Բթամիտը դու ես

Բթամիտը դու ես
Մեր քաղաքական գործիչների (եթե, իհարկե, նրանց մի մասին կարելի է այդպես կոչել) վարք ու բարքի, լեքսիկոնի, գրագիտության եւ կուլտուրայի մասին կարելի է հատորներ գրել: Մի բան վատ է, որ մեր գրածն այլեւս իր նպատակին չի ծառայում՝ ոչ ոք դրանից չի զարմանում եւ ոչ մի հետեւություն չի անում: Ժողովուրդը մի տեսակ հաշտվել է դառը իրականության հետ: Այլեւս ի՞նչ պետք է անեն մեր պատգամավոր-նախարարները, որ հասարակության վրդովմունքն առաջացնեն: Ոչ նրանց ալան-թալանը, ոչ հսկայական դղյակների կառուցումը, ոչ իրար հայհոյելն ու վիրավորելը, ոչ ճամբարից ճամբար փախչելն այլեւս տարակուսանք չեն առաջացնում: Ասենք, շատ բնական է դիտվում, որ հասարակության մեջ որոշակի դիրք զբաղեցնող մեկն օգտագործում է «կլիզմա», «կզել», «գլուխդ պատին ես տվել» եւ այլ գունագեղ բառեր: Եվ այս պրակտիկան այնքան է արմատացել, որ նման լեքսիկոնից սկսել են օգտվել նաեւ մամուլի խոսնակները: Ուրբաթ օրը Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, ինչպես ասում են, «տվել-անցել է» իր շեֆին: Նա կրկին հերքել է Քոչարյանի կապը Պզոյի, ամերիկյան հանցախմբի եւ Լուժկովի հետ, բայց դա արել է «գեղարվեստորեն»: Մասնավորապես ասել է. «Թերթերից մեկը մի հիմարություն է հորինում, սկսում հետեւողականորեն անդրադառնալ դրան համարից համար, հետո այդ հիմարությունը արտատպում են առանձին լրատվական գործակալություններ»: Ապա «հատուկ բթամիտների համար» ինչ-որ բաներ է ասել: Մեծ ինքնատիրապետում է պետք ունենալ այս պատանուն իրեն արժանի էպիտետներով չպատասխանելու համար: Բայց նա մեղավոր չէ. մեղավորը թերեւս նրա ծնողներն են, նրա նախկին ու ներկա շեֆերը եւ ընդհանրապես մենք բոլորս, որ հանդուրժել ենք ու շարունակում ենք հանդուրժել սրա նմաններին: