Հանդիպման վայրը` «Վստրեչ»

Հանդիպման վայրը` «Վստրեչ»
Երեկ Երեւանի քաղաքապետը քաղաքապետարանի պաշտոնյաների հետ քայլել է «Վստրեչի», քաղաքակիրթ անունով՝ «Գարեգին Նժդեհ» նորակառույց կամրջի վրայով, որի նորոգումը մեծ դժվարություններ էր ստեղծել երեւանցիների համար: Հատկապես դժվարացել էր Երեւանից Արարատ, Արմավիր մեկնողների գործը: Իսկ հարակից փողոցներում, հատկապես Սեւանի փողոցում, մշտապես խցանումներ էին: Այնպես որ, կամրջի ավարտի կապակցությամբ շատերն են ոգեւորված:



Հատկապես ուրախալի է, որ կամրջի սեյսմակայունությունը 9 բալ է: 1968 թ.-ից գործող 450 մ  երկարությամբ կամուրջը, փաստորեն, առաջին անգամ է հիմնանորոգվել, դրա վրա ծախսվել է 1 մլրդ 823  մլն դրամ:  Նորոգմանը զուգահեռ կամրջի տակից հանվել-հեռացվել են տարբեր շինություններ, արտադրամասեր, տրանսֆորմատորային ենթակայան: Մոտ երկու տասնյակ ավտոտնակ է ապամոնտաժվել, տերերին տրվել է փոխհատուցում, 3 ավտոտնակի հետ կապված դատական գործեր են ընթանում։