Պոլսո Պատրիարքի աթոռի համար պայքարը շարունակվում է

Պոլսո Պատրիարքի աթոռի համար պայքարը շարունակվում է
Թվում է, թե Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ընտրությամբ պատրիարքի աթոռի շուրջ բորբոքված կրքերը մարեցին: Պոլսի պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը թեեւ ամռանը հայոց պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանին ընտրեց  պատրիարքական փոխանորդ, Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը սրանով չփակվեց: Պարզվում է՝ գործընթացը ոչ թե ավարտված է, այլ կասեցված՝ մինչեւ  գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վախճանը: Հիշեցնենք, որ նա ծանր հիվանդության պատճառով ի վիճակի չէ իր պարտականությունները կատարել, ինչով պայմանավորված էլ առաջացել էր նոր պատրիարքի ընտրության հարցը:



Մեր տեղեկություններով՝ պատրիարքական աթոռի համար պայքարը լրջորեն շարունակում է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, որը նախապես առաջադրված թեկնածուներից մեկն էր (մյուս երկուսը Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հոգեւոր կրոնական ժողովի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու Գերմանիայի թեմի հոգեւոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն էին): Ի դեպ, եպիսկոպոս Չուլջյանը ծնունդով Մալաթիայից է եւ ապրել է Պոլսում: Այս հանգամանքը հաշվի առնելով, շատերը նրա շանսերը գերագնահատում էին, բայց հոգեւոր խորհուրդն ընտրեց Արամ Աթեշյանին:



Գուգարաց թեմի առաջնորդը չժխտեց, որ մասնակցելու է ընտրություններին, որը կկայանա Մութաֆյանի մահից հետո: «Այո, դեռ ժամանակ կա, Աստված ողորմած է, ժամը կգա, բարին էլ հետը»,-ասաց Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, իսկ պատրիարք ընտրվելու իր շանսերի հետ կապված ասաց, որ դա «պայմանավորված է ժողովրդով՝ պոլսահայ համայնքով, համայնքի նախընտրությամբ», ինչի մասին խոսելն առայժմ անիմաստ է համարում: