Հլը ինֆորմացիա չունենք, թե ով ա ռեկտորի թեկնածուն

Հլը ինֆորմացիա չունենք, թե ով ա ռեկտորի թեկնածուն
Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար ծավալված նախընտրական պայքարին  «Հրապարակը» բազմիցս անդրադարձել է: Իհարկե, այդ ընտրությանը դեռ բավականին ժամանակ կա, բայց այդ բաղձալի աթոռին ուղղված հայացքներն էլ են շատ: Երիտասարդ հավակնորդներից այդ աթոռին է ձգտում նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, նախկին պրոռեկտոր Արսեն Քարամյանը, որը թեեւ գիտական կոչում չունի եւ ըստ այդմ չի կարող ռեկտոր ընտրվել, սակայն մեզանում կոչում ստանալու ճանապարհն այնքան է հեշտացվել, որ դրան հասնելը բարդ չէ:



Հիմա նա նաեւ ի պաշտոնե մոտիկից շփվում է ուսանողների հետ եւ փորձում ճանապարհ հարթել դեպի «պայծառ ապագան»: Իսկ դա նշանակում է ընտրությունները դարձնել կառավարելի: Այդ պատճառով էլ նա տնօրինում է ԵՊՀ ազդեցիկ կառույցներից մեկը՝ ուսխորհուրդը: ԵՊՀ մեծ խորհրդում, որի նախագահը Սերժ Սարգսյանն է, մոտ տասն օր առաջ տեղի ունեցան ընտրություններ: Այս կառույցում 25 տոկոսը՝ մոտ 21 հոգի, ուսանողներ են, որոնք անվերապահորեն ծառայում են վերադասին, կատարում նրա բոլոր հրահանգները: Նրանք իրավունք ունեն մասնակցելու ռեկտորի ընտրություններին, այդ պատճառով էլ իրենցից հետաքրքրություն են ներկայացնում:



Հենց այս նկատառումներով էլ նրանք, ովքեր շահեր ունեն ԵՊՀ-ում, փորձում են խորհուրդ մտցնել իրենց ցանկալի ուսանողներին: Այս հարցում էլ բախվել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ փոխնախարար Արսեն Քարամյանի շահերը: Մյուս կողմից՝ սրա դեմ պայքարում են այն ուսանողները, որոնք չեն ուզում գործիք դառնալ սրանց ձեռքին եւ փորձում են խանգարել, որ ուսանողության ներկայացուցիչներին օգտագործեն ինչ-ինչ նպատակների համար: Ասում են՝ ԵՊՀ ուսխորհրդի դեմ ուղղված ստորագրահավաքն այս նպատակով է ձեռնարկվել:



Մենք զրուցեցինք ՈւԽ նախագահ Ցոլակ Հակոբյանի հետ, որն ասաց. «Խնդիր չկա, թող դիմեն նախագահին, մենք լրիվ հանգիստ ենք էս ամեն ինչից, որովհետեւ մենք, կոպիտ ասած, կեղտ չունենք, սաղ արդար սկզբունքով ենք արել, դրա համար եթե ինչ-որ բան լիներ, առաջինը ես անհանգստացած կլինեի, սա լրիվ իրանց իրավունքն ա, թող բողոքեն նախագահին, ինքն էլ թող որոշում կայացնի»: Եվ չնայած «մեր թերթից է տեղեկացել», որ նման ստորագրահավաք կա,  բայց չհերքեց դա. «18 հազար ուսանողից ա կազմված համալսարանը, չի բացառվում, որ ստորագրահավաք ա եղել, բայց էն մասշտաբի չէ, որ մենք իմանանք: Եթե կազմակերպել են, կան ըտենց խնդիրներ, մենք պատրաստ ենք նստենք, զրուցենք, մենք բոլորը օրենքի համապատասխան ենք արել: Հնարավոր ա, որ 18 հազարի դեպքում ստորագրահավաք լինի, որ որոշ մարդիկ զբաղված են պրովոկացիաներով...»:



Թե ովքեր են պրովոկատորները, Ցոլակը չգիտեր: Մեր հարցին, թե ռեկտորի առաջիկա ընտրություններին ՈւԽ-ն իր գլխավորությամբ ում է պատրաստվում սատարել, խորը շունչ քաշելուց հետո դանդաղ բացատրեց. «Նախ հլը մենք ինֆորմացիա չունենք, թե ով ա ռեկտորի թեկնածու լինելու, մայիսին ա լինելու, թե ինչ կարծիք կհայտնենք, հլը շուտ ա ասել»: