Սպասվում է մեծ հանրահավաք` ուրանի հարցով

Սպասվում է մեծ հանրահավաք` ուրանի հարցով
Հակաուրանյան շարժման նախաձեռնողները Կապանում նոյեմբերի 11-ին, ժամը 17-ին սյունեցիներին  հրավիրում  են արտոնված հանրահավաքի։  «Ազատամարտ»  կոմիտեի  նախագահ  Խորեն Հարությունյանը նախաձեռնությունը  հակակառավարական  որակողներին հակադարձում  է։ «Ցույցը ոչ թե ընդդեմ կառավարության է, այլ ընդդեմ ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման»։ Բավական ակտիվ աշխատանքներ են իրականացվել մարզի համայնքներում։ Ըստ Խ. Հարությունյանի, մի  քանի  տասնյակ  կոլեկտիվներում  հանդիպումներ  են ունեցել։



Բացի այդ, սկսելու են մեքենաներով շրջել քաղաքում ու բարձրախոսով հայտարարել հանրահավաքի մասին։ Նպատակը  մեկն  է. այդ օրը  քաղաքի  կենտրոնը  պետք  է մարդաշատ  լինի։ Կազմակերպիչները համոզված են, որ Գորիսից, Սիսիանից, Մեղրիից, նույնիսկ մայրաքաղաքից են մասնակցելու հանրահավաքին։ Խորեն Հարությունյանը հերքեց նաեւ այն տեղեկությունները, որ նրան ճնշել են կամ ձերբակալել. «Նման բան չի եղել ոչ իմ, ոչ էլ նախաձեռնող խմբի անդամներից որեւէ մեկի նկատմամբ»: «Պետք է միասնական լինել ու միասնական պայքար ծավալել։ Դժվար չէ կռահել, որ քաղաքական  որոշ  ուժեր  փորձելու   են   հակաուրանյան  շարժման  ընթացքում մեծացնել  իրենց  ընտրազանգվածը»,-ասում է զրուցակիցս։ Վերջինս հուսով է, որ  հանրահավաքի  բոլոր  մասնակիցներն իրենց   քաղաքակիրթ  կպահեն  ու արտառոց ոչ մի պատահար չի լինի։