Վերջին մոհիկանը. Շահումյանցիները լքում են իրենց բնակավայրը (ֆոտոշարք)

Վերջին մոհիկանը. Շահումյանցիները լքում են իրենց բնակավայրը (ֆոտոշարք)
77-ամյա Գառնիկ Դադայանը  վերջին անգամ է Շահումյան ավանի իր ամառանոցում մեկ բաժակ օղի խմում։ Խմում է ու ափսոսանքով ասում, որ տունը քանդում են։ Ճիշտ է` «Դինո գոլդ մայնինգ քամփնին» փոխհատուցում տվել է, բայց մտածում է եղածը որպես շինանյութ վաճառելու մասին։ Ընկերությունը դեմ չէ: «Մեկ սենյականոց տուն եմ գնել քաղաքում, ես ու կինս ենք, գոհ եմ, ի՞նչ պիտի անեի փողը, պարզապես այգին չեմ կարա մշակեմ»,-ասում է նա:



«Դինո գոլդ մայնինգ քամփնին» նախատեսում է Շահումյանի բազմամետաղային հանքը շահագործել  բաց եղանակով: Սա, ըստ բնապահպանների, մեծ աղետ կլինի տարածաշրջանի համար:  Հանքավայրում արդեն   ընկերությունը սկսել  է  հետախուզական հորատման աշխատանքներ` ճշտելու համար օգտակար հանածոների պաշարների քանակը: Կկատարվեն  տեխնիկատնտեսական հաշվարկներ, որից հետո միայն պարզ կլինի  հանքավայրի բաց շահագործելու մասին:



Այս գործընթացը կտեւի մոտ  1,5 տարի: Չնայած նախագիծը դեռ չկա, չի ներկայացվել կառավարություն, բայց արդեն բնապահպաններն ուզում են նիրհից արթնացնել կապանցիներին: «Բա ուրանի պայքարը ոնց սկսեցինք, ոնց ենք պայքարում, նույնն էլ սրա դեմ ենք պայքարելու»,-ասում է Կապանի  «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: Ըստ վերջինիս, բաց հանքի շահագործման դեպքում պայթեցումների ու հորատումների փոշին ամբողջությամբ նստելու է հանքավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ոչ միայն Կապան քաղաքի, այլեւ հարակից՝ թվով 6 բնակավայրերի վրա:



Այս մասին Ա. Ավագյանը հայտարարեց հունվարի 21-ին` «Սոսի» հեռուստաընկերության «Մենք՝ մեր մասին» հաղորդաշարի ուղիղ եթերում, ինչին հակադարձեց «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի` կառավարության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը: «Ի՞նչ եք իմանում, որտեղի՞ց ձեզ այդ տեղեկատվությունը, մենք նույնպես դեռ չգիտենք ինչ ենք անելու, շահագործելո՞ւ ենք հանքը, թե՞ ոչ: Մի խեղաթյուրեք ժողովրդին»,-ասաց Ն. Աղայանը: Վերջինս հավաստիացրեց, որ երբ նախագիծը պատրաստ լինի, դնելու են հանրային քննարկման, որից հետո միայն կթույլատրվի հանքի շահագործումը:



Ժամանակին խիտ, մարդաշատ է եղել Շահումյան ավանը։ Նույնիսկ ամռան ամիսներին հովեկներ էին գալիս։ Չէին մտածում, որ օդը թունավոր  ու վտանգավոր է ապրելու համար։ Ամեն դեպքում, Գառնիկ Դադայանը  կարծում  է, որ վտանգավոր ոչինչ չկար։ «Կառավարությունը՝ ասում են, աղքատությունն է վերացնում, բա եղա՞վ: Հավ էի պահում, խոզ, կանաչի էի վարում, բաղ ու բոստան մշակում, մի քանի ընտանիքի էլ հասցնում: Հիմա կփակվեմ կվարտիրայի մեջ»,-ասում է ավանի վերջին մոհիկանն ու ավելացնում, որ սիրտը չի կտրվում այս ձորից: Էլեկտրաէներգիա  ու ջուր չկա, բայց ամեն դեպքում` «հլա գալու ա իրա դաչան, մինչեւ քանդեն»: Ի դեպ, ձեռնարկության տնօրինությունը թույլատրել է մինչեւ հետախուզական աշխատանքների ավարտը մշակել հողամասերը: