Ղարաբաղցին ու Սահմանադրությունը

Ղարաբաղցին ու Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրության 15 ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցում էր նաեւ ԼՂ Գերագույն դատարանի նախկին նախագահ, այժմ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի իրավական հարցերով խորհրդական Արարատ Դանիելյանը:



- Դուք ՀՀ ՍԴ նախագահի զեկույցը, որ հայերեն էր, լսում էիք թարգմանիչ սարքով, ի՞նչ լեզվով էիք լսում:



- Ես մի պահ համեմատում էի ռուսերեն թարգմանությունը, որ այնքան էլ հաջող չէր: Ես շատ հարմար ընկալում եմ ռուսերենը եւ հայերենը:



- Բացի Գագիկ Հարությունյանի զեկույցից, հնչեցին նաեւ Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ Դիդիե Մոսի եւ Լատվիայի ու Մակեդոնիայի ՍԴ անդամների զեկույցները: Ձեզ ո՞րն ավելի շատ դուր եկավ եւ ինչու:



- Դե, պարոն Հարությունյանի ելույթն էր բովանդակալից, կապված անհատների՝ ՍԴ դիմելու իրավունքի հետ: Արդեն մեկ տարի է, Ղարաբաղում էլ է գործում այդ կարգը: Բայց, ցավոք սրտի, մենք առայսօր չունենք որեւէ դիմում:



- Ընդհանրապես ոչ մի դիմո՞ւմ: Իսկ քաղաքացիները գիտե՞ն, որ ՍԴ դիմելու իրավունք ունեն կամ գիտե՞ն, որ ՍԴ ունեն:



- Երեւի դիմելու ձեւը չգիտեն, այդ մեխանիզմը բարդ է եւ ինչ-որ տեղ կա իրավագիտակցության խնդիր: Երեւի պիտի մարդկանց բացատրվի, թե ինչպես դիմեն:



- Ղարաբաղում դատարանները մատչելի՞ են քաղաքացիներին:



- Այո, իհարկե: Այսօրվա դրությամբ մեր դատարանները մատչելի են: Մեր դատական համակարգը եռաստիճան է՝ ընդհանուր իրավասության, վերաքննիչ եւ գերագույն, որը նաեւ ձեւավորում է երեք դատավորներից կազմված Սահմանադրական պալատ, քննելու սահմանադրականության հարցեր վիճարկող դիմումներ: Նշեմ, որ այդ պալատի դատավորները չպետք է լինեն մարդիկ, ովքեր գործին առնչվել են վճռաբեկության կարգով:



- Մատչելիություն ասելով ես նկատի ունեմ ոչ թե դիմում ներկայացնելու, այլ պաշտպանության հնարավորությունը՝ դա փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունն է:



- Ղարաբաղում գործում է հանրային փաստաբանի ինստիտուտը, որը հիմնականում օգնություն է ցուցաբերում քրեական գործերով: Բայց մենք իրականացնում ենք դատաիրավական բարեփոխումներ եւ առաջարկել ենք, որ պետությունն աջակցի, որպեսզի  մարդկանց ցուցաբերվի իրավաբանական օգնություն նաեւ վարչական գործերով, քանի որ վճարովի փաստաբանի ծառայությունից օգտվելը նյութական դժվարություններ է հարուցում: Գաղտնիք չէ, որ փաստաբանի ծառայությունը արժի ավելի, քան դատավորի աշխատավարձն է:



- Պարոն Դանիելյան, բացի ձեր պետության եռաստիճան դատական համակարգը սպառելու հնարավորությունից, ԼՂ քաղաքացիները հնարավորություն ունե՞ն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:



- Սա շատ կարեւոր հարց է: ԼՂ Սահմանադրությունը քաղաքացիներին ընձեռում է այդ հնարավորությունը, բայց ցավոք սրտի, լինելով չճանաչված երկրի քաղաքացիներ, նրանք զրկված են այդ հնարավորությունից: Այս խորհրդաժողովում հնչեց, որ պատասխանողը պետությունն է, այսինքն՝ քաղաքացին հանդես է գալիս ընդդեմ պետության: Մեր իշխանությունները պատրաստ են կրելու այդ պատասխանատվությունը եւ ես կողմնակից եմ, որ մեր քաղաքացիներն ունենան այդ հնարավորությունը ու կպատրաստեմ նյութեր, այդ թեմայով իրավական լսումներ կազմակերպելու համար:



- Այս խորհրդաժողովին ներկա էին Ստրասբուրգի դատարանի դատավորներ ու վերոնշյալ Մոսը եւ Դուք հիանալի առիթ ունեիք բարձրացնելու այս հարցը, ինչո՞ւ լռեցիք:



-  Այս խորհրդաժողովում չենք բարձրացնի այս հարցը, որովհետեւ այն կազմակերպել է ոչ թե Հայաստանի Սահմանադրական դատարանը, այլ եվրոպական կառույցները: Բայց մենք կփորձենք այլ ճանապարհով բարձրացնել այս հարցերը՝ բանակցությունների ու առանձին հանդիպումների միջոցով: Թեպետ գիտենք, թե ինչ պատասխան կտան մեզ. կասեն դուք չճանաչված երկիր եք: Բայց միեւնույն է, մենք այդ հարցը պետք է հետապնդենք, որովհետեւ Ղարաբաղում ապրող բնակչությունն իրոք զրկված է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հռչակագրով նախատեսված հնարավորությունից: Իսկ համընդհանուր հռչակագրի պահանջով, անկախ այն բանից, ապրում է նա ճանաչված թե չճանաչված տարածքում, մարդն ունի պաշտպանության իրավունք:



- Ձեր երկրի օրենքները որքանո՞վ են համապատասխանում Սահմանադրությանը եւ միջազգային օրենքների նորմերին:



- Մեր խորհրդարանն ընդունել է մոտ 600 օրենք ու դրանք համապատասխանեցվում են Սահմանադրությանը, բայց կան բացեր: Օրինակ՝ մեր երկրի քաղաքացիական ու քրեական օրենսգրքերը փոփոխության անհրաժեշտություն ունեն, որովհետեւ Հայաստանի օրենքների կրկնօրինակներն են: Դրանք պետք է տեղայնացվեն ու համապատասխանեցվեն մեր Սահմանադրությանը: Բացի այդ, օրենքներն ընդունելիս, անշուշտ հաշվի են առնվում միջազգային իրավունքի չափանիշները:



- Պարոն Դանիելյան, բացի նրանից, որ ԼՂ քաղաքացիներն ապրում են չճանաչված երկրում ու զրկված են Մարդու իրավունքի միջազգային դատարանում պաշտպանվելու հնարավորությունից, նրանք նաեւ չունեն անձնագրեր ու կրում են ՀՀ անձնագրերը:



- Անձնագիրը դա ընդամենը անձնագիր է, ուրիշ ոչ մի բան քեզ չի տալիս: Եթե անձնագիր ունես, դեռ չի նշանակում, որ, ասենք, կարող ես գնալ, մասնակցել ընտրությունների: Անձնագիրը պետք է միայն ընդհանուր աշխարհ դուրս գալու համար:



- Դե ես էլ հենց դա եմ ասում: Կան  տեղեկություններ, որ հատկապես վերջին շրջանում ԼՂ քաղաքացիները դուրս են գալիս ընդհանուր աշխարհ, դիմում են այդ ընդհանուր աշխարհի երկրների միգրացիոն ծառայություններին, քաղաքական ապաստանի խնդրանքով ու այդ ծառայությունները փորձում են պարզել թե ովքե՞ր են այդ մարդիկ, որ կրում են ՀՀ անձնագրեր, բայց ասում են, որ ղարաբաղցի են:



- Շուտով խորհրդարանը կքննարկի քաղաքացիության մասին օրինագիծը ու կընդունի եւ մենք կկարողանանք պատասխանել Ձեր այս հարցին: Նշեմ միայն, որ ԼՂ քաղաքացիներին անձնագրերով ապահովելու հարցը կապված է մեծ ծախսերի հետ, բայց հուսով եմ, որ այդ հարցը կլուծվի: