Վահագն Խաչատրյան. 45 տոկոս արտաքին պարտքը վտանգավոր է

Վահագն Խաչատրյան. 45 տոկոս արտաքին պարտքը վտանգավոր է
45 տոկոս արտաքին պարտքը Հայաստանի այսօրվա տնտեսության կառուցվածքի համար բարձր թիվ է: Այդ ցուցանիշը նորմալ տնտեսական կառուցվածք եւ աշխատող տնտեսական համակարգ ունեցող երկրների համար կարող էր խնդիր չլինել, բայց Հայաստանի նման երկրի համար, որն ունի տնտեսության նման կառուցվածք, որի մասին շատ են սիրում  վերջին ժամանակներս խոսել նաեւ վարչապետն ու իր թիմը՝ ասելով, որ տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացվի, 45 տոկոսն արդեն լուրջ է: Եվ 2011-2013 թվականները դառնալու են այն տարիները, երբ արտաքին պարտքին սպասարկող գումարներն էլ բավականին լուրջ թվեր կկազմեն. տարբեր թվեր են ասում՝ 250-ից մինչեւ 400 մլն  դոլար:



Սա բեռ է տնտեսության եւ բյուջեի վրա: Հարկավոր է կարողանալ բյուջեն էլ համապատասխան գումարներով ապահովել, որպեսզի սպասարկեն արտաքին պարտքը եւ նրա ծախսերը: Երբ նայում ես 2011-ի բյուջեն թվային տվյալներով՝ անգամ չխորանալով մանրամասների մեջ, հասկանում ես, որ այդ բյուջեով պարտք փակելը բավականին բարդ է լինելու: Պատճառն այն է, որ արտաքին պարտքի 2011-13թթ. իրենց ռազմավարության մեջ շեշտադրումը փոխում են դեպի ներքին պարտքի ավելացումը, որովհետեւ մեր  երկիրն առանց արտաքին գումարների չի կարող ապրել:



Այդ գումարները կամ պետք է գան մեր ընկեր-բարեկամների կողմից մասնավոր տրանսֆերտների ձեւով, կամ պետք է արտասահմանյան տարբեր կազմակերպությունների կողմից տրամադրվեն: Ինչպես տեսնում ենք, այդ լիմիտը սահմանափակ է, գումար չեն տալիս կամ եթե տալիս են, ոչ բարենպաստ պայմաններով են տալիս եւ ողջ ուշադրությունը դեպի ներքին պարտքի ավելացումն է ուղղվում: Այսինքն, այսպես թե այնպես պետությունը պետք է ապրի մեր՝ շարքային քաղաքացիների կամ բիզնեսմենների հաշվին: Ինքը՝ որպես պետություն, նորմալ տնտեսություն ստեղծելու իր պարտականությունները չի կատարում:



Այս իշխանությունը դա ի վիճակի չէ կատարելու, իսկ այն մարդիկ, ովքեր մեկնաբանություններ են տալիս ու ներկայացնում են, թե խնդիր չկա, ներող թող լինեն, բայց այդ մարդիկ կամ իրականում հեռու են տնտեսագիտությունից, կամ իսկապես փորձում են մյուսների աչքերը փակել ու դեմագոգիայով են զբաղվում: Ով տնտեսագիտության գոնե տարրական գիտելիքներ ունի, մի քանի թվեր համադրելով՝ ՀՆԱ, արտաքին առեւտրի, ապրանքաշրջանառության ու վճարային հաշվեկշիռներ, կհասկանա, որ Հայաստանի համար ոչ միայն 45 տոկոսը, այլեւ ընդհանրապես արտաքին պարտքի ավելացումը դառնում է խիստ վտանգավոր:



Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ