«Ռեպրեսիվ օրինագիծ»` գաղտնիության քողի ներքո

«Ռեպրեսիվ օրինագիծ»` գաղտնիության քողի ներքո
Հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը ԵԽ Վենետիկի հանձնաժողով է ուղարկել օրենսդրական նոր փաթեթ՝ փոփոխություններ ներկայացնելով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին», ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքում, Վարչական օրենսգրքում եւ «Բարեգործության մասին» օրենքներում: Ուշագրավ է, որ նոր օրինագիծը Վենետիկ են ուղարկել ոչ թե 1,5 տարի առաջ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի հեղինակները, այլ ՀՀ կառավարությունը: Նախագիծն ուղարկել է արդարադատության նախարարությունը:



Մեզ հետ զրույցում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ասաց, որ իրենք օրենքի հեղինակ չեն, հեղինակն է կառավարության աշխատակազմը, իրենք ընդամենը ուղարկել են օրինագիծը եւ առաջիկա օրերին ակնկալում են Վենետիկի պատասխանը: Պարզվեց՝ օրինագծի հեղինակը նաեւ ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչությունն է: Պետ Վարդան Ասցատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ սա առանձին օրինագիծ է եւ, իր կարծիքով, կապ չունի նախորդ տարի ԱԺ-ում 1-ին ընթերցմամբ ընդունված օրինագծի հետ:



Երեկ մեզ հետ զրուցած իրավապաշտպանները մտահոգված էին, որ օրինագծերը հնարավորություն են ստեղծում կրոնական հողի վրա քրեական հետապնդումներ իրականացնել: «Ընդհանուր առմամբ՝ սա պատժիչ ֆունկցիա ունեցող նախագիծ է, եւ ես հույս ունեմ, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները ճիշտ գնահատական կտան այս օրինագծին»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը՝ շարունակելով. «Նախնական տպավորությամբ, այս օրինագիծն առանձնապես չի տարբերվում նախորդներից, եւ շատ կետերում խստացում է գնացել: Առաջին մտահոգությունը գաղտնիության հետ է կապված, երբ այսքան աղմուկից հետո գաղտնի կերպով նոր օրինագիծ է ուղարկվել Վենետիկ, եւ որեւէ քննարկում տեղի չի ունեցել: Երկրորդ՝ փաստորեն, կառավարությունը նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը, եւ սույն օրինագծի հեղինակները առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի համահեղինակները չեն: Այսինքն՝ մենք կարող ենք սա դիտել որպես կառավարության քաղաքականություն»:



Իրավապաշտպանը համոզված է, որ «օրենքը նաեւ լայն քաղաքական օգտագործման համար շատ պիտանի կարող է լինել, որպես այլախոհների դեմ ռեպրեսիաների միջոց՝ այս կամ այն մարդուն աղանդավոր հայտարարելով»: «Այսինքն՝ այս օրենքը ոչ միայն կրոնական դաշտում է  գործելու, այլեւ այլ կարծիք ունեցողների»,-համոզված է իրավապաշտպանը: Այսպիսով՝ չնայած խղճի ազատության մասին նախորդ օրինագծերը բացասական գնահատականի արժանացան թե հայ իրավապաշտպանների, թե Վենետիկի հանձնաժողովի կողմից, մասնավորապես՝ առաջին անգամ Վենետիկը 36 առարկություն էր ներկայացրել նախագծի հետ կապված, երկրորդ անգամ՝ մոտ 20, ՀՀ կառավարությունը որոշել է առանց որեւէ նախնական քննարկման նախագծերը որոշակի ձեւափոխելով, կրկին Վենետիկի դատին ուղարկել:



Անհասկանալի է նաեւ, թե ինչու է «Զրպարտության մասին» օրենքի պարագայում ՀՀ կառավարությունը հայտարարում, թե ինքն ընդամենը ապաքրեականացնում է զրպարտությունը, իսկ այս պարագայում գնում է գործող օրենքի քրեականացման՝ քրեական պատիժներ է սահմանում զորօրինակ «հոգեորսության» համար, ինչն այդպես էլ հստակ չի ձեւակերպված: Մասնավորապես, ըստ նախագծի՝ հոգեորսություն է համարվում «անհատի կրոնական համոզմունքները փոխելուն միտված ուղղակի կամ անուղղակի քարոզչության փորձը, որով... չարաշահվում է անհատի փորձառության պակասը»:



Դրա համար քրեական օրենսգրքում առաջարկվում է 162-ի 1 հոդված մտցնել, որով հոգեորսության համար սահմանվում է քրեական պատիժ՝ կես մլն-ից մինչեւ 1 մլն դրամի չափով կամ մինչեւ 3 ամիս կալանք, կամ էլ մինչեւ 3 տարի ժամկետով մասնագիտական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում: Նաեւ քարոզչություն է համարվում ցանկացած հոգեւոր տեղեկատվություն փոխանցելը՝ կլինի գրքույկ, բրոշյուր, թե սկավառակ: Փոխարենը օրինագծով քարոզչության մենաշնորհ է տրված Հայ առաքելական եկեղեցուն:



«Ենթադրենք Վենետիկի հանձնաժողովն ընդունեց, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի հասարակության համար դա ամենաընդունելի բանն է, կամ ենթադրենք Վենետիկի հանձնաժողովը մերժեց, մենք այդպես էլ չիմանա՞նք ինչը մերժեց, ինչու ընդունեց»,- կառավարության գործելակերպի առթիվ տարակուսանք հայտնեց ՀՀ կառավարության կրոնի ու ազգային փոքրամասնությունների վարչության նախկին պետ Հրանուշ Խառատյանը:



«Ստացվում է այնպես, որ ՀՀ քաղաքացիներն իրենց վերաբերող օրենքի մասին տեղեկանում են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կայքից: Ես կարծում եմ՝ ինքնին պրոցեսը արդեն իսկ կասկած է առաջացնում»,-գնահատական տվեց Հրանուշ Խառատյանը: Իրավապաշտպանների գնահատմամբ՝ օրինագծերում բավականաչափ խիստ  եւ անհամարժեք տուգանքներ ու պատիժներ են նախատեսվում: Մասնավորապես վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ավելացվել են 3 հոդվածներ, մանկապարտեզներում, դպրոցներում կրոնական քարոզչություն իրականացնելու դեպքում սահմանել կես միլիոն դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ 1 մլն դրամ: Հնարավոր է՝ աշխատավայրում մեկը մյուսի հետ կոնֆլիկտ ունենա եւ այդ հողի վրա մյուսին մեղադրանք առաջադրվի կրոնական քարոզչություն իրականացնելու համար, եւ այդ անձը հայտնվի մինչեւ մեկ մլն դրամ տուգանվելու վտանգի առաջ: Սահմանվել են նաեւ մի շարք այլ պատիժներ:



Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության ներկայիս պետ Վարդան Ասցատրյանը չափազանցված է հայտարարում իրավապաշտպանների մտահոգությունները՝ կրոնական հողի վրա հնարավոր քրեական հետապնդումների հիմքերի, մարդու իրավունքների եւ դավանանքի ազատության հետ կապված: «Ես իրենց էլ կարող եմ հասկանալ, իրենք էլ փորձում են այդ տեսակետը խստորեն պահպանել, բայց իրականում փորձել ենք օբյեկտիվ լինել»: Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ տվյալ օրինագիծն էլ կարող է բացասական եզրակացության արժանանալ Վենետիկի կողմից, Ասցատրյանը պատասխանեց. «Դե, կարող է լինել: Պիտի հիմնավոր տարբերակ լինի: Եթե կարողանանք հիմնավորել, կանցնի, եթե չէ՝ չէ»:



Պարզվում է՝ նոր օրինագիծը չի քննարկվել Հայաստանում գործող ոչ առաքելական եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի Հայաստանի ներկայացուցիչ Ռընե Լեոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք Վենետիկի հնանձաժողովի կայք-էջից են իմացել ՀՀ կառավարության նախագծի մասին: «2009 թ.-ին, երբ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ նոր օրինագիծ ընդունվեց խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին, մենք հանդիպումներ ունեցանք խորհրդարանում, եւ պայմանավորվածություն եղավ շարունակել քննարկումները, հաշվի առնել մեր առաջարկությունները: Այժմ՝ 1,5 տարի լռությունից հետո պարզվում է, որ կառավարությունը նոր նախագիծ է ուղարկում Վենետիկ՝ առանց որեւէ քննարկում կազմակերպելու այստեղ, թե իրավապաշտպանների, թե հետաքրքրված կրոնական կազմակերպությունների եւ եկեղեցիների հետ»,- տարակուսանք հայտնեց Ռընե Լեոնյանը՝ հավելելով. «Նախնական եզրակացությամբ, նոր օրինագծում որոշ փոփոխություններ կան, բայց ընդհանուր մտահոգությունները՝ կապված մարդու իրավունքների եւ խղճի ազատության հետ, շարունակում են մտահոգել մեզ»: