Թատրոնը տուժել է գեղխորհրդի ստեղծումից

Թատրոնը տուժել է գեղխորհրդի ստեղծումից
Ավելի քան երկու տարի առաջ Սունդուկյանի անվան  թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին աղմուկ-աղաղակով հեռացրին՝ ստեղծելով գեղարվեստական խորհուրդ: Երեկ  թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանից հետաքրքրվեցինք, թե այդ փոփոխությունից հետո ինչ ձեռքբերումներ է գրանցել թատրոնը գեղխորհրդի օրոք: Ստեփան Դավթյանը չհերքեց, որ մշակույթի նախարարի նորամուծությունը բացասական ազդեցություն է ունեցել մայր թատրոնի ստեղծագործական կյանքի վրա:



«Փոփոխությունից ես տուժել եմ, որովհետեւ ինձ օդի պես անհրաժեշտ է էն մարդը, որը պիտի զբաղվի գեղարվեստական ստեղծագործական հարցերով, որի բացակայության դեպքում ես բավականին դժվարությունների առաջ եմ կանգնում: Նույնիսկ, երբ փորձում եմ ստեղծագործական հարցերով քիչ մասնակցություն ունենալ, որ հանկարծ չսխալվեմ, ես դրա պրոֆեսիոնալ անձը չեմ: Փորձում եմ էս վիճակը պահպանել, բայց ասեմ՝ փոփոխությունը թատրոնի վրա էնպես է ազդել, որ մեր թատրոնը կանգնած է՝ էդպիսի բան չի եղել»:



Նա հավելեց նաեւ, որ առաջիկայում գեղարվեստական խորհուրդը վերացնելու են եւ նշանակելու են գլխավոր ռեժիսոր: Սակայն հավակնորդների անունները հրապարակելուց ձեռնպահ մնաց: Հիշեցնենք, որ գեղխորհուրդը գեղղեկավարով կամ գլխավոր ռեժիսորով փոխարինելու որոշումը դարձյալ տիկին Պողոսյանինն է: Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Հասմիկ Պողոսյանին պատրաստվում են պաշտոնանկ անել, եւ նա ամեն ինչ անում է, որ գնա մշակույթի ԾԻԳ-ի տնօրեն: