Թուրքերը խաչը տեղադրեցին

Թուրքերը խաչը տեղադրեցին
«Նոր ինֆորմացիա ենք ստացել, որ երեկ թուրքական իշխանությունները Վանի Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու գմբեթին խաչ են տեղադրել։ Այսօր կղզին ամբողջությամբ փակ է, իսկ վաղը Վանի նահանգապետի և հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ միասին նախատեսվում է իրականացնել եկեղեցու բացումը խաչի տեղադրման առթիվ»,– Tert.am–ին տեղեկացրեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։



Մելքոնյանը շեշտեց, որ այս մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, բայց իրենք իրենց ներքին աղբյուրների շնորհիվ  իմացել են այս տեղեկությունը։



Մեկնաբանելով Թուրքիայի իշխանությունների այս քայլը, Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ դրանով թուրքերը փորձում են հավասարակշռել Անիի Մայր տաճարում նամազ անցկացնելու թուրք ազգայնականների որոշումը։



«Թույլատրելով նամազը՝ նրանք փորձում են մեղմել իրենց հասարակության մեջ եղած հակաիշխանական տրամադրությունները, որ առաջացել են Սուրբ խաչում պատարագի մատուցումը թույլատրելուց հետո, իսկ խաչը տեղադրելով՝ Հայաստանի և Սփյուռքի տրամադրությունները՝ կապված Անիի Մայր տաճարում նամազ անելու որոշման հետ։ Ականատես ենք լինում հավասարակշռող քաղաքականության փորձերի»,– ասաց թուրքագետը։



Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական իշխանությունները պատճառաբանում էին, որ խաչը հնարավոր չէ տեղադրել տեխնիկական պատճառներով։ Ըստ նրանց, 100 կգ կշռող խաչը տեխնիկապես հնարավոր չէր տեղադրել եկեղեցու գմբեթին։



Tert.am