղակը: Պետականության զգացումը պետք է ընկալվի: Անկախությունը էն չի, որ մեկը շա՜տ լավ զգա, ինչ ուզենա անի, իսկ մյուսը՝ ոչ: Պիտի հասկանան դա: Գուցե դրա համար ժամանակ է պետք: Կարծում եմ մի կես սերունդ կանցնի ու կհասկացվի»,- ազատամարտիկ, «Հայեր միացեք», «Գետաշեն», «Հպարտ գնացեք» համաժողովրդական սիրո արժանացած եւ այլ երգերի հեղինակ, գուսան Հայկազունը (Գագիկ Նազարյան), ով  անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Մշակույթի վաստակավոր գործչի կոչման,  Անկախության օրվա հետ կապված պատասխանում է մեր հարցերին:  Գուսան Հայկազունի հետ մեր հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» վաղվա համարում: