Շոու եւ պոպուլիզմ

Շոու եւ պոպուլիզմ
Ուրբաթ  ՀՀ կառավարության նիստը շոուի վերածած վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանաբար խնդիր էր դրել ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակը եւ ընդունակ է աշխատանքից ազատել անգամ կոալիցիոն կուսակցությունների կողմից առաջադրված փոխնախարարներին: Նիստն ըստ էության երկու մասից էր կազմված՝ վերը նշված շոուից, որի ժամանակ նա նախարարներին հանձնարարեց կադրային փոփոխություններ անել՝ ազատելով ընդհուպ մինչեւ փոխնախարարների, եւ հակակոռուպցիոն պոպուլիզմից, որը հիացմունքով ներկայացրեցին հեռուստաընկերությունները՝ փորձելով կերտել կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկի հերոսական կերպարը: Իրականում, մասնագետները տարակուսած են, թե ինչ չափերի կարող է հասնել երկրի գործադիր իշխանության ղեկավարի կամայականությունն ու օրենքի չիմացությունը: Երբ նա կառավարության նիստում հրահանգում է նախարարին՝ այսինչ քաղաքացիական ծառայողին «վաղը եւեթ» ազատել աշխատանքից, ի՞նչ է մտածում: Միթե այնքան անտեղյակ է, որ չգիտի՝ քաղծառայողները պաշտպանված են օրենքով, նրանց առանց հիմքերի, առանց ծառայողական քննություն անցկացնելու անհնարին է հեռացնել աշխատանքից: Թե՞ հույս ունի, որ նման հայտարարությունից հետո, պայքարի անհեռանկարությունը գիտակցող, անպաշտպան պաշտոնյաները կամովին դիմում կգրեն ու իրենց ներկայությունից կազատեն չգիտես ինչից վրդովված վարչապետին էլ, նախարարին էլ: Մեծ հաշվով, սա արհամարհանքի դրսեւորում է՝ քաղծառայության ինստիտուտի, խորհրդի ու օրենքի նկատմամբ, որը Տիգրան Սարգսյանի համար գոյություն չունի: Բայց նա մեղավոր չէ. այդ խորհուրդն իր պետով ամեն ինչ արել է այս տարիների ընթացքում, որ դառնան գործադիրի կցորդը, գրպանի թաշկինակը, եւ Տիգրան Սարգսյանը նրանց հենց այդ իմաստով էլ օգտագործում է: